Ինչպես գիտեք՝ Հայաստանն ունի մի կառույց, որը պետք է զբաղվի երկրի մրցունակության բարձրացմամբ։ Հիմնադրամն այդպես էլ կոչվում է. «Ազգային մրցունակության հիմնադրամ»։ Թե կոնկրետ ինչ է անում այս կառույցը՝ մեր երկիրը մրցունակ երկիր դարձնելու համար, Հայաստանում շատ քչերը կարող են ասել։
Ավարտին հասցված միակ նախագիծն առայժմ «Տաթեւի թեւեր» ճոպանուղին է, որը, չնայած աշխարհում ամենաերկարն է, բայց արտերկրում այն իր հանրահայտությամբ դեռեւս զիջում է Քիմ Քարդաշյանի բարեմասնություններին։ Հուսանք, որ սա ընդամենը ժամանակի խնդիր է, քանի որ Քիմի դեպքում տարիքն, այնուամենայնիվ, իրենն ասում է, եւ կգա մի օր, երբ արտերկրում, իմանալով` որ հայ եք, ձեր զրուցակիցը միանգամից չի ասի՝ իսկ Քիմ Քարդաշյանին ճանաչո՞ւմ եք։
Իհարկե, տարիքն իրենն ասում է նաեւ ճոպանուղու դեպքում, որը դեռ նորմալ չգործած՝ հանկարծ կանգ առավ։ Սակայն սա տեխնիկապես լուծելի խնդիր է, մանավանդ մի հիմնարկի համար, որտեղ գլխավոր տնօրենի ամսական աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է, եւ որի նպատակն է` տնտեսության «առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը»։ Այս ուղղությամբ դեռ աշխատել է պետք։ Սակայն մինչ այդ ոչինչ չի խանգարում, որ հոգաբարձուների խորհուրդը պարբերաբար հավաքվի, մտքեր փոխանակի միջազգային ու տեղական զարգացման միտումների շուրջ եւ, ինչպես ասում են, «քանի մենք մերոնցով ենք»՝ մի քիչ հպարտանա ձեռքբերումներով։
Այսպես, երեկ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 19-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետն իր բացման խոսքով անդրադարձել է ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին` նշելով, որ հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս, «ինչը բավական հուսադրող է»։ «Արդյունաբերությունում ունենք 5.7 տոկոսանոց աճ, շինարարությունը փոքր աճ է դրսեւորում, համենայն դեպս, կարեւոր է, որ անկում չկա նախորդ տարվա համեմատ: Առեւտրաշրջանառությունը գտնվում է նույն մակարդակի վրա, փոքր աճ ունենք: Էական` 24.3 տոկոսանոց աճ ունենք ծառայությունների ոլորտում, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ: Առեւտրաշրջանառությունը բնութագրվում է նրանով, որ ունենք 2.3 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում, կարեւոր է, որ արտահանումը շարունակում է բավական բարձր տեմպերով աճել. նախորդ տարվա համեմատ այն աճել է 21 տոկոսով` այն դեպքում, երբ ներմուծումը կրճատվել է մոտ 2 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Էլեկտրաէներգիայի արտադրությունն է աճել 20 տոկոսով, միջին ամսական աշխատավարձն է աճել 4.5 տոկոսով: Այն Հայաստանի Հանրապետությունում կազմել է 105 հազար դրամ, ընդ որում` պետական հատվածում այն կազմում է 82 հազար դրամ, մասնավոր հատվածում` 131 հազար դրամ»,- ասել է Տ. Սարգսյանը:
Ահա այսպես՝ միայն դրական զարգացումներ։ Կողքից լսողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ամեն ինչ փայլուն է։ Թեպետ «կողքից լսող», այնպես թե այնպես, չկա. այդպիսին կարելի է համարել միայն ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին։ Սակայն նա էլ արդեն Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Այլ կերպ ասած՝ մերոնցից է։ Կամ` նրանցից: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վարչապետը խոսել է նաեւ խնդիրներից։ Այսինքն՝ այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է։ Որպես 2011թ. գերակա խնդիրներ` Տիգրան Սարգսյանը նշել է բարձր գնաճի զսպման եւ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին։ «2011թ. համար մենք երկու էական պրոբլեմ ենք ֆիքսում. բարձր գնաճը, որը մինչեւ տարեվերջ կփորձենք կրճատել երկու անգամ` այսօրվա 12 տոկոսից հասցնելով մինչեւ 6 տոկոս, եւ կարեւորագույն գյուղատնտեսության ոլորտը: Մենք մեծածավալ նոր ծրագրեր ենք իրականացնում գյուղատնտեսությունում եւ ակնկալում ենք առնվազն 10 տոկոսանոց աճ, որն էապես կնպաստի նաեւ գնաճի զսպմանը, որովհետեւ այս 12 տոկոսանոց գնաճը նաեւ էականորեն պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2010թ. գյուղատնտեսությունում ունեցանք 13.5 տոկոսանոց անկում»: Գնաճը կրկնակի անգամ կրճատելու հանձնարարական մի քանի օր առաջ տվել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Կարող է թվալ, որ մնում է այդ խնդիրն էլ լուծվի, եւ վերջ՝ Հայաստանի տնտեսությունը կմտնի անշեղ զարգացման փուլ։ Սակայն հենց գնաճի դեմն ամեն գնով առնելու մտադրությունն է, որ թույլ չի տալիս չափից դուրս լավատես լինել։
Բանն այն է, որ գնաճը մեղմելու քայլերը, որպես կանոն, արգելակում են տնտեսական աճը։ Երբ գնաճի դեմ պայքարում են հարկաբյուջետային քաղաքականությամբ, դա նշանակում է, որ պետությունը նվազեցնում է ծախսումները եւ փողը «քաշում» տնտեսությունից։ Ի տարբերություն կառավարության, որը կարող է ոչ ավանդական միջոցների դիմել (ինչպես, օրինակ, գների վերին շեմ սահմանելու նախաձեռնությունը), Կենտրոնական բանկը գնաճի դեմ պայքարելու շատ քիչ ռեսուրսներ ունի (թեպետ օրենսդրությամբ նրան է վերապահված գների կայունության ապահովման գործառույթը)։ «ԿԲ-ն ունի միայն երկու հիմնական գործիք գնաճի զսպման համար` վերաֆինանսավորման տոկոսադրույքի եւ պարտադիր պահուստավորման նորմերի տեսքով: Աշխարհում ոչ մի Կենտրոնական բանկ գնաճի զսպման այլ գործիքներ չունի»,- նշել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Այսինքն՝ ԿԲ-ն մի կողմից` բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (թանկացնում փողը), մյուս կողմից` ստիպում բանկերին դրամային ռեսուրսների մի մասն ուղղել պարտադիր պահուստավորմանը՝ ստեղծելով դրամի դեֆիցիտ։ Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց մարտի 4-ին՝ 0.5 տոկոսային կետով եւ սահմանելով այն 8.25%։ ԿԲ ղեկավարները չեն բացառում, որ դրամավարկային քաղաքականությունը կարող է է՛լ ավելի խստացվել. դա կախված կլինի գնաճային զարգացումներից։ Տնտեսագետներից շատերը կարծում են, որ այս քաղաքականությունը էապես չի ազդի գնաճի վրա, սակայն կվնասի տնտեսական ակտիվությանը, քանի որ բիզնեսի վարկավորումը կնվազի։
Կենտրոնական բանկն այս դիտարկման հետ համաձայն չէ։ Ա. Ստեփանյանը նշել է, որ դրամավարկային քաղաքականության խստացումը գլխավորապես կհանգեցնի սպառողական վարկավորման զսպմանը եւ դրամային ավանդների աճին, իսկ ընթացիկ տարվա ընթացքում բիզնես-վարկավորման ոլորտում էական փոփոխություններ չեն լինի։ Հիմնավորումն այն է, որ ի տարբերություն սպառողական վարկերի, բիզնես-վարկերը հիմնականում տրամադրվում են արտարժույթով։
Առեւտրային բանկերը, սակայն, այդքան էլ լավատես չեն եւ անհանգստության նշաններ են ցույց տալիս։ Օրինակ, «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ դրամավարկային պայմանների խստացումը կարող է բարձրացնել վարկերի տոկոսադրույքը եւ դանդաղեցնել առեւտրային բանկերի վարկային պորտֆելների աճը։ Նա նշել է, որ համարյա բոլոր բանկերն ունեն դրամային իրացվելիության խնդիր եւ արտարժութային գերիրացվելիություն, քանի որ ներգրավվող միջոցների 70-75 տոկոսն արտարժույթով են: ԿԲ-ն բարձրացրել է դոլարով ներգրավված միջոցներից դրամով կատարվող պահուստավորման չափը, ինչը ստիպում է բանկերին` դրամային ռեսուրսների մի մասն ուղղել պահուստավորմանը, իսկ արդյունքում՝ քայլեր ձեռնարկել դրամ հայթայթելու ուղղությամբ։ Ի՞նչ կարող են անել բանկերն այս պարագայում. կամ ստիպված կլինեն ավելի թանկացնել դրամով տրամադրվող վարկերը, կամ իրենց շահույթների հաշվին կրճատել տոկոսադրույքների մարժան, ինչը քիչ հավանական է։ Այսինքն, դատելով վերը նշվածից, սպառողական վարկերը կթանկանան։ Իսկ դա սպառողի համար ոչնչով չի տարբերվում գնաճից։
Մի խոսքով՝ ստիպված ենք համակերպվել այն ճշմարտության հետ, որ երկու երնեկ մի տեղ չի լինում. երբ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ, դա ունենում է կողմնակի հետեւանքներ՝ փողի դեֆիցիտի եւ վարկերի թանկացման տեսքով։ Գնաճի խնդրով զբաղվողները, սակայն, առաջարկում էին եւս մեկ լուծում, որը կողմնակի բացասական հետեւանքներ չէր ունենա՝ պայքարել մոնոպոլիաների դեմ, ստեղծել իրական մրցակցային դաշտ եւ թույլ չտալ, որ ոմանք գերշահույթներ ստանան՝ չարաշահելով իրենց մոնոպոլ դիրքը։ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետի կարծիքով` տնտեսության օլիգարխիկ կառուցվածքի դերը ներկայիս գնաճի հարցում չափազանցված է։ Նա հիշեցրել է, որ ՀՀ տնտեսության կառուցվածքը վերջին տարիների ընթացքում էական փոփոխությունների չէր ենթարկվում, մինչդեռ «անգամ մենաշնորհների, օլիգոպոլիաների եւ մրցունակության խնդիրների պայմաններում գնաճը ցածր էր: Այդ աճը տեղի է ունեցել միայն արտաքին միջավայրի ազդեցության եւ անպտղատու տարվա հետեւանքով»։
Ասվածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա։ Սակայն չի բացառվում, որ մեր մոնոպոլիստները պարզապես գնալով ագահացել են։ Վերջիվերջո, ախորժակն ուտելիս է բացվում։ Անկախ այդ ամենից, օլիգարխներին թեկուզ անուղղակիորեն արդարացնելը խոսում է այն մասին, որ օլիգարխիկ համակարգի դեմ լուրջ պայքարի մենք դժվար թե ականատես լինենք։