Մինչ ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը կհրապարակի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում անցկացված ստուգումների արդյունքները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ նամակ է ուղարկել Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանին: ԱԺ պատգամավորը նամակում անդրադարձել է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում կատարված միջադեպին՝ մասնավորապես ընդգծելով դպրոցի աշակերտների իրավունքների ոտնահարման մասին: «Այսօր հասարակության մեջ քաղաքացիական կեցվածքի պակասորդ կա, եւ հետեւանքն այն է լինում, որ մեր երկիրը կորցնում ենք, քանի դեռ հասարակությանը չենք մատակարարում նոր անհատներով»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Բախշյանը՝ մեջբերելով տարիներ առաջ Վարդգես Պետրոսյանի՝ «Անտա՞ռ, թե՞ գազոն» հրապարակախոսությունը: Աժ պատգամավորը Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի կրթությունը համեմատեց գազոնի հետ, որի առաջացմանը նպաստեցին նաեւ Կրթության պետական տեսչության տեսուչները: Վերջինս նաեւ խոսեց Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի մասին, որը 1993թ. վավերացրել է նաեւ Հայաստանը: Ընդ որում՝ այդ կոնվենցիայի հիման վրա օրենք գրվեց եւ ընդունվեց: Հիշեցնենք, որ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանի միջոցով բացվեց այդ դպրոցում տիրող բարոյահոգեբանական, մեղմ ասած՝ հիվանդ մթնոլորտը: 14-ամյա տղան մեր նախորդ հրապարակումներում պատմեց, թե դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանն ինչպես է իրեն հարվածել, ճանկռել եւ հայհոյել: Ընդ որում՝ աշակերտի եւ տնօրենի նման միջադեպի պատճառը նախորդ տարի հոկտեմբերին աշակերտներից մեկի հասցեին հնչած վիրավորանքին արձագանքելն էր: «Մի աղջիկ էրեխու ասել էր՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- պատմել է Ա. Հարությունյանը: Հիշեցնենք նաեւ, որ Սուսաննա Նազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է տվել սույն տնօրինուհուն: Իսկ ինչ վերաբերում է Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումներին, դպրոցի երեխաները խոսեցին դժգոհությամբ: Աշակերտները եւ նրանց ծնողները, ի պաշտպանություն 14-ամյա տղայի, նամակ էին հասցեագրել նախարար Աշոտյանին: Երեխաների փոխանցմամբ՝ օրեր անց նամակի պատճենները հայտնվել էին դպրոցի կոլեկտիվի ձեռքին: Աշակերտները հանգամանորեն պատմեցին նաեւ տեսուչների կողմից անցկացված հարցաքննության մասին՝ նշելով, որ իրենք ստել են տեսուչներին, քանի որ վերջիններս, ըստ երեխաների, «Նազարյանի» մարդիկ էին, ովքեր գաղտնի ձայնագրում էին: «Մասնավորապես այդ դպրոցը կրթության կազմակերպման իր այսօրվա իրականությամբ Հայաստանը կործանման է տանում: Եվ այդ պատասխանատվությունն ընկնում է տնօրենի վրա: Եվ, ի դեմս նրա նման տնօրենների, մենք չպետք է թույլ տանք, որ իրենք հասարակությունը վերածեն գազոնի,- նշեց ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը՝ ավելացնելով,- Որոշեցի նամակ ուղղել ՄԻՊ նորանշանակ պաշտպան, երիտասարդ Կարեն Անդրեասյանին: Վերջինս երեւի 15 տարի առաջ այդ պատանիների տարիքին է եղել, եւ կուզենայի՝ մի պահ իրեն պատկերացներ այդ երեխաների վիճակում՝ ի՞նչ կզգար: Իրեն ավելի հեշտ է հիշելը, քան ինձ: Կախված այն հանգամանքից, թե ինքն ինչպես կպաշտպանի երեխաների իրավունքները, ես կհամարեմ, որ ինքը քննություն է տվել՝ կամ կկտրվի, կամ՝ ոչ»: