Երկրի Նախագահը նաեւ գործադիր ղեկավարն է

17/03/2011

Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթներում աննախադեպ կենտրոնացում նկատվեց երկրի տնտեսական խնդիրներին։ Չգրված կանոնով, մեզ մոտ սովորաբար երկրի նախագահը ղեկավարում է քաղաքական դաշտը, իսկ տնտեսականը հիմնականում հանձնվում է վարչապետին։ Եվ, ըստ էության, միայն արտակարգ իրավիճակներում է խաղի մեջ ստիպված լինում մտնել, շախմատային լեզվով ասած, արքան։

Նախագահ Սերժ Սարգսյանի` տնտեսական բլոկի ղեկավարների հետ վերջին ելույթը, հատուկ տակտով եւ համբերատարությամբ հանդերձ, միաժամանակ լուրջ անհանգստություններ էր պարունակում։ Սա բոլորովին տարբեր էր իր նախագահության արշալույսին արտահայտած երանգներից՝ ինովացիաների, նանոտեխնոլոգիաների, Հայաստան-Իրան երկաթգծի եւ նման գլոբալ հարցերի շուրջ:

Այս կտրուկ շրջադարձով ականատես եղանք, թե ինչպես երկրի նախագահը, թողնելով նախագահական երեւութային բարձունքը, ցուցաբերեց գործադիրի անմիջական ղեկավարի, կազմակերպչի այն անձնական հատկանիշները, որ ուղեկցել են իրեն բոլոր նախկին աշխատանքներում։ Դարձյալ առաջին անգամ դրսեւորվեց, որ բացի ստրատեգիական ելակետերից, արժանահավատորեն տեղեկացված էր եւ ժամանակ էր հատկացրել անձամբ ծանոթանալու տնտեսական ոլորտի մանրամասներին, որոնք երկրի նախագահի անմիջական գործառույթները չեն եւ մեր իրականության մեջ սովորաբար աղավաղվում են ներքին օղակներում։ Պատահական չէ նրա մտադրությունը. «Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու»։

Այսօր ակնհայտ է դառնում, որ մեր տնտեսավարման մակարդակն այլեւս չի բավարարում ՀՀ նախագահին։ Սոցիալական գործոնն, ի վերջո, «հաջողեցինք» դարձնել քաղաքական առաջնային դերակատարում ունեցող հարց, որով տոգորված են ժողովրդի օրախնդիր մտածմունքներն ու ընդդիմադիր ելույթների ողջ բովանդակությունը։ Գործադիրի ներկայացրած «ձեռքբերումները» առավելապես մակերեսային, ձեւական են եւ հաջողությամբ շրջանցում են ժողովրդի իրական կարիքները, որոնք դույզն-իսկ չեն բարելավվի, եթե անգամ վարչապետը ավտովարորդների անվտանգությունն ապահովելու համար նրանց ստիպի նույնիսկ երկաթե շղթաներով ամրակապվել, իսկ նոր քաղաքապետը բոլոր աշխատողներին պոլիգլոտ դարձնի ու արձանագրի «դրեսկոդի» ու «ֆեյսկոնտրոլի» աննախադեպ մակարդակներ, իսկ դրսում «որպես դասակարգ»` վերացնի փողոցային առեւտրականներին։ Ակնհայտ է, որ գործադիրի մեր պաշտոնյաները, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, աշխատում են մի տեսակ ցուցադրականության մթնոլորտում, կարծես հաշվետվությունների համար` կառավարումը վերածելով միջոցառումների շարքի։ Իսկ մեր կուսակցությունների առաջադրած նախարարական անձնակազմի գործունեությունը նմանվում է գավառական բեմականացման բալետի ֆոնային պարուհիների կեցվածքին, ովքեր սկսում են ակտիվորեն շարժել իրենց մարմնի մասերը, երբ դիրիժորն անցնում է մաժորային նոտաների, եւ անմիջապես հանգստանալով, սկսում են իրենց հարդարանքով զբաղվել՝ մազերն են ուղղում կամ հագուստի փեշերի հետ խաղում, երբ ուշադրությունն իրենց վրայից վերցնում է մենապարողը։

Երկրի տնտեսական հիմքերի կազմավորման եւ զարգացման համար անկյունաքարային ոլորտներում, այնուամենայնիվ, պետք է ընտրվեն պաշտոնյաներ ոչ թե «կոալիցիոն հուշագրի» կամ «իրենց մարդը լինելու» այսօր իշխող սեւեռուն գաղափարներով, այլ շնորհիվ մասնագիտական բացառիկ ունակությունների։ Այսօր իշխանության մեջ շատ քիչ են հանդիպում մարդիկ, ովքեր կոչված են այդ գործի համար։ Իսկ ամենամտահոգիչն այն է, որ դրանց կարիքը չեն էլ զգում, եւ գլխավորը՝ ըստ էության, կարծես, ի վիճակի էլ չեն տարբերակելու այդպիսիներին։ Երբեք կառավարությունն այսպիսի տոտալ քաղաքական համակարգման ենթարկված չի եղել, որքան այսօր։ Ստացվում է, որ եթե չունի, ասենք, ՕԵԿ-ը տվյալ տեղի համար արժանի թեկնածու, ապա գերադասելի է կործանել ոլորտը, քան խախտել քաղաքական համաձայնությունը։

Նախագահական միջամտության կարիքը զգացվեց, երբ տնտեսական վիճակը սկսեց վերածվել քաղաքական գործոնի։ Իսկ դա լավ օրից չէ, բնականաբար։ Կարծում ենք, չեն սխալվում այն մեկնաբանները, որոնց համոզմամբ` սա դեղին քարտ էր գործադիրին` ՀՀ կառավարությանը։ Այս անգամ, պահանջները չբավարարելու դեպքում, կարելի է սպասել իսկապես համակարգային փոփոխությունների, որոնց մասին հստակ հնչեցվեց ՀՀ նախագահի կողմից։

Այս թեմայով վերջին օրերի բազմաթիվ մեկնաբանություններում չառանձնացվեց հիմնական դրդապատճառը։ Այն, որ սոցիալական գործոնը հասել է բացառիկ սրացման։ Այսօր այն այնքան է խորացվել ու խճճվել տարբեր վարչական-բյուրոկրատական թերացումներով, որ ամենավճռական միջամտության դեպքում անգամ (որի սպասելիքները հնչեցին նախագահի վերջին ելույթներում), ստիպված ենք լինելու հաղթահարել շատ մեծ դժվարություններ եւ դիմադրություն։

Թեկուզ այս տարվա բյուջեի սոցիալական հռչակումը, որ աչքի է ընկնում արդեն օրինաչափություն դարձող վերացականությամբ, պահանջելով հարցադրումների առավել կոնկրետացում։ Այսօր նախագահի անմիջական միջամտությունը տարբեր ոլորտներում հենց այս անորոշությունը վերացնելու փորձ է։ Ամենաուղղակի եւ ազդեցիկ քայլը սոցիալական հնարավոր պայթյունը կանխելու ուղղությամբ՝ դա գազի գների բարձրացման վտանգի չեզոքացումն էր։ Ընդ որում, բացի մատակարարման գների բարձրացման հետաձգումից, այստեղ մեծ ռեզերվներ կան նաեւ «ՀայՌուսգազարդի»` տարիներ շարունակ վարած սպեկուլյատիվ քաղաքականության վերանայման մեջ, քանի որ մենք գազը ձեռք ենք բերում ավելի էժան եւ բնակչությանը վաճառում անհամեմատ թանկ գներով։ Սոցիալական այս վիճակում այսպես չի կարելի վարվել։

Սակայն բոլոր ոլորտներում չէ, որ հնարավոր է այսպիսի իրական քայլեր ձեռնարկել։ Օրինակ, շատ դժվար է լինելու համատեղել գնաճի խոստացվող զսպումը դրամի արժեզրկման քաղաքականության հետ։ Այստեղ պահանջվում է շատ ճկուն, սրտացավ աշխատանք։ Առավել եւս, սոցիալական արդարությունը պահանջում է, որ ինֆլյացիային զուգահեռ` ինդեքսավորվեն աշխատավարձերն ու թոշակները։ Կհամաձայնվե՞ն դրան գնալ՝ փողի այս տագնապի պայմաններում։ Դժվար թե։ Կամ՝ որքանո՞վ արդարացի է քաղաքացիների անձնական օգտագործման նպատակով ներկրվող ավտոմեքենաներից սովորություն դարձած ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը (ինչպես հայտնի է՝ դա առեւտրի նպատակով խմբաքանակների ներկրման դեպքում պետք է կիրառվի)։ Ավելին՝ ավտոմեքենաների «շուկայական գնով» մաքսազերծման մեր ժառանգած հոռի օրենքով պետությունը հարկում, «մաքսազերծում է» իր իսկ մաքսավճարը (այն մտցնելով «շուկայական» արժեքի մեջ)։ Այս հիմքերով ցանկացած հետեւողական քաղաքացի` զինվելով համբերությամբ, կարող է այսօր դատ բացել միջազգային դատարաններում։ Մյուս կողմից, որոշ հաշվարկներով, այս ճանապարհով բյուջե են մտնում տարեկան 20-50 միլիոն դոլարի կարգի գումարներ. կհամարձակվե՞ն հանուն ազնվության հրաժարվել այս գումարներից, կամ ո՞ր ծախսերը պետք է կրճատվեն դրա դիմաց։ Նման դեպքերում մենք, որպես կանոն, բախվում ենք բյուջեն ամեն կերպ լցնելու հրամայական պահանջի հետ։

Նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի ակնկալում է նաեւ աճ շինարարության բնագավառում։ Սակայն այստեղ էլ տարված անհեռատես քաղաքականությունը որոշակի փակուղային իրավիճակ է ստեղծել։ Օրինակ, նախորդ տարի ռուսական դժվար ձեռք բերված վարկի զգալի մասը հատկացվեց անավարտ նորակառույցների շինությանը, որոնք այսօր չեն կարողանում ետ բերել փողերը՝ բնակչության անվճարունակության պատճառով։ Չէ՞ որ կարելի էր այդ գումարները, նույն ցածր տոկոսներով, հատկացնել բնակչությանը` որպես հիպոթեք, եւ դրանք շրջանառվելով` դարձյալ կվերադառնային շինարարներին` միաժամանակ խթանելով վճարունակ պահանջարկը։ Այ սա կլիներ սոցիալական մոտեցում։

Ընդունված է ասել, որ բանկերը մեր ամենակայացած կառույցներն են։ Բայց այսօր բանկը մի խոշոր շահագործող է դարձել ժողովրդի գլխին, ագահ վաշխառու, պրիմիտիվ «լոմբարդ»։ Ապացույցը՝ բանկային տոկոսները, որ ցանկացած արտասահմանցու ապշեցնում է։ Ամբողջ աշխարհում վերջին ճգնաժամը բանկերի ճգնաժամն էր, մեզ մոտ՝ հենց բանկիրները հարստացան, խորացնելով սոցիալական լարումները։ Տնտեսությունը խթանող կառույցներ դառնալու համար մեր բանկերը եւս պետք է փոխեն իրենց մոտեցումները։

Վերջապես, բացարձակ անհեռանկար է, երբ մեզ մոտ բյուջետային մուտքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը դնում են հարկային եւ մաքսային ծառայությունների վրա, հարկման մեջ էլ գերակշռությունը տալով անուղղակի հարկերին։ Սա սոցիալական պայթյունի իրական նախադրյալ է։ Կգիտակցե՞ն մեր իրավասու մարմինները վերջապես, որ գործարարության համապարփակ ճնշման իրենց քաղաքականությամբ էականորեն նեղացնում են հարկման ճակատը՝ ինչը շրջվում է հենց իրենց եւ երկրի զարգացման դեմ։ Կունենա՞ն այն լայնախոհությունը, որ շատ փող հավաքելու համար, թվում է` հակասական, բայց պետք է շատ ազատություններ տաս ժողովրդին, կրճատես մարդկանց հետեւից ընկնելը եւ նրանց տնտեսական գործունեության տոտալ հսկողությունը։ Այլապես «դրակոնյան» պայքար ծավալելով ներքեւներում «ստվերային տնտեսության» դեմ, մենք այսօր ամբողջովին սպառել ենք բյուջեի համալրման հիմնական ռեսուրսները. ի՞նչ ենք անելու վաղը։

Մի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած պահանջները շատ ավելի ծանր են, քան կարող է թվալ արտաքուստ, եւ դրանք իրականացնելու համար (այս անգամ, ըստ ամենայնի, դրանք պահանջվելու են անխտիր), անհրաժեշտ են լինելու վարչական եւ կառավարման բացառիկ հմտության կադրեր։ Ումի՞ց ես պահանջում՝ սա է խնդիրը։

Մինչ այժմ, եւ իր բնավորությամբ ընդհանրապես, երկրի նախագահը հանդուրժող է եղել քաղաքական կոնյունկտուրայի նկատմամբ։ Բայց երբ դա երկիրը կանգնեցնում է փաստի առջեւ, ապա հասարակությունը ցանկանում է լսել անձամբ Նախագահի անկեղծ եւ վճռական ձայնը։ Հավատը պահպանելու համար շատ անհրաժեշտ է, որ դա չշփոթվի, ինչպես ասում են՝ PR-ակցիայի հետ, որի միջոցով հարցի «լուծում» գտնողները բազմացել են այսօր մեր իշխանական շրջանակներում, քաղաքականությունը դարձնելով վիրտուալ «պրոյեկտ», կառավարումը՝ ինտրիգների խճճված շղթա։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ