Հասարակությանը ալեկոծած վերջին օրերի նորություններից մեկը` Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Բենտլի» անունով շատ թանկարժեք ավտոմեքենա է գնել: Ինձ դա չզարմացրեց: Զարմանայի կլիներ, եթե Նավասարդ սրբազանն, ասենք, իր հեղինակած «Հոգեւորականը եւ Աստծո պատվիրանները» գրքի շնորհանդեսը կազմակերպեր, կամ իշխանություններին դիմեր քաղաքացիների հանդեպ ցանկացած տեսակի բռնությունը բացառելու կոչով, քանի որ բռնությունը հանցանք է ոչ միայն հասարակության հանդեպ, այլ նաեւ մեղք է Աստծո դեմ:
Իհարկե, լավ կլիներ, եթե այս բարձրաստիճան հոգեւորականն իր կենցաղում համեստության օրինակ ծառայեր, ոչ թե հաճախակի դառնար տարբեր ասեկոսեների գլխավոր հերոսը (չեմ ցանկանում թվարկել պարոն Կճոյանին վերաբերող բազմաթիվ սկանդալային պատմությունները): Բայց դատավորը ես չեմ: Ի վերջո, մարդը անկատար է, թույլ եւ մեղավոր, իսկ հոգեւորականը, նույնիսկ, եթե նա Առաքելոց եկեղեցու ամենամեծ թեմն է գլխավորում, նույն այդ մարդ-արարածն է: Ու եթե այդպիսի արարքներով նա Աստծուն է բարկացնում, Աստված էլ նրան կպատժի:
Այս պատմության մեջ ինձ այլ բան է մտահոգում: Այն է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ եւ ունենում են Հիսուսի պատվիրանները ոտնահարող սրբազանի արարքները:
Փորձեմ շարադրել մի քանիսը:
1. Լսելով բարձրաստիճան հոգեւորականի անբարո արարքների մասին, հայ քրիստոնյան «խռովում է» Հայ Առաքելական եկեղեցուց: Յուրաքանչյուր ազնիվ մարդ կարող է ինքն իրեն հարց տալ. «Իսկ ինչո՞ւ պետք է մտնեմ այս եկեղեցի, եթե նրա սպասավորը, մոռանալով իր առաքելության մասին, թաղվել է երկրային հաճույքների մեջ»:
2. Հայը (լինի դա մեր երկրի քաղաքացի, թե սփյուռքահայ) սկսում է ընդհանրացնել կատարվածը: Երկու-երեք եկեղեցականների արարքներով նա դատում է ամբողջ եկեղեցու եւ հոգեւորական դասի մասին: Արդյունքում` հիասթափվում է, սկսում է կորցնել հավատքը:
3. Հիասթափվածների մի մասը սկսում է կատարյալ եկեղեցի փնտրել (բայց կատարյալ եկեղեցի չկա եւ չի կարող լինել), համալրում է տարբեր աղանդները, կարող է եւ դավանափոխ լինել:
4. Ոմանք սկսում են եկեղեցու, եկեղեցական ներկա բարքերի եւ հոգեւորականների մոլի քննադատներ դառնալ: Այդպիսով, թուլանում են մեր եկեղեցու դիրքերն ու հեղինակությունը:
5. Ինչպես ասում են` վատ օրինակները վարակիչ են: Եվ, համոզված եմ, կգտնվեն երիտասարդներ, ովքեր ձգտելու են ճեմարաններն ավարտելով` հոգեւոր դասին կարգվել ոչ թե Աստծուն եւ հավատացյալ ժողովրդին ծառայելու, այլ կենցաղային խնդիրները լուծելու, շքեղ կյանքով ապրելու, եթե ոչ` «Բենտլիի», ապա գոնե մի «Մերսեդեսի» ղեկին նստելու համար:
6. Կարծում եմ, որ ցանկացած այդպիսի արարք կրճատում է հօգուտ եկեղեցու հանգանակությունները: Ոչ բոլորը կցանկանան գումարներ տրամադրել եկեղեցուն, եթե կասկածեն, որ հանգանակությունների ինչ-որ մասը գնում է որոշ տերտերների համար աշխարհիկ խրախճանքներն ապահովելուն:
Ուրեմն, խնդրեմ, ասացեք, ո՞վ է ավելի շատ թուլացնում մեր եկեղեցու հիմքերն ու հեղինակությունը: Եհովայի վկանե՞րը, սատանայականնե՞րը, «ջհուդամասոնական շպիոննե՞րը», թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը, թե՞ որոշ (փառք Աստծո, թվով դեռ շատ քիչ) «հոգեւորական օլիգարխները»:
Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ
www.mediamax.am