Ըստ լավատեղյակ աղբյուրների, մոտ ժամանակներս Հայաստանի առանց այն էլ բազմազան եւ բազմագույն քաղաքական դաշտում կարող է ձեւավորվել եւս մեկ քաղաքական միջկուսակցական միավորում կամ դաշինք՝ կազմված Սամվել Բաբայանի, Արտաշես Թումանյանի եւ Արմեն Դարբինյանի գլխավորած կուսակցություններից: Հետաքրքրական է, որ առաջին երկուսի կուսակցություններն իրավաբանորեն դեռեւս ձեւավորված չեն, սակայն հայտնի է, որ Սամվել Բաբայանի «Դաշինք» անվանումը կրող կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա արդեն նոյեմբերի 10-ին, իսկ Արտաշես Թումանյանի առայժմ անհայտ անունով կուսակցությունն իր հիմնադիր համագումարը կանցկացնի մինչեւ տարվա վերջ: Կուսակցական շինարարության այս ակտիվացումը եւ հնարավոր միջկուսակցական դաշինքի ստեղծումը վերլուծաբանների կարծիքով պայմանավորված է Հայաստանում իրանառուսական քաղաքական ուժեղ վեկտորի ձեւավորման անհրաժեշտությամբ: Վերոհիշյալ կուսակցություններից ձեւավորված դաշինքը պետք է դիմակայի արդեն իսկ Հայաստանում բավականին ուժեղ դիրքեր ունեցող թե՛ իշխանամետ, եւ թե՛ ընդդիմադիր կուսակցություններից ձեւավորված ամերիկամետ եւ եվրոպամետ քաղաքական միավորումներին: Ըստ նույն աղբյուրների, ձեւավորվող երեք կուսակցությունների ստեղծվող դաշինքը բավականին հզոր քաղաքական միավորում ստեղծելու միայն առաջին փուլն է, որին հետեւելու է այդ դաշինքում նաեւ այլ համապատասխան աշխարհաքաղաքական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերի ներգրավումը: