ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ տարածած հաղորդագրության համաձայն` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս տեղեկություն էին ստացել այն մասին, թե Երեւանի Արաբկիր վարչական տարածքի Բաղրամյան փողոցում գործում է ապօրինի հյուրանոցային տնտեսություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հարկային մարմիններում չհաշվառված եւ ապօրինի գործող հյուրանոց. որպես դրա փաստացի սեփականատեր է ներկայացել նույն հասցեի բնակիչ Ալիռեզա Մոհամմադի Խոսրով Աբադին: Հյուրանոցի ապօրինի գործունեությունը դադարեցվել է: Իսկ մայրաքաղաքի Շիրակի փողոցում բացահայտվել է զովացուցիչ ըմպելիքների ապօրինի արտադրություն: Առանց համապատասխան պետական գրանցման գործունեությունը ծավալել էր Երեւանի բնակիչ Էռնեստ Մամիկոնյանը: Ըստ վերջինիս հայտարարության` արտադրամասը գործել է այս տարվա հունվարի կեսից: Անօրինական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: Վարչության Նոր Նորքի աշխատակիցներն էլ, իրացնելով օպերատիվ տվյալները, օրեր առաջ հայտնաբերել են գործող խանութ, որը, ինչպես պարզվել է, չի ունեցել պետական գրանցում եւ հաշվառված չի եղել հարկային մարմիններում: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատերը Արկադի Հովհաննիսյանն է, ով նշված խանութում զբաղվել է գյուղմթերքի վաճառքով: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: