Խոշոր ներդրում

17/03/2011

Առաջիկա 20 տարիների ընթացքում Թուրքիան պատրաստվում է 100 միլիարդ դոլարի ներդրում կատարել էներգետիկայի ոլորտում: Այս մասին թուրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում ռուս-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Սա նշանակում է, որ էներգետիկայի ոլորտում տարեկան կատարելու ենք 5 միլիարդ դոլարի ներդրում, ինչը շատ պատեհ առիթ է ռուսական ընկերությունների համար: Բացի այդ, դա մեծ հնարավորություններ է ընձեռում նաեւ ռուսական եւ թուրքական ընկերությունների հետագա համագործակցության համար»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ավելի վաղ հանդիպել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Հիմնական թեմաներից է եղել ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի հարցը: