Հրազդանցիներին ցանկանում են տեղահանել

15/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքավայրի շահագործման նպատակով ստորագրահավաք է սկսվել: Ստորագրություններ հավաքող անձինք առանց որեւէ ընկերության անունից ներկայանալու՝ բնակիչներին տեղահանելու առաջարկներ են անում:

Հրազդանցիների փոխանցմամբ՝ ստորագրահավաքը սկսել են Հրազդանի Բանավանի շրջանում եւ դպրոցներում: «Ոմն անձանց կողմից ստորագրահավաք է սկսվել, մտնում են դպրոցներ ու համոզում են ստորագրել իրենց պապական տներից տեղահան անելու միտումով: Փոխարենը` մարդկանց առաջարկում են վարձով սենյակ, մինչեւ իրենց համար մեկ այլ տեղ տուն կկառուցեն եւ կտեղահանեն այնտեղ ապրելու: Բանավանից 1,5կմ է հանքը»,- ասվում է Հրազդանի մի խումբ բնակիչների կողմից մեր թերթին հասցեագրված նամակում: «Կոնկրետ թիվ 13 դպրոց են եկել, 2 հոգի ասել են, որ ստորագրություն են հավաքում Բանավանի 2-րդ թաղամասից մարդկանց տեղահանելու համար: Ասում են՝ ստորագրեք, որ համաձայն եք մարդկանց տեղահանելու եւ գործարանը բացելու համար: Կան մարդիկ, որ արդեն համաձայնել են»,- երեկ մեզ փոխանցեց Հրազդանի բնակիչներից մեկը: Մյուս կողմից` արդեն 1 շաբաթ է՝ Հրազդանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ ստորագրահավաք են սկսել՝ հանքի շահագործումը կանխելու նպատակով, որը հանձնելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ Հրազդանի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանի՝ արդեն մոտ 200-300 ստորագրություն է հավաքվել: «Տեղահանման ծրագրի համար ես փաստացի նյութեր չունեմ, ուղղակի քաղաքացիներն ասացին, մենք էլ փորձեցինք ճշտել, բայց փաստը մնում ա փաստ, որ օֆիցիալ որեւէ բան չկա»,- նշեց Ժ. Առաքելյանը: Հարցին, թե ինչ է ենթադրում «փորձեցինք իմանալը», Հրազդանի «Օրհուսի» համակարգողը պատասխանեց. «Ով որ մեզ ահազանգել էր, մենք կապվեցինք, ասացինք՝ կոնկրետ ձեզ ով ա ասել սենց-սենց բան: Ինքն ասաց՝ ազգանուն չգիտեմ: Ես էլ ասացի` եթե դուք անհանգստացած եք, մի քիչ էլ մեզ օգնեք, որ մենք հետաքրքրվենք էդ հարցով: Եթե դուք անհանգստացած եք, մի քիչ էլ մեզ օգնեք, որ մենք էլ կարողանանք այդ գործընթացին ընթացք տալ: Ինքն ասաց՝ ընդամենն անունը գիտեմ, որ ստորագրել ա»: Ընդ որում՝ դեռեւս 2009թ. հունվարին «Նագին» անվամբ անհայտ մի ընկերություն հանքի շահագործման նպատակով Կոտայքի մարզպետարանում կազմակերպել է առաջին հասարակական լսումը, որի մասին տեղյակ չեն եղել անգամ տեղի բնապահպանները: Բացի այդ, 2008թ. հոկտեմբերի 13-ին ընկերության «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» աշխատանքային նախագծին «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է դրական եզրակացություն: «Մենք ուզում էինք «Նագին» ընկերությանը նամակ ուղարկել, բայց քանի որ ընկերությունը իրավաբանական հասցե չունի ու գրանցված է Չարենցավանում ինչ-որ բնակելի շենքի վրա, մենք նամակ չուղարկեցինք: Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ընկերությունը պատկանում է Վարդան Այվազյանին, բայց գրանցված է նրա տիկնոջ թե որդու անվամբ»,- դեռեւս 2 տարի հանքավայրի բացման վտանգի մասին խոսելիս` մեզ հետ զրույցում ասաց Հրազդանի «Օրհուս» կենտրոնի նախկին համակարգող Էդգար Ենգիբարյանը: Վերջինս մեջբերել էր նաեւ Բնապահպանության նախարարությունից ստացած իր նամակի պատասխանը: «Ամենակուլմինացիոն դիտարկումը հետեւյալն ա՝ «Այս հանքավայրը զուտ սեւ երկաթի հանքավայր ա լինելու՝ պղինձ, սելեն, քրոմ, ինչպես նաեւ` արսեն չի պարունակելու: Ես հարց եմ տալիս՝ Հրազդանի երկաթի հանքավայրում ընդամենը 27,95% երկաթ կա, բա մնացած 70,05%-ն ի՞նչ ա: Նախագծում նշվում է նաեւ Քաղսիի մաքրման կայանի մասին, բայց Քաղսիի մաքրման կայանը սովետական ժամանակներից չի գործում՝ ավերված, քայքայված վիճակում ա: Նշում են՝ Ախպարայի ջրամբարը 4-5կմ հեռավորության վրա է: Էդ էլ ա աբսուրդ, որովհետեւ 4-5 կմ հեռավորության վրա Սոլակ գյուղն է»,- ասել էր Է. Ենգիբարյանը՝ հանգամանորեն նշելով նախագծի «աբսուրդային» կետերը: Ինչեւէ, դեռեւս 2 տարի առաջ Հրազդանում հնարավոր աղետից խուսափելու համար ստորագրահավաք կազմակերպվեց: Մոտ 57. 000 բնակչություն ունեցող քաղաքից միայն 1500 մարդ ստորագրեց: Հրազդանի երկաթի հանքը գտնվում է քաղաքից 800 մ վրա, Սեւան-Հրազդան ջրանցքից՝ 600 մ, իսկ Հրազդան գետից ընդամենը 1500 մ հեռավորության վրա: Բլրի ուղիղ լանջերին են գտնվում քաղաքի Բանավան, Վանատուր եւ Ախպարա թաղամասերը եւ այլ բնակավայրեր, մասնավորապես՝ Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերը: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին հանքավայրի շահագործման նախագիծը կասեցվել է: Այն ժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ հանքը պարունակում է 75-100 մլն տոննա երկաթի հանքաքար՝ 27,95% երկաթի պարունակությամբ: Ինչեւէ, միգուցե այն ժամանակ այսպիսի «մետաղասեր» օլիգարխներ ու պաշտոնյաներ չեն եղել` այդ պատճառով: Նրանցից, օրինակ, Վարդան Այվազյանը առանց թաքցնելու հայտարարում է, որ մետաղների նկատմամբ սեր ունի: «Ինչի՞ նկատմամբ պետք է ունենայի, պլաստմասսի՞»,- շաբաթներ առաջ ասել էր Վ. Այվազյանը, ով Հայաստանի խոշոր հանքատերերից է եւ, ինչպես բոլոր պաշտոնյաներին, իր ունեցածը գրանցում է տիկնոջ, որդու կամ եղբոր անուններով: Այս մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Վ. Այվազյանին պատկանող «Նագին» ընկերությունը երկաթի ուսումնասիրում եւ վերագնահատում կատարում է Կոտայքի մարզի Աբովյան եւ Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Ընդ որում՝ ընկերության գրանցման հասցեն է` Կոտայքի մարզի Չարենցավան 6Թ, 22-16, եւ գրանցվել է Վ. Այվազյանի տիկնոջ՝ Մարիամ Գինոսյանի, որդու՝ Գագիկ Այվազյանի, եւ եւս 2 հոգու անուններով: «Սուրարտ» ընկերության անունից էլ ներկայանում է Այվազյանի եղբայրը՝ Սուրեն Այվազյանը: Վերջինիս ընկերությունն էլ զբաղվում է Լոռու մարզի Բազումի, Սյունիքի մարզի Կամաքարի երկաթի հանքերի երեւակման ու ուսումնասիրման աշխատանքներով: Ընդ որում՝ 2 հանքերի լիցենզիան էլ Ս. Այվազյանը ստացել է նույն օրը: Պարզվում է, սակայն, բացի Վ. Այվազյանից, չինացիները եւս հետաքրքրված են սեւ մետաղներով: Փետրվարի 28-ին չինական «Ֆորչուն օյլ» («Fortune oil») ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Քիամ Փունը հայտարարեց, թե Հայաստանի երկաթի արդյունահանման բնագավառում պատրաստվում են խոշորածավալ ներդրումներ անել: «Մենք հանքահորից հանելու ենք երկաթի հանքաքարը, վերամշակելու ենք գործարանում: Երկաթահանքերը շահագործվելու են փուլերով: Նախ կտարվեն հանքարդյունահանման նախապատրաստման աշխատանքներ, այնուհետ՝ հանքարդյունահանման, այսինքն՝ հանքանյութից երկաթի խտանյութ կստանանք: Մենք դեռ ապահովում ենք մեզ անհրաժեշտ միջոցները: Հրազդանում մեր ներդրումները հասնում են մինչեւ 110 մլն դոլարի: Աբովյանում մեր ներդրումների ծավալը կազմում է մինչեւ 400 մլն դոլար: Այսինքն, ընդհանուր ստացվում է շուրջ 500 մլն դոլար: Այս ներդրումներն արվելու են 5-6 տարիների ընթացքում: Հրազդանում 2-3 տարվա ընթացքում կունենանք 2 մլն տոննա երկաթի խտանյութի արտադրություն, իսկ Աբովյանում՝ 5-6 տարվա ընթացքում արտադրության ծավալները կհասնեն մոտ 8 մլն տոննայի: Նախ` մենք պետք է հորատենք հանքը, որից հետո կուսումնասիրենք խտանյութի բնույթը, եւ, հավանաբար, 2012 թվականին Հրազդանում գործարան կկառուցենք»,- ասել է չինական ընկերության ղեկավարը: Ընդ որում՝ չինական ընկերությունը հայաստանյան երկաթի հանքերը ձեռք է բերել միջնորդավորված՝ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների միջոցով: Ի դեպ, անցած ամիս Հայաստան այցելած չինացի այդ գործարարների հետ ինտենսիվ հանդիպումներ էր ունեցել Վարդան Այվազյանը, ով երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: