Ֆուտբոլասերները գլխիկոր հեռանում էին տոմսարկղից
Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերը սպառված են: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում առաջին անգամ մեր ընտրանու սեփական հարկի տակ կայանալիք խաղի տոմսերը սպառվեցին հանդիպումից մոտ 11 օր առաջ: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում այլեւս չկար Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման որեւէ տոմս: Տոմսերը սպառվեցին, սակայն տոմս ցանկացողների հոսքը «Հանրապետական» չի դադարում: Հայաստանի մի շարք վայրերի ֆուտբոլասերներ զայրացած հեռանում էին, երբ տեղեկանում էին այն մասին, որ տոմսերը սպառված են: Վաճառքից հանվել են նաեւ Հայաստանի հավաքականի խաղերի համար նախատեսված ատրիբուտները: Սակայն խաղի օրը դրանք կրկին հասանելի կլինեն երկրպագուներին:
Մարտի 26-ին կայանալիք ընտրական այս մրցավեճի տոմսերի արժեքն էր` 3000-7000 դրամ: Սկզբում սպառվեցին 7000-5000 դրամանոց տոմսերը, իսկ հետո` 3000-անոց տոմսերը: Ի դեպ, եթե տոմսերի վաճառվելու օրերին ֆուտբոլասերները մեծ սիրով պատասխանում էին իրենց տրված հարցերին, ապա այս անգամ գլխիկոր հեռանում էին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից:
Տուրուդմբոց Ամստերդամում
Անցած շաբաթ կայացան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Մոսկվայի «Սպարտակը» Ամստերդամում մրցում էր տեղի «Այաքսի» դեմ: Այս հանդիպման լարվածությունը մեծ էր: 57-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սպարտակի» բրազիլացի հարձակվող Ալեքսը: Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները իսկական տուրուդմբոց սարքեցին «Այաքսի» մարզադաշտում: Այս խաղից հետո որոշ հայ երկրպագուների մոտ առաջացավ մտավախություն, որ նույնը կարող է կրկնվել մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղի ընթացքում:
«Մանչեսթերը» եւ «Ինտերը»` 1/4-ում
Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մի քանի պատասխան հանդիպումներ: Իտալիայի չեմպիոն «Ինտերը» ուղեւորվել էր Մյունհեն, որտեղ մրցելու էր տեղի Բավարիայի հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել էր 1։0` հօգուտ «Բավարիայի»: Այս անգամ սկզբում բախտը ժպտաց «Ինտերին»: Չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց կամերունցի հարձակվող Սամուել Էտոոն: «Բավարիան» 21-րդ րոպեին Գոմեսի խփած գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Իսկ 31-րդ րոպեին «Բավարիային» առաջ մղեց գերմանացի երիտասարդ կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը: «Ինտերին» 1/4 եզրափակիչ դուրս գալու համար գերմարդկային ջանքեր էին հարկավոր: Բայց ահա 63-րդ րոպեին «Ինտերին» հույս պարգեւեց հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը՝ հավասարեցնելով հաշիվը: «Ինտերը» ամբողջ թիմով փորձում էր գրավել «Բավարիայի» դարպասը: Դա հաջողվեց 88-րդ րոպեին մակեդոնացի հարձակվող Գորան Պանդեւին: Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2-3 հաշվով եւ նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր:
Մյուս խաղը կայանում էր Անգլիայում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մարսելին»: Այս թիմերի միջեւ առաջին հանդիպումը ավարտվել էր 0։0 հաշվով: Անգլիայում 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթերի» հարձակվող Խավի Հերնանդեսը: 75-րդ րոպեին նա իր հաշվին գրանցեց դուբլ: Իսկ 82-րդ րոպեին «Մանչեսթերի» պաշտպան Բրաունը դարձավ ինքնագոլի հեղինակ եւ հույս պարգեւեց «Մարսելին», բայց ֆրանսիական ակումբը չկարողացավ երկրորդ գոլը խփել եւ 1/4 եզրափակչի ուղեգիրը զիջեց Ֆերդյուսոնի սաներին:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ