Նոր օրինագիծ

17/03/2011

ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» նոր օրինագիծ, որով սահմանում է հավաքների անցկացման հետ կապված չափորոշիչներն ու իրավական նորմերը: Ներկայումս զանգվածային միջոցառումները, այդ թվում` հավաքները կանոնակարգվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին» օրենքով: Նոր օրինագծով գործադիրը սահմանում է հավաք հասկացությունը. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»: Կառավարությունն իր այս նոր օրինագծի հետ միասին Ոստիկանության, Դատախազության, Անվտանգության ծառայության, տեղական ինքնակառավարման եւ այլ ոլորտների հետ կապված եւս 11 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ է ներկայացրել: Այս օրինագիծն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, եւ եթե այն ընդունվի, ապա ուժը կորցրած կճանաչվի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին «Հավաքների ազատության մասին» օրինագիծը կամ օրինագծերի այդ փաթեթը կառավարության նիստում ներկայացնելիս արժանացել էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի քննադատությանը: Վերջինս տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ պետք է եվրոպացի փորձագետները հուշեն արտակարգ իրավիճակներում ԱԱԾ աշխատակիցների գործողությունները: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ Գ.Հակոբյանի միջեւ բանավեճ էր ծավալվել: