Ավիացիայի գերիները

17/03/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր ավիացիայում գործընթացները հետաքրքիր զարգացում ստացան: Նախ` «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի ժամ չսպասարկեց «Արմավիայի» չվերթերը: Իսկ երեկ «Արմավիան» մեկ ժամով ուշացրեց իր չվերթներից մեկը: Հետաձգեց` ի նշան «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր գների: Բարձր գներից բողոքելը սպառնում է մեր ազգային նկարագրի բնութագրիչ դառնալ: Բողոքում ենք բոլորս: Օլիգարխից` մինչեւ արեւածաղիկ վաճառող թոշակառու տատիկը: Օլիգարխների բողոքն, իհարկե, ամենալսելին է: Ամենալսելին ու ամենաանսպասելին: «Արմավիան» փողը չի տվել: Նրա թռիչքները չենք սպասարկի»,- հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչը: «Չեմ էլ տալու»,- հակադարձեց «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Հակադարձեց ու բացատրեց, որ «Զվարթնոցում» սպասարկումը երեք անգամ ավելի թանկ է, քան մոսկովյան օդանավակայաններում, մեկ ու կես անգամ ավելի թանկ` քան Փարիզի, եւ երկուս ու կես անգամ թանկ` քան Հռոմի օդանավակայաններում: Պարոն Բաղդասարովը սրտնեղած նշեց, որ Հայկական ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող ավիաընկերությանը «Զվարթնոցը» արտոնյալ պայմաններ չի տրամադրում: Յուրաքանչյուր ամիս 400-ից ավելի թռիչքներ իրականացնող «Արմավիային» մեր միջազգային օդանավակայանում սպասարկում են նույն գնով, ինչ 4-5 չվերթ իրականացնողներին: «Ավելին` օդանավակայանը վառելիք վաճառում է 150 դոլար ավելի թանկ»,- գներից բողոքը շարունակել է նա: Ասեք, որ անզուգական պատկեր է: Երկու` համարյա մոնոպոլիստ կազմակերպություններ բողոքում են իրարից: Իրարից ու մեզ պարտադրված գներից: Այն դեպքում, երբ Մոսկվա-Երեւան չվերթի գնով կարելի է Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա (ավիացիայամերձ հայերենով ասած` տուդա ի աբրատնո) տոմս գնել: Մեր ազգային փոխադրողը տարիներ շարունակ Հայաստանի շրջափակման փաստն օգտագործելով` տարօրինակության աստիճան բարձր գներ է սահմանել: Հայտնի բան է` մենք` հայերս, աշխարհասփյուռ ազգ ենք: Աշխարհասփյուռ, բայց ջիգյարով ու հայրենաբաղձ: Հետեւաբար` կամ մենք ենք տարին մեկ մեկնում հարազատներին տեսնելու, կամ մեր հարազատներն են գալիս: Գալիս` մեզնից ու հայրենիքից կարոտն առնելու: Բնականաբար, ազգային փոխադրողի կարգավիճակ ունեցող ընկերությունը պիտի որ մեր ազգային այս առանձնահատկությունն ու շրջափակումը դարձներ եկամտի անսպառ աղբյուր: Հետեւաբար` պարբերաբար պիտի թանկացներ տոմսերի գինը: Եվ, վերջապես, հիմա ազգային փոխադրողը քավության նոխազ է գտել` չվերթերի տոմսերի թանկությունը բացատրելով օդանավակայանի ծառայությունների թանկությամբ: Ու հիմա այս երկու ընկերությունները թարսվել են: Մեկ` մեկն է չվերթ հետաձգում, մեկ` մյուսը: Հետաձգում ու հեռակա վիճում են: Միխայիլ Բաղդասարովն ասում է, որ «Չորս տարի շարունակ «Արմավիան» ապարդյուն բանակցություններ է վարում «Զվարթնոցի» ղեկավարության հետ: Իսկ օդանավակայանի ղեկավարությունն իրեն համարում է ուժեղ եւ ունակ մեզ ճնշելու»: Օդանավակայանի ղեկավարությունն, իր հերթին, պարզաբանում է տարածում, որ իրենց գները 2005թ.-ից չեն փոխվել: Ըստ Միխայիլ Բաղդասարովի` նրանք ամեն ամիս 4-8մլն դոլար են վճարում օդանավակայանին (Ազգային փոխադրողը հավանաբար դեռ տեղյակ չէ, որ ՀՀ տարածքում վճարամիջոցն իր չափ ազգային դրամն է): Ասում ու պարզաբանում է, որ իրենք գումարը վճարում են ամիսը լրանալուց հետո: Այսինքն` դեռ ժամանակ ունեն: «Պարտքը 1 ամսվա չէ, այլ 3 ամսվա»,- հակադարձում է «Զվարթնոցի» ղեկավարությունը: Միեւնույն է, «Արմավիան» համաձայն չէ համագործակցել «Զվարթնոցի» հետ նման գների պարագայում: Համաձայն չէ, որովհետեւ «Մեր ինքնաթիռների կայանումն արտասահմանյան օդանավակայաններում ավելի էժան է, քան «Զվարթնոցում»: Մենք ստիպված ենք արտասահմանում ստանալ բազմաթիվ ծառայություններ, մասնավորապես` այնտեղ վառելիք գնել»: Երկու խոշոր, համարյա մոնոպոլիստ ընկերությունների վեճը նորություն է: Ես նախադեպ չեմ հիշում: Դժվար է միանշանակ գնահատել` սա տնտեսակա՞ն վեճ է, թե՞ հիմքում այլ պատճառներ կան: Վերջերս նորից շրջանառվում էր լուրը, թե Բաղդասարովը մտադիր է վաճառել իր ավիաընկերությունը: Այդ լուրը սեփականատերը հերքել է, նշելով, որ «Ընկերությունը չի վաճառվում, հակառակը, շարունակում է թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու քաղաքականությունը, ինչը դուր չի գալիս մեր հայրենիքի թշնամիներին»: Ընդունեք, որ այս արտահայտությունը տնտեսական չէ: Բայց նաեւ հասկանալի չէ քաղաքական ենթատեքստը: «Ո՞վ է տուժելու երկու ընկերությունների վեճից»` հարցն ինքնին հռետորական է: Իրար հետ թարսված յուրաքանչյուրը հետաձգում է չվերթերը: Ու ոչ մեկը չի հատուցելու ուղեւորների կորցրած ժամանակը, նյարդերն ու միջոցները: ՀՀ քաղաքացիներն այս հարցում էլ չեն կարող ու չեն ակնկալի հարազատ կառավարության աջակցությունը: Առաջին տարին ու առաջին դեպքը չէ: Մենք վաղուց ենք դարձել հայրենի ավիացիայի գերին: