Կամ-կամ

17/03/2011

Այսօր Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունենալու ՀԱԿ-ի հանրահավաքը, որը վճռական եւ կանխորոշող նշանակություն է ունենալու Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների համար: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ հանրահավաքի ավարտին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, կամ ընդդիմությունը Մատենադարանից ուղեւորվելու է Բաղրամյան փողոց եւ գրավելու է նախագահական նստավայրը: Խնդիրն այն է, որ նախորդ` մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած 15 կետանոց պահանջները եւ դրան հաջորդած իրադարձությունները ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը հայտնվել են փակուղում: Եվ այսօրվա հանրահավաքն ու դրան հաջորդելիք իրադարձություններն ընթանալու են «կամ-կամ» սկզբունքով: Եվ իշխանության, եւ ընդդիմության համար: Այսօրվա հանրահավաքը որպես ներկայացված պահանջների կատարման վերջնաժամկետ սահմանելով` Լ. Տեր-Պետրոսյանն արձանագրել է, որ դրանց չկատարման դեպքում պետք է անհապաղ սկսի շարունակական գործողություններ, ավելի պարզ ասած` ընդդիմությունը պետք է մնա հրապարակում` մինչեւ իշխանափոխության իրականացումը: Գրեթե բոլորը, այդ թվում` ՀԱԿ-ի շատ անդամներ, համոզված են, որ տրամաբանորեն այդ գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի Մատենադարանից երթով դեպի Ազատության հրապարակ շարժվելը: Թեեւ մինչեւ երեկ ՀԱԿ ղեկավարությունը չգիտեր, թե որն է լինելու հանրահավաքի հաջորդ քայլը: Եթե այսօրվա հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը մարդկանց փորձի ինչ-որ կերպ համոզել, որ ներկայացված 15 պահանջների «գոնե մի մասը կատարվել է», եւ կոչ անի տուն գնալ` մինչեւ հաջորդ հանրահավաքը, ապա խաչ կքաշի իր իսկ կողմից ստեղծված ՀԱԿ-ի վրա, քանի որ նման նշաձող սահմանելով եւ «տուն գնալով»` կհեղինակազրկվի այնպես, ինչպես ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը 2003թ.: Իշխանությունները ՀԱԿ-ի ներկայացրած 15 պահանջներից որեւէ մեկը, բնականաբար, չեն կատարել, եթե, իհարկե, ՀԱԿ-ը այդպիսիք չորակի նախագահ Ս. Սարգսյանի` անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները: Այսինքն` ՀԱԿ-ի գոյությունը շարունակելու համար այսօրվանից ընդդիմությունը պետք է մնա հրապարակում (որեւէ): Այլ տարբերակ, կարծես թե, չկա: Իսկ ի՞նչ կլինի, եթե ՀԱԿ ղեկավարությունը, ավելի ճիշտ` Լ. Տեր-Պետրոսյանը որոշի «վերանվաճել» Ազատության հրապարակը: Այս դեպքում փակուղային վիճակում կարող է հայտնվել իշխանությունը, ավելի ճիշտ` Ս. Սարգսյանը: Եթե ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի, կստացվի, որ անցած օրերին հնչած հայտարարություններն ու ոստիկաններին նրա տված հորդորներն ընդամենը քարոզչություն էին, եւ իշխանությունն իրականում որեւէ բանով չի փոխվել, ինչում փորձում է համոզել հասարակությանը: Բնականաբար, հնարավոր է նաեւ այն տարբերակը, որ հանրահավաքի մասնակիցներն «ինքնաբուխ», ՀԱԿ առաջնորդների կոչերին չհետեւելով` մուտք գործեն Ազատության հրապարակ, եւ Ոստիկանությունը նրանց նկատմամբ ուժ կիրառի: Այդ դեպքում ՀԱԿ ղեկավարությունը կարող է հայտարարել, որ ժողովուրդն արդեն չի ենթարկվում նաեւ ընդդիմությանը (ինչի մասին Լ. Տեր-Պետրոսյանն ակնարկել էր փետրվարի 18-ի հանրահավաքում) եւ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գնալ տուն` հաջորդ հանրահավաքում իշխանության բռնությունների մասին խոսելու վճռականությամբ: Մի խոսքով, այսօրվա հանրահավաքի արդյունքում ՀՀ-ում իսկապես փոփոխություն է տեղի ունենալու: Կամ իշխանափոխություն, կամ ընդդիմության փոփոխություն: