Թատերական ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, ով նաեւ Պիտեր Բրուկի ասիստենտն է եղել, վստահ է, որ ստեղծագործական միջավայրի աշխուժացման համար շատ բան հարկավոր չէ. ընդամենը ցանկություն է պետք: Եթե դա եղավ, փողն ինքնաբերաբար կգտնվի: Լոնդոնում եւ Փարիզում աշխատած ռեժիսորը մեր թղթակցի հետ զրույցում շատ սիմվոլիկ օրինակ է բերել: «Երբ բրիտանացիները տեսան, որ պետբյուջեում բավարար գումար չկա արվեստի նախագծերը ֆինանսավորելու համար, նրանք պետական որոշում ընդունեցին եւ վիճակախաղ ստեղծեցին, որի ողջ եկամուտը տրամադրվեց «art council»-ին: «British lottery»-ն բացառապես արվեստին է ծառայում: Այդ քայլով բրիտանացիները կարողացան արվեստը զարգացնել` չծանրաբեռնելով պետական բյուջեն: Չէ՞ որ նվեր ստանալու, գումար շահելու ցանկությունը, միեւնույն է, չի կարող դուրս մղվել մարդկանց գիտակցությունից: Եվ ուրեմն, ինչո՞ւ չօգտագործել դա արվեստի շահերի համար: Նույն ճանապարհով գնաց Ֆրանսիան, որը ստիպեց հեռուստաընկերություններին ֆինանսավորել կինոն»,- ասել է նա: Հայաստանում, որտեղ կազինոներն ու վիճակախաղերը մեծ դերակատարում ունեն, դա անելը բարդ չէ: Պարզապես պետք է չստորադասել արվեստն ու ընդունել, որ հանրային եւ պետական շահերը կարող են համընկնել: