Պրեսկոտը բերել է Ֆիշերին

17/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ վերջապես Հայաստան այցելեցին ԵԽ ԽՎ մոնիտորինգի համազեկուցողները` Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Ընդ որում, վերջինս առաջին անգամ է այցելում Հայաստան: Նրանք հանդիպել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվական որոշ կազմակերպությունների ու հ/կ-ների ղեկավարների հետ: Հանդիպել են նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Համազեկուցողները Հայաստան են եկել տեղեկանալու, թե ինչպես է ընթանում Հայաստանի վերաբերյալ ԵԽ ԽՎ բանաձեւերի, մասնավորապես վերջին` 2009թ. ընդունված 1677 բանաձեւի պահանջների կատարումը: Բացի այդ, նրանք պետք է ծանոթանան ՀՀ քաղաքական դաշտի ներկայիս վիճակին: Երեկ համազեկուցողներն ԱԺ-ում հանդիպել են նաեւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ այդ բանաձեւում մտահոգություններ կային մեր երկրի ընտրական, Ոստիկանության, դատաիրավական համակարգերի հետ կապված, ինչպես նաեւ` «Ա1+» հեռուստաընկերության, խոսքի ազատության ու զանգվածային միջոցառումներ անցկացնելու հետ կապված խոչընդոտների վերաբերյալ: Մտահոգություն կար, որ մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը դրական արդյունք չի ունեցել, այսինքն` սպանության հեղինակները չեն բացահայտվել, որ դեռ ՀՀ բանտերում կան քաղբանտարկյալներ: Եվ համազեկուցողները երեկ հենց այս հարցերի մասին են խոսել իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն` ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը համազեկուցողներին տեղեկացրել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխության համար 11 կետից կազմված առաջարկ են ներկայացրել եւ շրջանառության մեջ են դնելու օրենսգրքի փոփոխման այլընտրանքային տարբերակ: Խմբակցությունն առաջարկներ ունի նաեւ հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերաբերյալ` կամայական ու տեխնիկական պատճառաբանություններով հանրահավաքներն արգելելու դեմ: Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խմբակցությունը գտնում է, որ նոր քննարկումների անհրաժեշտություն կա` 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ ասել է, թե համաներումը տարածվել է մարտի 1-2-ի դեպքերի համար կալանված բոլոր քաղաքացիների վրա` մի մասն ազատ է արձակվել, մի մասի պատժաչափը կրճատվել է: Նա ներկայացրել է նաեւ, թե արդարադատության համակարգում մեկնարկել են բարեփոխումներ: Դ.Հարությունյանի խոսքերով` Ոստիկանության ոլորտում կատարված փոփոխությունները դեռ հասարակության համար տեսանելի չեն, սակայն կատարվել են մի շարք կարեւոր քայլեր` «մարտի 1-երը» չկրկնելու համար: Նա նաեւ հայտնել է, որ առաջիկա քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել հանրահավաքների անցկացման մասին նոր օրենքի նախագիծ: Այսօր համազեկուցողները հանդիպումներ ու քննարկումներ կունենան ԱԺ մի շարք, այդ թվում` Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ, որոնց ընթացքում կծանոթանան մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման, լրատվական դաշտին եւ ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխություններին: Ըստ հաղորդագրությունների, երեկվա հանդիպման ընթացքում Ջ.Պրեսկոտը կարեւորել է ժողովրդավարական գործընթացներում ընդդիմության դերը: Նշել է, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան իրենց առաքելությունը եւ նպաստեն երկրի ժողովրդավարացմանը: Իսկ այդ ճանապարհին շատ կարեւոր է լավ ընտրական օրենսգիրք ունենալը: Համազեկուցողները հանդիպել են նաեւ ընտրական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի հետ: Իսկ այն գրել են հիմնականում իշխանության ներկայացուցիչները: Նախագիծն այժմ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության փուլում է: Լրատվական դաշտի ներկայացուցիչներից համազեկուցողները հանդիպել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ քննարկումներ են ունեցել, պարզապես ասաց, թե իրենց տպավորությամբ համազեկուցողներն ուզում են ՀՀ լրատվական դաշտի հետ կապված լուրջ զեկույց ներկայացնել: Նաեւ ավելացրեց, թե քննարկվել է Հանրային հեռուստաընկերության կարգավիճակն ու ձեւը, որը փոփոխության ենթակա է, «Ա1+»-ի` մրցույթում հերթական պարտվելու խնդիրը: «Նրանք որեւէ կարծիք չհայտնեցին, լսողի դերում էին, բայց իրենց հարցադրումներից ու վարվելաձեւից հասկացանք, որ մարտական են տրամադրված»,- ասաց պարոն Մովսիսյանը: Դ.Հարությունյանը համազեկուցողների ուշադրությունը հրավիրել է նաեւ ԵԽ ԽՎ-ում ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վրա` նշելով, թե այն վտանգում է խաղաղ բանակցությունների ընթացքը: Նա նաեւ նշել է, որ Վեհաժողովի նախագահի ջանքերի պատճառով հարցի վերաբերյալ հայկական պատվիրակության փաստաթղթերը չեն տարածվում: Դ.Հարությունյանն արդեն մեզ հետ հեռախոսազրույցում նաեւ տեղեկացրեց, որ համազեկուցողներն այս այցի հետ կապված իրենց զեկույցն ու գնահատականները կներկայացնեն մարտի 25-ին մոնիտորինգի նիստի ժամանակ: Նրա կարծիքով` արդեն ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվի: Չի բացառվում, որ այն կքննարկվի ամառային նստաշրջանում: