Բարոզոն ողջունում է

17/03/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Ժոզե Մանուել Բարոզոն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առեւտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաեւ` կառուցվածքային եւ վարչական կարողությունների ուժեղացմանը»: Նա աջակցություն է հայտնել Հայաստանին` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ընդգծելով, սակայն, որ Հայաստանը պետք է հարգի իր հանձնառությունները` «քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու եւ ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԵՄ-ն հարեւան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան եւ փակ սահմանները երկու երկրների միջեւ` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը: Թուրքիան եւ Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով եւ երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները: ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարեւանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն եւ կառուցողական կլինեն»: