«Խաղացողը» ժողովո՞ւրդն է

17/03/2011

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեի երեկոյան վարչության նիստ է գումարել, որտեղ որոշում է ընդունել հետագա անելիքների վերաբերյալ: Կուսակցության վարչության անդամ Ռուբեն Հակոբյանն ու Ստյոպա Սաֆարյանը երեկ նաեւ հայտարարել են, որ կուսակցության վարչությունն «ամբողջությամբ» աջակցում է իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ սկսելու քայլին: Հովհաննիսյանը, իր կուսակիցների պնդմամբ` այդկերպ ահազանգում է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Իսկ այդ վիճակից դուրս գալու ելքերը, կուսակցության վարչության ներկայացուցիչների համոզմամբ, երեքն են: Առաջին. «Ժառանգության» վարչությունն իշխանությանն առաջարկում է իսկապես գնահատել ստեղծված իրավիճակի հետեւանքը եւ նախաձեռնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Երկրորդ ելքն այն է, որ ընդդիմությունն անսա հասարակության պահանջին, համախմբվի, միասնական օրակարգ ձեւավորի եւ իրականացնի իշխանափոխություն: «Այսօր ընդդիմադիր տրամադրությունը հասարակության մեջ բավարար է, որպեսզի իրականացվի իշխանափոխություն»,- պարզաբանել է Ռուբեն Հակոբյանը: Իսկ երրորդ ելքը սոցիալական բունտն է, որը կարող է անկառավարելի վիճակ ստեղծել երկրում եւ ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Բավական զավեշտալի է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի արձագանքը Ր. Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու քայլին: Պարզվում է` Ա. Մանուկյանն այն ողջունում է` համարելով համարձակ քայլ, սակայն նաեւ խոստովանել է, որ ինքը նման քայլի չէր դիմի: «Դժվար լուծելի պահանջներ ներկայացնելով` Հովհաննիսյանը կարող է հայտնվել դժվար վիճակում: Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ ու ռիսկային քայլ է, ես չէի անի»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «ՀԱԿ-ը ո՛չ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ Մատենադարանն է սեփականաշնորհել: Մենք ժողովրդի ցանկություններին եւ պահանջներին համընթաց քայլող քաղաքական ուժ ենք եւ ողջունում ենք բոլոր նմանատիպ գործունեություն իրականացնող քաղաքական ուժերին: Մենակ չխաբեն մարդկանց, Գեղամյան ու Արթուրիկ չլինեն»: Իսկ հարցին, թե ՀԱԿ-ը արդյոք կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նա պատասխանել է, թե իրենք Ր. Հովհաննիսյանին աջակցում են քաղաքական «հայտարարություններով»:

Հարցին, թե ի՞նչ է անելու ՀԱԿ-ը այսօր կայանալիք հանրահավաքին, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Հիմնական խաղացողը ժողովուրդն է լինելու, իսկ այդ ժողովուրդը կազմակերպված է, ապակի ջարդող չէ, հաց գողացող չէ»: