«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում, արդեն երկրորդ գիշերն է, անժամկետ հացադուլ է անցկացնում, ինչպես ինքն է բնութագրել` ազատության ծոմը: Երեկ Ազատության հրապարակում էին հավաքվել նրա մոտ երկու հարյուր կուսակիցներն ու համակիրները: «Ժառանգության» առաջնորդը երեկ ասաց, թե դժվար գիշեր է անցկացրել, բայց քանի որ այցելուներ է ունեցել, այն ավելի հեշտ է անցել: Ր.Հովհաննիսյանին պարբերաբար այցելում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները` երեկ այնտեղ էին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը եւ ՀԱԿ-ի այլ ակտիվիստներ: Եկավ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Տարբեր գործիչներ տարբեր մեկնաբանություններ են տալիս Ր.Հովհաննիսյանի բողոքի այդ ակցիային: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն, օրինակ, երեկ թեեւ ողջունել է, սակայն շատ ռիսկային ու արմատական է համարել նրա այդ քայլը: «Եթե պահանջ ես դնում ու վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող է հայտնվես դժվար վիճակում»,- ասել է նա: Նույն կարծիքին էր նաեւ Ա.Կարապետյանը, ով եկել էր այդ մասին անձամբ Ր.Հովհաննիսյանին ասելու: Վերջինս նաեւ հիշեցրեց, որ բանտերում քաղբանտարկյալները նույնպես հացադուլ էին հայտարարել, բայց դա արդյունք չտվեց: Ա.Արզումանյանը «լավ քաղաքացու կողմից խիզախ քայլ» որակեց այդ հացադուլը եւ հայտարարեց, թե ցանկացած նման ակցիա անպայման որոշակի արդյունք ունեցել է: Ր.Հովհաննիսյանին իր զորակցությունն է հայտնել անգամ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն ու այդպես շարունակ: Իսկ Ազատության հրապարակը երեկ նույնպես լցված էր տարբեր տեսակի ատրակցիոններով ու մանկական մեքենաներով: Երեկ նույնիսկ դրանց քանակն ավելացել էր: Ու ներկաների հավաստմամբ, այդ խաղերն աստիճանաբար տեղափոխվում էին հրապարակի այն հատվածը, որտեղ գտնվում էին Ր.Հովհաննիսյանն ու նրա աջակիցները: Իսկ գիշերը ոստիկաները թույլ չեն տվել ոչ միայն վրան խփել հրապարակում, այլ խոչընդոտել են տեղափոխվել հրապարակի մյուս հատված: Ի դեպ, երեկ օրվա երկրորդ կեսին արդեն խոսակցություններ էին շրջանառվում, թե ոստիկանները գիշերը կամ այսօր Ր.Հովհաննիսյանին թույլ չեն տա մնալ Ազատության հրապարակում, կհեռացնեն, որովհետեւ երեկոյան տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը: Եվ չի բացառվում, որ հանրահավաքից հետո, երթի ժամանակ մասնակիցները ցանկություն ունենան մտնել հրապարակ: Ի՞նչ է անելու պարոն Հովհաննիսյանը, եթե ոստիկաններն իրեն թույլ չտան այդտեղ մնալ: «Էս կյանքում ես ոչ մի բան չեմ բացառում, բայց իրենք էլ թող չբացառեն իմ ցանկացած քայլը այդ դեպքում»,- երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց նա:
Այնուամենայնիվ, երեկ Ր.Հովհաննիսյանի շնորհիվ Ազատության հրապարակը նորից բազմամարդ դարձավ, թեպետ ոչ այնքան, որքան 3 տարի առաջ էր: Բացի այդ, անցած 3 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները Ր.Հովհաննիսյանից բացի, ընդդիմադիր ոչ մի գործչի թույլ չեն տվել մտնել այդ տարածք: Երեկ փորձեցինք պարոն Հովհաննիսյանից ճշտել, թե բողոքի այդ ակցիայով` ազատության ծոմով, կոնկրետ ինչ պահանջներ է ներկայացնում իշխանություններին եւ ինչ ակնկալիքներ ունի նրանցից:
– Քաղաքացիական այս ահազանգն ամփոփում է համաժողովրդական պահանջը: Բոլորս գիտենք, թե ինչ մեծ սխալի մեջ ենք ապրում, գիտենք, թե պետությունն ինչ անդունդի առջեւ է կանգնած, ուստի իմ ակնկալիքը երկու ուղղությամբ է հղված: Մեկը` գործող իշխանություններին, ովքեր սառը դատողության եւ խղճի մի փոքր պաշարի դեպքում կհասկանան, որ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում: Եվ իրավունքի վերականգնումը նշանակում է ոչ միայն նոր ընտրություններ, իհարկե, դրանք կարեւոր ձգան են, բայց ենթադրում է նաեւ ազատ արտահայտվելու, հրապարակի, հացի եւ այլ իրավունքներ: Ես ակնկալում եմ, որ այդ գիտակցությունը կլինի, եւ մենք կհասնենք բովանդակային նոր վիճակի: Կարծում եմ, որ այս իշխանությունները փաստել են, որ առանց անցյալի սխալների, ընտրական սխալների սրբագրման եւ առանց կեղծիքի ուղղման` գրեթե անհնար է փոխել աղքատացումը, գնաճը, արտագաղթը: Սրանք մեկը մյուսի հետ կապված բաներ են: Կարծում եմ, որ այստեղ համապարփակ, համալիր լուծումների անհրաժեշտություն կա: Վերջին հուշագիրն ինձ հուշեց, որ պետությունը վերածվում է կուսակցապետության, իսկ դա արդեն չարիք է նույն կուսակցությունների համար: Եվ երկրորդ ակնկալիքս հասարակությունից է: Որքան ունենաս լավ ընտրություններ` արտահերթ կամ հերթական, որքան ունենաս լավ պաշտոնյաներ, ովքեր կարող են բարեփոխումներ անել, եթե հասարակությունն` ինքը, պատկան չէ պետությանը, չի հավատում իրավունքի իր տիրությանը, եթե տներից գիտակցելով երկրի ողջ սխալը` չի մասնակցում այդ իրավատիրության դաշտի ստեղծման համատեղ աշխատանքին, ոչ մի իշխանություն` որքան էլ լեգիտիմ, ոչ մի ընտրություն` որքան էլ արդար, չի կարող փրկել հասարակության վիճակը: Դրա համար ես ակնկալում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կլինի հասարակական վերանայում, եւ միգուցե 10-15 օր անց երեւա որակյալ փոփոխություն, եթե ոչ գործող իշխանության մոտ, գոնե հասարակության կազմակերպման դեպքում: Հասարակությունը, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն ինքնազրկանքի, եթե մենք ուզում ենք ստեղծել մեր երկիրը: Այս երկու ակնկալիքներն ունեմ, դուք կարող եք ասել` պահանջները:
– Իշխանափոխության պահանջ ներկայացնո՞ւմ եք:
– Իմ նախաձեռնությունը, կարծում եմ, ամփոփում է այդ պահանջը, որը վաղուց ձեւավորվել է: Մեր կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի որոշման մեջ հստակ գրված էր, որ «Ժառանգությունը» պիտի շարունակի իր պայքարն ամբողջ իշխանության նորովի եւ արտահերթ ձեւավորման համար: Այո, ամբողջ իշխանության փոփոխություն արտահերթ եղանակով, եւ դա անել ԱԺ ամբիոնից` մինչեւ հրապարակ:
– Իսկ այսօր կմասնակցե՞ք ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին:
– «Ժառանգությունը» միշտ մասնակցել է հանրային ամենատարբեր միջոցառումներին` նվիրված մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ազգային խնդիրներին, անկախ նրանից` նախաձեռնողը եղել է ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, թե հասարակական այլ կազմակերպություն: Չեմ կարծում, որ այսօր բացառություն կլինի, կարծում եմ` մեր անդամները կմասնակցեն: Ես միտք չունեմ մինչեւ այս ազատության ձոնի ավարտը հեռանալ Ազատության հրապարակից: Ազատության հրապարակը պատկանում է ինձ, ձեզ եւ բոլորին, որովհետեւ մեր անկախության, ժողովրդավարության խորհրդանիշն է: Երեխաներն իրավունք ունեն զվարճանալու, բայց մի ուրիշ տեղ կարող են դա կազմակերպել: Այս հրապարակի պատմական նշանակության եւ ժողովրդի տան ճարտարապետության դիմաց գրեթե արհամարհանք է այս իրավիճակը:
– Ձեր կարծիքով` այս ծոմապահության արդյունքում Ձեր ակնկալիքները կկատարվե՞ն, հատկապես, երբ վերջին մի քանի տարիներին հասարակության ու Ձեր կուսակիցների կողմից տարբեր ակնկալիքներով բողոքի բազմաթիվ ապարդյուն ակցիաներ են անցկացվել:
– Ես հույս ունեմ, որ քաղաքական հիմնական ուժերը կվերագնահատեն իրավիճակը, թե ինչու քաղաքական արդյունք մենք միասին չենք կարողացել կնքել: Ես կարծում եմ, որ եթե հասարակական գործունեության, իրավատիրության դաշտի ուղղությամբ ես այս իմ փոքր ծոմով կկարողանամ 100 մոմերից 1-ը վառել, երջանիկ քաղաքացի կլինեմ:
– 2013թ. նախագահական ընտրություններին առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
– Ես չեմ հիշում, որ նման ցանկություն արտահայտած լինեմ: Կարծում եմ, որ պետք է այս արտակարգ իրավիճակը հաղթահարենք, նոր մտածենք ընտրությունների մասին: Ներկա դրությամբ ընտրությունները գրեթե անիմաստ են դառնում, եթե այսօրվա արտակարգ տագնապն իր արտակարգ հանգուցալուծումը չգտնի: Այս իշխանության փոփոխությունը պետք է լինի մինչեւ Ձեր ասած 2013թ. հերթական ընտրությունները: Հիմա, գործող նախագահի եւ կոալիցիոն երեք կուսակցապետերի վերջին դիրքորոշմամբ, ես կարծում եմ, որ այդ կերպ կամ կլինի ապարդյուն, կանխորոշված, կամ էլ` խիստ պայթյունավտանգ, եւ այդ 2 հնարավորություններն անընդունելի են ու պետք է կանխվեն:
– Իսկ եթե Ձեր այս հացադուլը որեւէ արդյունք չտա Ձեր ակնկալիքների առումով, ի՞նչ եք անելու: Գործողությունների հետագա ծրագիրն ունե՞ք:
– Ես կարծում եմ, որ արդեն ինչ-որ բան եղել է եւ լինում է, նոր բաներ կլինեն: Բայց դա իմ որոշմամբ չպիտի գրանցվի որպես առարկայական ճշմարտություն: Եթե փոփոխություններ չլինեն, կշարունակեմ իմ ազատության ծոմը, եւ կտեսնենք, թե ինչ զարգացում կստանա հրապարակը, ինչ կասի դրա մասին Հայաստանի ժողովուրդը եւ հասարակությունը:
– Իշխանական դաշտից կարծիքներ հնչեցին, թե հիմա քանի որ պահքի շրջանն է, Դուք օգտակարը համատեղել եք հաճելիի հետ:
– Եթե դա ամբողջ իշխանության կարծիքն է, ապա բոլորին հրավիրում եմ այս գիշեր Ազատության հրապարակ` ինձ հետ միասին թեկուզ մի գիշեր ծոմ պահելու համար: Հետո իրենք արդեն կարող են հաստատել իրենց տպավորությունը, որ սա հաճույքի՞ց է դրդված` կամ փոխեն իրենց կարծիքն ու միգուցե հասկանան, թե մեր ժողովուրդն ինչ է պահանջում: Հարգում եմ պարոն փոխխոսնակին ու նրա տեսակետը: Բնավ հաճելի չէ սա, բայց հաճելի կլիներ, եթե ինքը գար եւ միանար ինձ այս գիշեր: