Ստորագրություն՝ բնակավայրից բացակայելու մասին

15/03/2011

Անցած շաբաթվանից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սկսվել է մի անանուն ստորագրահավաք` քաղաքի մերձակայքում գտնվող երկաթի հանքավայրի շահագործման համար բնակիչներից իրենց տները լքելու մասին համաձայնություն կորզելու նպատակով: Ստորագրություններ հավաքող անձինք առանց որեւէ ընկերության անունից ներկայանալու՝ բնակիչներին իրենց տները լքելու առաջարկ են ներկայացնում` խոստանալով ապահովել ժամանակավոր կացարաններով` մինչեւ նոր բնակարանների կառուցումը: Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից մեր թերթին հասցեագրված նամակի համաձայն, անգամ արդեն կան մարդիկ, ովքեր համաձայնել են այդ պայմաններին: Թեեւ պաշտոնապես դեռեւս որեւէ մանրամասն հայտնի չէ, սակայն հրազդանցիների շրջանում խոսում են, որ երկաթի հանքը շահագործելու նախաձեռնությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին, ով չի թաքցնում, որ երկաթի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի: Այվազյանը, բնականաբար, հանքերի հետ կապված գործունեությունն իրականացնում է ոչ թե իր, այլ մերձավորների անունով գրանցված ընկերությունների միջոցով: Ընդ որում, երկաթի հանքի շահագործման ուղղությամբ այս ակտիվացումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է օֆշորային գոտում գրանցված չինական «Fortune oil» ընկերության հետ Վարդան Այվազյանի ձեռք բերած պայմանավորվածություններով. «Fortune oil»-ի ներկայացուցիչներն անցած ամիս Հայաստանում էին, եւ նրանց հանդիպումները Վարդան Այվազյանի հետ ներկայացվեցին` որպես «հանքարդյունաբերության ոլորտում միջազգային կազմակերպությունների շահագրգռվածության» դրսեւորում: Ավելի պարզ ասած, Վ. Այվազյանն, ամենայն հավանականությամբ, վաճառել է այդ հանքում իր ունեցած մասնաբաժինը կամ գուցե հանքն ամբողջությամբ եւ ներկայումս ինտենսիվորեն լծվել է այն շահագործելուն: Վարդան Այվազյանից այս հանքավայրի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, քանի որ նա երեկ ամբողջ օրը չի պատասխանել մեր թղթակցի հեռախոսազանգերին: