Անուղղելի լավատեսները

17/03/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն իշխանություններն են լավատես (կամ՝ փորձում են լավատես լինել), այլեւ մասնավոր ֆինանսական հատվածի ղեկավարները։ Այս մասին պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք «ԱՐԿԱ» գործակալության անցկացրած հարցումը ֆինանսիստների շրջանում՝ կապված 2011 թվականի հեռանկարների հետ։

Լավատեսությունն, իհարկե, լավ բան է, սակայն չափից դուրս լավատեսությունն արդեն կասկածելի է։ Ճիշտ է՝ Հայաստանի ֆինանսական ոլորտը մյուս ոլորտների համեմատ ավելի զարգացած է եւ գտնվում է ավելի կայուն վիճակում, սակայն խնդիրներ այստեղ էլ կան։ Նախ` սկսենք բանկերից։ 2009 թվականը, ինչպես հիշում եք, ճգնաժամային տարի էր։ Ու չնայած իշխանությունների ջանքերին, մեր ֆինանսական համակարգը միջազգային հանրության կողմից այդպես էլ չընկալվեց` որպես «կայունության նավահանգիստ», ֆինանսներն էլ չհոսեցին այնտեղ։ Այսինքն, մեր ֆինանսական համակարգում լուրջ ցնցումներ՝ փլուզումներ ու սնանկացումներ, չեղան, սակայն այս ոլորտը նույնպես չխուսափեց ճգնաժամի բացասական հետեւանքներից. բանկերի եկամուտները նվազեցին։ 2010 թվականին արձանագրվեց թեկուզ փոքր, բայց աճ։ Սակայն դատելով հարկային ցուցանիշներից՝ բանկային ոլորտը այդ աճը չի զգացել։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե ընկերությունը (եւ ընդհանուր առմամբ` ոլորտը) աճում է, ապա պետք է աճեն նաեւ վճարված հարկերը։ Մասնավորապես՝ ուղղակի հարկերը, որոնց մեջ մտնում է շահութահարկն ու եկամտահարկը։ Սակայն թվերն այլ բանի մասին են խոսում։ Խոշոր հարկատուների ցանկում ներառված հայաստանյան 20 առեւտրային բանկերը 2009 թվականին (ճգնաժամային տարում) 3.8 միլիարդ դրամով ավելի շատ հարկ են վճարել, քան ետճգնաժամային 2010 թվականին (տես աղյուսակը)։

Մասնավորապես, ուղղակի հարկերի դեպքում՝ 2010թ. նվազումը կազմել է 26%։ Հատկանշական է այն, որ աղյուսակում ներկայացված 20 բանկերից 11-ը նվազեցրել են վճարած հարկերը։ Մինչդեռ հարցմանը մասնակցած բանկերի 100%-ը հավաստիացրել է, որ 2011թ. շրջանառությունը կմեծանա եւ աշխատողների աշխատավարձերը կբարձրանան։ Ինչ վերաբերում է շահութաբերության աճին, ապա բանկիրների միայն 8%-ն է ասել, որ դա տեղի չի ունենա։

Միգուցե բանկիրները լավատեսության հիմքեր իրոք ունեն։ Եռամսյակային կտրվածքով հերթական ցուցանիշները մենք կունենանք մեկ ամսից։ Սակայն գնաճի բարձր ցուցանիշը եւ դրամավարկային քաղաքականության խստացումն առայժմ միայն տխուր եզրակացությունների հիմքեր են տալիս։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնելու է վարկերի թանկացմանն ու վարկավորման ծավալների կրճատմանը։ Այդ մասին բանկիրներն իրենք էլ են նշում։ Ուշագրավ է նաեւ հետեւյալ հանգամանքը, որ «սպասվո՞ւմ է արդյոք ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիք» հարցին միայն 46%-ն է բացասական պատասխան տվել։ 54%-ը դժվարացել են պատասխանել։ Այսինքն՝ հայաստանյան բանկիրների կեսից ավելին վստահ չէ համաշխարհային տնտեսական զարգացումների հարցում, բայց 100%-ով համոզված է, որ իրենց բանկի գործերը լավ են լինելու։ Բանկիրների միջինացված լավատեսության ինդեքսը կազմել է +86.5։

Վարկային կազմակերպությունների մասին մանրամասն չենք խոսի, քանի որ նրանց դերը տնտեսության մեջ շատ թույլ է։ Միայն նշենք, որ նրանք լավատեսությամբ զիջում են բանկերին։ Վարկային կազմակերպությունների լավատեսության ինդեքսը +54.4 է։

Իսկ ամենալավատեսը ապահովագրական ընկերություններն են։ 2011 թվականի ընթացքում կաճի՞ շրջանառությունը, կաճի՞ շահութաբերությունը, կբարձրանա՞ աշխատակիցների վարձատրությունը, կշատանա՞ն հաճախորդները. այս բոլոր հարցերին հարցման մասնակից անխտիր բոլոր ապահովագրական ընկերությունները տվել են դրական պատասխան։ Լավատեսության 100%-անոց ինդեքսը «փչացրել» է միայն ճգնաժամի երկրորդ ալիքին վերաբերող հարցը։ Թեպետ այստեղ էլ ապահովագրողները մյուս ֆինանսիստներից ավելի լավատես են։ Հարցման մասնակիցներից ոչ ոք վստահ կարծիք չի հայտնել, որ ճգնաժամը կկրկնվի, 67%-ը բացառել է երկրորդ ալիքի հնարավորությունը, իսկ 33%-ը դժվարացել է պատասխանել։

Ապահովագրողների ոգեւորությունը հասկանալի է. նախորդ տարվա վերջին կառավարությունը նրանց հիանալի նվեր մատուցեց՝ ներդնելով ԱՊՊԱ-ն եւ մի քանի անգամ մեծացնելով այս ոլորտի ընկերությունների շահութաբերությունը։ Սակայն մեքենաների թիվը մեր երկրում սահմանափակ է, եւ եթե որեւէ ընկերություն զգալիորեն ավելացնի հաճախորդների թիվը, ապա դա անխուսափելիորեն լինելու է մյուս ընկերությունների հաշվին։ Բացի այդ, վարորդներն արդեն գտել են ապահովագրողներին «գցելու» ձեւերը, ինչի մասին վերջերս սկսել են սրտի ցավով խոստովանել հենց իրենք՝ ապահովագրողները։ Եթե ապահովագրական ընկերություններն այսքանից հետո վստահ են, որ իրենց շահութաբերությունն աճելու է, ուրեմն՝ կարելի է միայն նրանց նախանձել։