– ՀՀԿ-ն մի շարք մարզերում լուրջ պարտություններ կրեց ՏԻՄ ընտրություններում, ինչո՞վ եք դա բացատրում:
– Կարծում եմ, լրագրողները դեռեւս ամփոփ պատկերը չունեն, որպեսզի նման եզրակացություն անեն: Բնականաբար, ՀՀԿ-ն չէր կարող 100 տոկոսանոց արդյունք ապահովել, բայց, հավատացնում եմ, երբ բոլոր տվյալները սեղանին դրվեն, կտեսնեք, որ ՀՀԿ-ն իր դիրքերը ոչ միայն չի զիջել, այլեւ էլ ավելի է ամրապնդել:
– Հանրաքվեից առաջ նման արդյունքները ձեզ չե՞ն մտահոգում:
– Իհարկե, շատ մեծ պատիվ է համարել, որ հանրաքվեն միայն ՀՀԿ խնդիրն ու նպատակն է: Դա, իհարկե, այդպես է, սակայն հիշեցնեմ, որ սահմանադրությունը որեւէ կուսակցությանը չէ, իշխանություններինը չէ, պետությանն է, եւ ակնհայտ է, որ հանրաքվեի հաջողությունը կարող է լինել երկրինն ու հասարակությանը: Եվ` հակառակը: Որքան էլ որոշ մարդիկ, քաղաքական ուժեր փորձեն նենգափոխել այս գործընթացը եւ ներկայացնել` իշխանություն-ընդդիմություն հակամարտություն, միեւնույն է` ամեն մի ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ սա կապ չունի դրա հետ: Որովհետեւ այս գործընթացով ոչ թե երկրի այս կամ այն պաշտոնյան է փոխվում, այլ` սահմանադրությունը, որը գործելու է բոլորի համար: Անկախ նրանից, թե 2007թ. ընտրություններում որ կուսակցությունը քանի տեղ կունենա ԱԺ-ում կամ նախագահական ընտրություններում որ թեկնածուն կդառնա նախագահ: Ցավոք, կան մարդիկ, ովքեր իշխանատենչության եւ իշխանության համար պայքարի մոլուցքով տարված, մոռանում են ամեն ինչ եւ փորձում են ամեն ինչ նենգափոխել:
– Ո՞մ նկատի ունեք:
– Շատերին, ու նրանք շատ են, ովքեր հանրաքվեն վերածում են իշխանության համար պայքարի:
– Ձեր կարծիքով, արդարացված չէ՞ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դժգոհությունը, թե եթե իշխանություններն իսկապես ցանկանում են ազատ հանրաքվե անցկացնել, ապա պետք է հավասար պայմանները ստեղծեին նաեւ «ոչ» քարոզողներին եւ համապատասխանաբար իրենց տրվեր Համալսարանի կենտրոնական շենքը:
– Բացարձակապես արդարացված չեն, որովհետեւ նրանք, ովքեր արդար, հավասար եւ այլ սկզբունքների մասին են խոսում, չպետք է մոլորության մեջ գցեն հասարակությանը եւ երկրի համար բախտորոշ գործընթացը չվերածեն իշխանության համար գզվռտոցի: Մինչեւ հիմա իրենք ի՞նչ հիմնավորումներ են ներկայացրել հասարակությանը: Բացարձակապես ոչինչ, բացի մի քանի հոդվածների վերաբերյալ անամոթ սուտ հայտարարություններից: Ընդդիմությունը բաժանվել է բազմաթիվ մասերի. մեկն ասում է` եթե արտահերթ ընտրություններ նշանակեք` «այո» կասենք: Մյուսն ասում է` «ոչ կողմ, ոչ դեմ»: Երրորդը` «ոչ թե «ոչ», այլ` բոյկոտ»: Հաջորդն էլ ասում է` «ոչ»: Էլի կարելի է մի շարք մոտեցումներ թվարկել: Եթե լուրջ հիմնավորում ունենային, նույն դիրքորոշումը կունենային: Ինչ վերաբերում է Ակադեմիայի շենքին, ապա պետք է ասեմ, որ այն վարձակալվել է եւ որեւէ մեկը չի տվել: Թող իրենք էլ վարձակալեն: Ումի՞ց են փորձել վարձակալել, որ չեն տվել:
– Արտաշես Գեղամյանն առաջարկեց իշխանություններին` միահամուռ «լծվել այո-ի գործընթացին», բայց փոխարենն իշխանությունները պետք է հրապարակայնորեն «ջենտլմենական» խոստում տան հանրաքվեից հետո ԱԺ-ն լուծարելու եւ նոր կառավարություն ձեւավորելու վերաբերյալ: Մտածե՞լ եք այս առաջարկի շուրջ:
– Մտածելու կարիք չկա: Նախ` հանրաքվեն առեւտրի գործընթաց չէ, որ ամեն մեկը սկսի ինչ-որ նախապայման դնել: Եվ, չեմ կարծում, որ նրանք, ովքեր ինչ-որ նախապայման են դնում, իրենց լավ վիճակի մեջ են դնում: Եթե նախագիծը լավն է, մարդիկ առանց առեւտուր անելու պիտի «այո» ասեն, եթե վատն է` պիտի «ոչ» քվեարկեն, էլի առանց առեւտուր անելու, ոչ թե ասեն` ի՞նչ կտաք, որ կողմ քվեարկենք կամ քարոզենք: Իսկ եթե իսկապես որեւէ մեկն առաջիկա հերթական լավ ընտրություն անցկացնելու ցանկություն ունի, ապա պետք է չկոմպլեքսավորվի եւ այստեղ համատեղի ջանքերը մյուս կուսակցությունների հետ ու աշխատի այդ ուղղությամբ: Սա է միակ ճանապարհը: ԱԺ լուծարելը չի կարող ինքնանպատակ լինել: Լուրջ նպատակներ ունեցողները պետք է շատ պարզ ալգորիթմով մտածեն. նախագիծն ակնհայտորեն էապես ավելի լավն է, քան գործող սահմանադրությունը: Ի դեպ, թե իշխանության, թե ընդդիմության կողմում գտնվող մարդիկ անհեթեթ ձեւակերպում են մտցրել, թե այս նախագիծը «մեկ քայլ առաջ է գործողից»: Սա անհեթեթություն է. սահմանադրությունը «մեկ քայլ առաջ, կես քայլ հետ, երկու քայլ կողք» բաներ չի կարող ունենալ: Նման եզրակացություն կարող են անել միայն ոչինչ չհասկացողները:
– «Ոչ» քարոզող 17 կուսակցությունները ժողովրդին կոչ են արել կեղծիքներ հայտնաբերելու դեպքում հենց հանրաքվեի օրը հավաքվել Երեւանում եւ արտահայտել իրենց բողոքը, որը կարող է վերածվել հեղափոխության: Մտավախություն չունե՞ք, որ այն իսկապես կարող է նման իրավիճակի հանգեցնել:
– Անհեթեթություն է նման մտավախություններ կամ երազանքներ ունենալը: Պետք է այդ տղայական եւ գավառական մտածողությունից հրաժարվել եւ հասկանալ, որ սա իսկապես ճակատագրական պահ է: Հայաստանի նկատմամբ եվրոպական կառույցների կողմից բացառիկ հետաքրքրություն կա, որեւէ մեկը լուրջ մտածե՞լ է սրա մասին: Պարզունակ, փողոցային, լավագույն դեպքում` Խորհրդային տարիների Կոմայգու խոսակցությունների մակարդակի վրա են այս նախագծի շուրջ ընթացող զրույցները:
– Մինչ ընդդիմության նման որոշում կայացնելը, «փողոց դուրս» գալու մասին հայտարարություն արեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:
– Շատ հետաքրքիր է, երբ Ջոն Էվանսը կամ այլ երկրի որեւէ ներկայացուցիչ իր տեսակետն է արտահայտում նախագծի վերաբերյալ, ասում են` ինչո՞ւ է խառնվում մեր գործերին, ի՞նչ իրավունք ունեն, մենք ենք մեր երկրի տերը, իսկ նման արտահայտությունից միանգամից մարդիկ ոգեւորվում են: Չի կարելի կարճ հիշողություն ունենալ, պետք է հիշել նախկինում ասածները` չմոռանալով, որ հետո էլի ինչ-որ բան են ասելու:
– Իսկ ինչո՞ւ են իշխանությունները մոռանում եւ ինչո՞ւ իրենք չասացին, որ նա իրավունք չունի խառնվելու մեր երկրի գործերին:
– Որովհետեւ դա ներքին գործերին խառնվելու խնդիր չէ: Մարդն ասել է իր տեսակետը, մոտեցումը, գնահատականները, որն ընդհանուր առմամբ ճիշտ է: Եթե կոպիտ խախտումներ լինեն, ժողովուրդն իր բողոքի ձայնը բարձրացնելու իրավունք ունի: Բայց ինչո՞ւ են մարդիկ վստահ, որ նման բան է լինելու: Ջոն Էվանսն ասում է` «եթե…»: