«Այսօր էլ շարունակվում են քննարկվել օրենքով նախատեսված` վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունները»,- երեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ակսել Ֆիշերին ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Համազեկուցողներն այս հարցը քննարկել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՀԱԿ առաջնորդի հետ նրանք խոսել են նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների հաստատման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրների մասին: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցերին: Քննարկվել են նաեւ ազատ եւ արդար ընտրությունների հետ կապված հարցեր, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, ՀՀ տնտեսությունում օլիգարխիկ եւ մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները: