Վճարման կտրոնը թղթի թափոն չէ, կտրոնը փաստ է

17/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որեւէ մեկը գիտի՞, որ, օրինակ, փոխադրամիջոցի` ավտոմեքենայի գույքահարկի վճարման դիմաց ստացած կտրոնները պետք է առնվազն 10 տարի պահել: Հակառակ դեպքում` ձեր կողմից վճարված գումարը եւս մի քանի անգամ կստիպեն վճարել:

Հիշեցնենք, որ գույքահարկը հաշվարկվում է ըստ մեքենայի ձիաուժի եւ գանձվում է տարեկան կտրվածքով: Գույքահարկի մուծումների կտրոնները 10 տարի շարունակ պահելու փայլուն միտքը Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդիկ Մուշեղյանինն է: Նման խորհուրդ է տվել նա Արաբկիր համայնքի բնակիչներից մեկին: Դեպքը պատմենք սկզբից:

Արաբկիրի բնակիչներից մեկը (որի անունը կարող ենք հրապարակել անհրաժեշտության դեպքում) Արաբկիր վարչական շրջանի (թաղապետարանի) գույքահարկի բաժնից գրություն է ստանում, որով սպառնում են դատի տալ` իբր 3 տարվա գույքահարկի պարտքը չմարելու պատճառով: Եվ սա` այն դեպքում, երբ կինը 2009թ. հոկտեմբերին 320.000 դրամ գույքահարկը վճարել էր: Եվ ահա, բնակչուհուց ոչ միայն պահանջում էին այդ ամբողջ ժամանակահատվածի` 2009թ. սկսած գույքահարկը վճարել, այլեւ դրան հավելված տուգանքները: Խնդիրն այն է, որ այդ գումարի մեջ էին ներառել ոչ միայն 2009թ. հոկտեմբերին արդեն իսկ վճարած 320.000 դրամ գույքահարկը, այլեւ դրա վրա ավելացած տուգանքը` եւս 150.000 դրամ: «Թաղապետի հետ զրույցում իմ այն պնդմանը, որ սխալ հաշվարկ են կատարել, եւ, որ ես գույքահարկը 2009թ. վճարել եմ, գույքահարկի բաժնի իրենց աշխատակիցն ինձ ասաց, թե իբր իրենց համակարգչում չկա, որ այդ մուծումը կատարել եմ: Նաեւ ասացին` վճարման կտրոնը տանեմ-ապացուցեմ, որ ես 2009թ. մուծել եմ: Պատասխանեցի` իսկ եթե 2 տարի առաջվա կտրոնը ես չեմ պահե՞լ, ի՞նչ պետք է լինի այդ դեպքում»,- պատմեց Արաբկիրի բնակիչը, ով, ի դժբախտություն թաղապետարանի աշխատակիցների, կտրոնը գտնում է:

Բնակչուհին գտնված կտրոնը ներկայացնում է թաղապետարան, եւ պահանջում տեղում` իր ներկայությամբ ստուգել համակարգչի տվյալները: Ստուգում են եւ պարզվում է, որ համակարգչի մեջ կտրոնի տվյալներն ամբողջությամբ կան: Փաստորեն` գույքահարկի բաժնի աշխատակիցը ստում է, եւ համակարգչի հետ ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ ստացվում է, որ եթե այս կինը 2 տարի առաջվա վճարման կտրոնը դեն նետած լիներ (1000 մարդուց երեւի 10-ը դեն չեն նետում ոչ միայն գույքահարկի, այլեւ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսավարձի, կոմունալ վճարումների կտրոնները), նա ստիպված կլիներ վճարել շուրջ 470.000 դրամ: Զավեշտալին այս պատմության շարունակությունն է: «Այս կապակցությամբ մեր զրույցի ընթացքում թաղապետ Էդիկ Մուշեղյանը խորհուրդ է տալիս կտրոնները 10 տարի շարունակ պահել: Որեւէ տեղ, որեւէ օրենքի մեջ նման բան գրված չէ: Այդ դեպքում առաջարկում եմ՝ կտրոնների հետնամասում այսուհետ գրել, որ պետք է այդ կտրոնները 10 տարի պահպանել: Եվ հիմա մամուլի միջոցով ուզում եմ արաբկիրցիներին խորհուրդ տալ (հաշվի առնելով թաղապետի գերզբաղված վիճակը), որ նրանք այդ կտրոնները 10 տարի պահեն: Որպես հին արաբկիրցի՝ մեր թաղամասի բնակիչներին ավելորդ քաշքշուկներից եւ ավելորդ վճարումներից խուսափելու համար կոչ եմ անում այդ կտրոնները լավ պահպանել»,- ասաց Արաբկիրի բնակչուհին:

Կատարվածից հետո, բնականաբար, ոչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Մուշեղյանը, ոչ Գույքահարկի բաժնում աշխատող իր ազգականը քաղաքացուց նույնիսկ ներողություն չէին խնդրել տեղի ունեցածի համար: Հարց է ծագում. միլիոնավոր դոլարների վարկերի հաշվին պետական բարեփոխումներ են արվել` իբր կառավարման համակարգի աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, որ քաղաքացուն ասեն` կտրոնդ ցույց տո՞ւր: Չէ՞ որ այդ ինֆորմացիան պահպանվում է ոչ միայն վարչական շրջանի գույքահարկի բաժնի համակարգիչներում, այլեւ հարկային մարմինների, բանկերի, եւ այլն:

Հաջորդ հարցն է ծագում. եթե բնակչուհին չգտներ 2 տարի առաջվա գույքահարկի վճարման կտրոնը եւ վճարեր գումարը եւ տուգանքը` 470.000 դրամ, այդ գումարը ո՞ւր էր մուտք արվելու: Բյուջե՞: Դժվար թե: Համակարգչում ողջ տեղեկատվությունը կար, որ բնակիչը վճարումը կատարել էր: Հո 2 անգամ նույն վճարումը չէի՞ն մուտքագրի:

Ինչպես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի լեյտենանտն էր ասում` «Գյուղական մատյաններից մինչեւ ՄԱԿ-ի դավթարները գրած էր` որ Ռեւազն ուներ 4 ոչխար»: Փաստորեն, նույնիսկ այն ժամանակ էր հաշվառումն ավելի արդյունավետ արվում, քան հիմա` համակարգչային եւ նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: