«Կնճռոտ հարցեր կան»

15/03/2011

Երեկ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ ոստիկանությունում բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ: Ս. Սարգսյանը միաժամանակ նշել է, որ այսուհետ ավելի խիստ են լինելու անընդունելի երեւույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված` «բարձր հովանավորությունների ինստիտուտից»` մինչեւ ոչ հարիր վարքագիծ եւ պաշտոնական դիրքի չարաշահում: Ս. Սարգսյանը նաեւ նշել է, որ «օրենքը ոստիկանին հարկադրանք կիրառելու լիազորություն է տալիս»: «Նման լիազորության իրականացումն ահռելի պատասխանատվության բեռ է դնում ձեր ուսերին: Այդ պատասխանատվությունը, թերեւս, համեմատելի է միայն հիվանդի առջեւ կանգնած վիրաբույժի պատասխանատվության հետ: Ձեր գործառույթները արդյունավետ իրականացնելու համար կարեւորում եմ մի քանի գործոն. առաջին հերթին, կարեւորում եմ ձեր քաղաքացիական գիտակցությունը: Լավ ոստիկանը լավ քաղաքացի պիտի լինի, կայացած եւ իր առաքելությանը վստահ մարդ: Երկրորդ, ոստիկանին վերապահելով կարեւորագույն լիազորություններ, օրենքը սահմանափակումներ եւ պահանջներ է ներկայացնում իրավապահին: Որեւէ հարցի կամ երեւույթի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը որեւէ կերպ չպետք է խանգարի այդ խստագույն պահանջների կատարմանը: Սա, իրավամբ, բարդագույն խնդիր է: Սակայն, առանց այդ խնդրի հաղթահարման` լավ ոստիկան լինել հնարավոր չէ: Իսկ լավ ոստիկանները մեզ շատ են անհրաժեշտ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը` նույնպես: Երրորդ, ձեզ տրված է հայեցողական որոշումներ կայացնելու լիազորություն եւ պատասխանատվություն: Հնարավոր չէ բոլոր իրավիճակների համար դեղատոմսեր ունենալ, առավել եւս` օրենքի մակարդակով: Հնարավոր չէ կանխատեսել բոլոր հակասական իրավիճակները ու կանխել բոլոր իրավախախտումները: Հենց այդ պատճառով է, որ ոստիկանի` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը զուգորդվում է հայեցողության որոշակի տարրերով: Առանց դրանց` իրավապահները չեն կարող արդյունավետ գործել»,- ասել է Ս. Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ վկայակոչված հայեցողությունը պետք է գործի մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության, կամայականության արգելքի սկզբունքների շրջանակում: Ս. Սարգսյանի խոսքով` Ոստիկանության որեւէ գործողություն, հասարակության հիմնարար եւ համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, «տարմեկնաբանության տեղիք չպետք է տա». «Կնճռոտ հարցեր այստեղ կան եւ կմնան: Սակայն միշտ եւ ամենուր ոստիկանի գործողությունները պիտի դիմանան այդ արժեքների քննությանը: Սա է Ոստիկանության, իրավապահ համակարգի հանդեպ վստահության բարձրացման բանալին: Տեսեք, եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, եւ ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` այ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը: Կամ մեկ այլ օրինակ` երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, սպանության փորձ է տեղի ունենում, իրեղեն ապացույցները համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետեւ բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ, այդ հանցագործությունը պարտակվում է, եւ արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանության դեպք եւ, բնականաբար, այդպիսի պատիժ: Ինչպիսի՞ն պետք է լինի նույն Գավառի հասարակության վերաբերմունքը Ոստիկանությանը, ինչպիսի՞ն պետք է լինի այլ մարզերի, նույն Երեւանի բնակչության վերաբերմունքը Ոստիկանությանը: Ահա այս խնդիրներն են, որ մենք պետք է լուծենք: Եվ սա միայն ոստիկանապետի խնդիրը չէ, միայն փոխոստիկանապետերի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, բոլոր նրանց, ում համար թանկ են Ոստիկանության պատիվը, հեղինակությունը»,- նշել է Ս.Սարգսյանը: Ս. Սարգսյանի խոսքով` պետք է հնարավոր բոլոր միջոցներով ամրապնդել ոստիկանի կայացրած որոշման ու նրա գործողությունների եւ հասարակության արժեքների միջեւ կապը. «Չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է` ծառայել մարդուն եւ քաղաքացուն, ամրապնդել մեր հասարակությունն ու պետությունը` գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու եւ դրա ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու հարցում»: