Սեյսմոլոգիական զենք. հեքիաթներ եւ զուգադիպություններ

17/03/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Կան մի քանի թեմաներ, որոնց մասին համապատասխան ոլորտների մասնագետներն ու փորձագետները ոչ պաշտոնական մթնոլորտում հաճախ են խոսում հաճույքով եւ ժպիտով` ակնարկելով, թե ավելին գիտեն, սակայն հենց որ գործը հասնում է պաշտոնական հարցազրույցին, հրաժարվում են կամ խոստումներ տալիս, որոնք այդպես էլ չեն կատարում: Այդպիսի թեմաներից մեկը սեյսմոլոգիական զենքն է:

Այսօր իրավիճակն այսպիսին է. ռազմական հարցերով լուրջ փորձագետների, գեոֆիզիկայի եւ այլ գեո-գիտությունների ոլորտի մասնագետների կիսատ-պռատ խոսքերից ու կիսատ ակնարկներից կարելի է ենթադրել, որ գերտերությունները կարող են տիրապետել այնպիսի միջոցի, ինչը կարող է երկրաշարժ առաջացնել, այսպես ասած, ոչ բարեկամ երկրներում: Մյուս խմբում փորձագետների շրջանակների հետ կապված մարդիկ են, ովքեր անհավանական թեթեւությամբ վստահորեն պնդում են, որ սեյսմոլոգիական կամ տեկտոնական զենքը գոյություն ունի ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ՉԹՕ-ների, ձնե մարդու կամ էլ լոխնեսյան հրեշի գոյության մասին «անհերքելի» փաստերը: Մի խոսքով` մշուշոտ իրավիճակ է: Եթե հավատում ես ՉԹՕ-ների գոյությանը, ապա ինչո՞ւ չհավատաս նման զենքի գոյությանը: Առավել եւս, եթե միանգամայն լուրջ մարդիկ երբեմն այդպիսի ակնարկներ են անում:

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից բառացիորեն մի քանի օր առաջ, հանգամանքների բերումով, ռուսական հանրահայտ «ԸՐչցՎպվՑօ Ռ ՒՈՍՑօ» շաբաթաթերթում մի հոդվածի հանդիպեցի, որտեղ տեկտոնական զենքի մասին խոսվում էր իբրեւ վաղուց գոյություն ունեցող մի բանի: Հիշողությամբ պատմեմ, որ հարցազրույց տվողը հայտնում էր, թե այդ սարսափելի կործանարար զենքին տիրապետում են ընդամենը երկու պետություն` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, եւ որ նրանք այն օգտագործում են միմիայն փոխադարձ համաձայնությամբ, այսինքն` երբ Վաշինգտոնին պետք է որեւէ տեղ երկրաշարժ բռնկել, նրան, համաձայն Մոսկվայի հետ ունեցած պայմանագրի, հարկավոր է վերջինիս համաձայնությունը, եւ` հակառակը: Տեկտոնական զենքի նկարագրության տեխնոլոգիան ընդհանուր առմամբ պարզ է. երկրաշարժ առաջացնելու համար կազմակերպվում են մեկ կամ մի քանի ստորերկրյա ուղղորդված պայթյուններ, որոնք ռեզոնանս են առաջացնում «այնտեղ, որտեղ պետք է»: Իբրեւ օրինակ` բերվում էր նաեւ մեր դժբախտ Հայաստանը: Նշված շաբաթաթերթում հրապարակված հոդվածի վարկածով` երբ հանուն Լեռնային Ղարաբաղի պայքարը «զզվացրեց» Կենտկոմի ղեկավարությանը, եւ պարզ դարձավ, որ հայերը մտադիր չեն դադարեցնելու ազատագրական շարժումը, Կոմկուսի ղեկավարները որոշեցին նրանց «տեղը դնել»` մի փոքրիկ երկրաշարժ կազմակերպելով, որպեսզի ուշադրությունը շեղեն Ղարաբաղից: Սակայն ինչ-որ բան ճիշտ չէր հաշվարկված, եւ հարվածային ալիքը, բախվելով Արարատյան բարձրավանդակին` իբր արդեն Թուրքիայի տարածքում, հզոր անդրադարձ ունեցավ հակառակ ուղղությամբ եւ ավերածության ու քաոսի մեջ գցեց Հայաստանի կեսը, թեեւ նման լայնամասշտաբ աղետ ոչ ոք չէր ուզում:

Հիշողությունս մի այլ օրինակ հուշեց: Երբ Վրաստանում հակառուսական տրամադրությունները սկսում էին թափ հավաքել` հանուն «ամերիկամետ գաղափարների», այնտեղ նույնպես ցնցումներ էին սկսվում: Երեք այդպիսի զուգադիպություն եմ հիշում. երբ քաղաքական հիստերիան որոշակի գագաթնակետի հասավ, դրան հետեւեցին մի քանի լոկալ երկրաշարժեր Թբիլիսիում եւ Արեւմտյան Վրաստանում, որոնք լոկալ ավերածություններ գործեցին եւ զոհերի պատճառ դարձան: Հիշում եմ նաեւ դեռ խորհրդային տարիների խոսակցությունները Աբխազիայում` Էշերում գտնվող խորհրդավոր ստորգետնյա ռազմական լաբորատորիաների մասին: Ու Վրաց-աբխազական պատերազմի մասնակից մի քանի երիտասարդներից լսել եմ, որ Աբխազիայում տեղակայված ռուսական զինվորականները լրջորեն զգուշացնում էին վրացիներին. մի կրակոց Էշերի ուղղությամբ, եւ բոլորիդ կջնջենք երկրի երեսից:

Եվ ահա հիմա էլ Ճապոնիայում տեղի ունեցած աղետը: Դրան նախորդել էր Կուրիլյան ճգնաժամը: Ինչպես հայտնի է, Տոկիոն Մոսկվայից պահանջում է վերադարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում իր կորցրած չորս կղզիները: Ի պատասխան դրա` Մոսկվան խորհուրդ տվեց Տոկիոյին` իրեն զուսպ պահել: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցուցադրական այց կատարեց Կուրիլյան կղզիներ, ինչն էլ վերջնականապես հավասարակշռությունից հանեց Ճապոնիային, որը հանդես եկավ կտրուկ բողոքով: Ռուսաստանը նույնպիսի կոշտ պատասխան տվեց` Ճապոնիայի բողոքը գնահատելով` իբրեւ միջամտություն իր ներքին գործերին եւ ճնշումների գործադրում: Տոկիոն պաշտոնանկ արեց Ռուսաստանում իր դեսպանին, որը տեղեկություն չէր ունեցել Մեդվեդեւի` կղզիներ հավանական այցի մասին: Ռուսաստանի նախագահը դրան պատասխանեց Հեռավոր Արեւելքի պաշտպանունակությունը մեծացնելու մասին հրամանով: Ճգնաժա՞մ: Դրա նշաններն ակնհայտ են:

Ապա Մոսկվա է ժամանում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը. քննարկվում են համաշխարհային գործընթացները, երկկողմ հիմնախնդիրները, Վրաստանի անհամաձայնության պատճառով Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության հարցի հետաձգումը… Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունենում: Մոտ ժամանակներս նա Կուրիլյան կղզիներով զբաղվելու ժամանակ չի ունենա: «Ճապոնական ողբերգությունը» միանգամայն տեղավորվում է արդեն հիշատակված շաբաթաթերթում հրապարակված սցենարում: Նմանատիպ արձագանքների ստիպված չեղանք երկար սպասել: Արդեն մի քանի օր անց դեղին մամուլում ինչ-ինչ չարագույժ ակնարկներ հայտնվեցին:

Անցած շաբաթվա վերջին ես հայտնվեցի մի միջավայրում, որտեղ կային մի քանի պաշտոնաթող զինվորականներ, ովքեր այժմ ԶԼՄ-ներում իրենց ոլորտի հետ կապված փորձագիտական գնահատականներ են տալիս: Զրույցի ընթացքում նրանցից մեկը հիշեց ձայնային զենքի սոսկալի ազդեցության մասին, թե ինչպես էր այն Աֆղանստանում բառացիորեն խելագարեցնում դուշմաններին: Հետո երկրորդը, երրորդը այլ սարսափներ հիշեցին: Ինձ համար աններելի կլիներ այդ իրավիճակում չհարցնել տեկտոնական զենքի մասին: Ընթերցողին չեմ ուզում ծանրաբեռնել անցկացված բանակցությունների մանրամասներով, ասեմ միայն, որ հաջողվեց ստանալ փորձագետներից մեկի համաձայնությունը` իմ հարցերին գրավոր պատասխան տալու վերաբերյալ: Ընդ որում` նա ակնարկեց, որ պատմելու բան ունի: Հարցերն այդ շատ հայտնի փորձագետին (ես սա ասում եմ առանց սարկազմի) ես ուղարկել եմ էլեկտրոնային փոստով կիրակի օրը: Նույն պահին ես նրանից պատասխան ստացա, որտեղ նա հաստատում էր, որ պատասխանները կուղարկի մի քանի ժամվա ընթացքում կամ, ծայրահեղ դեպքում, երկուշաբթի: Եվ… կապը նրա հետ այսպիսով կտրվեց: Նրա բջջային հեռախոսը չի պատասխանում զանգերին կամ անջատված է, իսկ էլեկտրոնային փոստը երեւի չի աշխատում: Այնուամենայնիվ, սպասելով տեկտոնական զենքի մասին պատմությանը` ես սկսեցի համացանցում այդ մասին ինֆորմացիա փնտրել: Եվ հանդիպեցի ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, Երկրաշարժերի կանխատեսման փորձագիտական խորհրդի ղեկավար, Օ.Յու.Շմիդտի անվան Երկիր մոլորակի ֆիզիկայի միացյալ ինստիտուտի փորձարարական գեոֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Ալեքսեյ Նիկոլաեւի մեկնաբանություններին:

«Խոսակցություններն այն մասին, թե ներկայիս երկրաշարժի (Ճապոնիայի.-«168 ԺԱՄ») պատճառը կարող էր լինել սեյսմոլոգիական զենքը, հորինվածք են: Այսօր աշխարհը գտնվում է հերթական էկոլոգիական պատերազմի շեմին` լուռ, անձայն, այսինքն` կարելի է հարեւաններին վատություն անել` թաքնվելով բնական աղետների քողի ներքո. առաջացնել անձրեւներ, երաշտ, եւ այլն, այդ թվում եւ` երկրաշարժ: Սակայն երկրաշարժը չի կարելի այդպես միանգամից կազմակերպել: Ենթադրենք` եթե դուք միջուկային ստորերկրյա պայթյուն եք իրականացրել, ապա երկրաշարժը տեղի կունենա մի 3-5 օր անց: Շատ դժվար է «աղբյուր» հանդիսացած պայթյունը թաքցնելը: Իսկ ուժեղ երկրաշարժ առաջացնելու համար շատ հզոր պայթյուն է հարկավոր: Եվ քանի որ ժամանակակից սեյսմոլոգիան, ըստ էության, ամենահաս է, ապա հնարավոր չէ այդ ամենն իրագործել թաքուն: Այսօր աշխարհում աշխատում են մոտավորապես 10 հազար սեյսմիկ կայաններ, որոնք վերահսկում են ամենաչնչին ցնցումները, եւ նման հզորությամբ պայթյունը թաքցնել չի հաջողվի: Մինչեւ հիմա կանխամտածված հարձակման ոչ մի դեպք չի գրանցվել տեկտոնական զենքի կիրառմամբ»:

Ավարտելով հոդվածի ընթերցումը` ես եւս մի անգամ ստուգեցի էլեկտրոնային փոստս` հուսալով պատասխան ստանալ, առավել եւս, որ խմբագրությունն արդեն տեղյակ էր պատրաստվող հարցազրույցի մասին: Սակայն փոստը դատարկ էր: Բայց բախտի բերմամբ ինձ այցելել էր հայտնի ռազմական փորձագետ, «Անկախ ռազմական հանդեսի» ղեկավար Վիկտոր Լիտովկինը: «Հանուն Հայաստանի` կարող եմ մի ամբողջ ժամ տրամադրել»,- ուրախությամբ համաձայնեց նա հարցազրույցին: Սակայն տեկտոնական զենքի մասին իմ առաջին իսկ հարցին ի պատասխան` ձեռքը թափ տվեց. «Խնդրում եմ քեզ, ավելի լուրջ բաներից խոսենք…»:

Ի՞նչ արած… Ավելի լուրջ բաների մասին, թերեւս, հաջորդ անգամ: