Բուլղարացի տնօրեն` «Դինո Գոլդում»

17/03/2011

Մի քանի օր առաջ Կապան է ժամանել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր, «Dundee Precious Metals» ընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր մենեջեր Ռիչարդ Հաուսը: Ընկերության հանրության եւ լրատվամիջոցների պատասխանատու Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ Ռ. Հաուսի այցը աշխատանքային է, եւ այն հաճախակի բնույթ է կրելու: «Բավական հաճախակի հնչող հարց է, եւ ես սկզբից էլ ասել եմ, որ նա հաճախակի է այցելելու Հայաստան: Ինչ-որ պայմանավորվածություն չունի: Այցը պայմանավորված է աշխատանքով: Դա իր աշխատանքի բնույթն է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ն. Աղայանը: Հարցին, թե ինչո՞ւ նախկինում ընկերության ղեկավարները աշխատանքային նման ակտիվ այցելություններ չեն ցուցաբերել, ընկերության աշխատակիցը պատասխանեց, որ ընկերությունում Ռիչարդ Հաուսի զբաղեցրած պաշտոնը նոր է, եւ վերջինիս պաշտոնը ենթադրում է աշխատանքային հաճախակի այցելություններ: Այս անգամ, սակայն, Ռ. Հաուսը եկել է 2 մասնագետների հետ: «Նրանք նոր մարդիկ են, ովքեր միանալու են մեզ: Մասնագետներից մեկը՝ Ջորջ Մուվերը, հանքի բաց եղանակով մշակման աշխատանքների նախագծման մասնագետ է եւ զբաղվելու է այդ աշխատանքով, իսկ Իլյա Գարկովը, ըստ ընկերության այսօրվա հայտարարության, լինելու է մեր նոր տնօրենը»,- նշեց նա: Ի դեպ, նշենք, որ ընկերության նորանշանակ գլխավոր տնօրենը ազգությամբ բուլղարացի է: Ինչ վերաբերում է Շահումյանի բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելուն, Ն. Աղայանն ասաց, որ հորատման աշխատանքների ամփոփման արդյունքում ընկերությունը հստակ կպատասխանի` կանցնի՞ բաց մշակման, թե՞ ոչ: