«Գնա՛ եւ այլեւս երբեք չգաս։ Երբե՛ք…»

15/03/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մենք, չգիտես ինչու, միշտ ակնկալում ենք, որ հոգեւոր դասի ներկայացուցիչները, հատկապես, եթե նրանք բարձրաստիճան հոգեւորականներ են, լինեն իմաստուն, ժուժկալ, չլինեն արծաթասեր, նախանձ, քծնող: Հոգեւորականներից նման որակներ սպասելու հիմքեր ունենք. այդ մարդիկ սեփական կամքով ընտրել են Աստծո ճանապարհը, հոգեւորի ճանապարհը` թողնելով աշխարհիկ կյանքը: Սակայն ամեն անգամ նորովի զարմանալ, թե ինչու են եկեղեցու մեր` հատկապես բարձրաստիճան սպասավորները, սիրում շքեղություն, թանկարժեք ավտոմեքենաներ, բարձր հասարակություն, էներգիայի զուր կորուստ է: Այդ հարցը կարելի է տալ միայն այն դեպքում, երբ փորձենք հասկանալ` իսկ ո՞ւմ հետ ենք նրանց համեմատում: Նաիվ չլինենք եւ չհամեմատենք մեր հոգեւորականներին Հիսուս Քրիստոսի հետ: Հոգեւորականներից ակնկալել բարեպաշտություն միայն այն հիմնավորմամբ, որ նրանք մեզնից շատ են տալիս Աստծո անունը կամ օծված են, նույնն է թե, երկրի բարձրաստիճան ղեկավարությունից ակնկալենք լինել գրագետ, ազնիվ, ոչ կոռումպացված, քանի որ ոչ մի ստորության առաջ կանգ չառնելով` իշխանություն են ձեռք բերել:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, այն է, որ մեր հասարակությունը դեռ սպասում է: Սպասում է հրաշքի, երբ հանկարծ ի հայտ կգա գոնե մեկ բարոյական պաշտոնյա, ով հարգել կիմանա իր երկրի քաղաքացուն ու իր երկրի օրենքները: Երբ մի բարձրաստիճան հոգեւորական կանի այն անհրաժեշտ, հեղափոխական քայլը, դեն կնետի իր հոգին ու մարմինը կաշկանդող ավելորդությունները, այդպիսով` կպարտավորեցնի նաեւ հասարակությանը` կրկնել այն, օրինակ վերցնել: Սակայն նման խիզախություն կարող է դրսեւորել մեզնից յուրաքանչյուրը` չսպասելով այլոց օրինակին: Սակայն, հասկանալի է, չենք շտապում …

Մեր թերթը, հետո նաեւ` մյուս լրատվամիջոցները, բավական սարկազմով անդրադարձան Արարատյան թեմի հոգեւոր առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թանկարժեք «Բենտլի» ավտոմեքենային: Սակայն շքեղությունների հանդեպ սերը միայն Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորների թուլությունը չէ: Վերցրեք ցանկացած աղանդ, նրանց առաջնորդները եւս իրենց շարքային անդամներին, որոնց մեջ քիչ չեն ազնիվ մարդիկ, խորհուրդ են տալիս ապրել քրիստոնեական արժեքներով, կարիքավորին տալ վերջին շապիկը, իսկ իրենք բնակվում են շքեղ առանձնատներում, երթեւեկում են թանկարժեք ավտոմեքենաներով: Եվ հասարակությունն էլ իրեն այլեւս պարտավորված չի զգում բարոյական լինել` չունենալով քաղաքական եւ հոգեւոր բարոյական, Աստծո եւ մարդկանց առաջ պատասխանատվություն ստանձնած առաջնորդներ:

Եվ սա, կարծես, օրինաչափ է: Կարելի է հղումներ անել համաշխարհային գրականությանը: Նման դեպքերում մեջբերումներ են անում հատկապես Խորենացու «Ողբից», սակայն բարձրաստիճան հոգեւորականության անձնական ողբերգությանն ամենից խոր անդրադարձել է Ֆեոդոր Միխայլովիչը: Վերընթերցեք «Կարամազով եղբայրներ» վեպի «Վելիկի ինկվիզիտոր» գլուխը: Պատմում է Իվան Կարամազովը:

Դեպքերը զարգանում են 16-րդ դարի Իսպանիայում, ավելի կոնկրետ` Սեւիլիայում: Աստծո Որդին ցանկացավ մի պահ հայտնվել իր զավակների կողքին եւ հատկապես այնտեղ, ուր այդ ժամանակ ճարճատում էին հերետիկոսների խարույկները: Եվ ցանկացավ մարդկանց մեջ հայտնվել հենց մարդկային այն կերպարանքով, որով երեք տարի շրջում էր մարդկանց մեջ դրանից 15 դար առաջ: Նա հայտնվեց լուռ, աննկատ, սակայն, արի ու տես, բոլորը Նրան ճանաչեցին: Ժողովուրդը լալիս էր եւ համբուրում Նրա ոտնահետքերը: Նա մարդկանց էր մեկնում ձեռքերը, եւ կույրերը սկսում են տեսնել, հիվանդները բժշկվում են, մահացած փոքրիկ աղջնակի մարմնի մոտ Նրա շուրթերն արտասանում են հայտնի խոսքերը. «Տալիֆա կումի», եւ աղջնակն արթնանում է: Այդ միջոցին երեւում է 90-ամյա կարդինալը` մեծ ինկվիզիտորը, եւ տեսնում Նրան: Ժողովուրդը վախեցած խոնարհվում է կարդինալի առաջ: Կարդինալի թիկնազորը կալանավորում է Նրան եւ փակում մի խցում: Գիշերը կարդինալը գալիս է խուց եւ դիմում Աստծո Որդուն: Նրա մենախոսությունը այսպես փոխանցելը բարդ է, պետք է ընթերցել: Իմաստը սա է. «Դու անգամ իրավունք չունես ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել ես: Ինչո՞ւ ես եկել մեզ խանգարելու, քանի որ Դու եկել ես մեզ խանգարելու եւ Ինքդ էլ դա գիտես»: Պե՞տք է մարդկանց այն ազատությունը, որ տվել է նրանց Աստված: Այդ ազատությունը ծանր բեռ է: Մարդկանց ազատություն հարկավոր չէ, հարկավոր են երջանկություն ու հանգստություն: Մարդիկ, Չարի ու Բարու միջեւ ընտրություն անելու ազատությունից սարսափած, իրենց անտանելի ազատությունը սիրով հանձնում են բարձրաստիճան հոգեւորականներին: «Եվ մենք կասենք, որ գործում ենք Քո անունով, հանուն Քեզ: Մենք կխաբենք այդ մարդկանց, քանի որ Քեզ արդեն մեզ մոտ չենք թողնի: Եվ այդ ստի մեջ կլինի մեր տառապանքը»: Հրաշք, գաղտնիք եւ հեղինակություն. սրանք են այն երեք ուժերը, որոնք կարող են կախարդել թշվառ մարդկանց:

Ինկվիզիտորը ժամանակին եւս անապատներում է ապրել, սնվել արմատներով, փորձել հաղթանակ տանել իր մարմնի վրա` ազատ եւ կատարյալ դառնալու համար, սակայն մի պահ հանկարծ հասկացել է, որ այնքան էլ բարոյական չէ հասնել կատարելության, որպեսզի հասկանաս, թե միլիոնավոր Աստծո ստեղծած մարդիկ մնացել են անգիտության մեջ, որ նրանք երբեք ի վիճակի չեն լինի գլուխ հանել իրենց շնորհված ազատությունից: Դա հասկանալով` նա վերադարձավ անապատից:

Եվ ի՞նչ են անում նրանք` բարձրաստիճան հոգեւորականները. ստիպում են այդ միլիոնավոր մարդկանց աշխատել, իսկ աշխատանքից ազատ նրանց ժամանակը լցնում են զվարճություններով: «Մենք թույլ կտանք բազմամիլիոն այդ ամբոխին մեղք գործել, եւ նրանք մեզ կսիրեն դրա համար, որ մենք նրանց թույլ ենք տվել մեղք գործել: Եվ կասենք, որ յուրաքանչյուր մեղք, որ կատարվել է մեր թույլտվությամբ, մեր համաձայնությամբ, կարելի է քավել: Իսկ այդ մեղքերի համար պատիժը վերցնում ենք մեզ վրա: Եվ ամբոխը կսկսի աստվածացնել մեզ այն բանի համար, որ Աստծո առաջ իրենց մեղքերի պատասխանատվությունը մենք ենք ստանձնում: Կլինեն հազարավոր միլիոն երջանիկներ եւ միայն հարյուր հազար վշտակիրներ, ովքեր իրենց վրա են վերցրել անեծքը` ճանաչել բարին ու չարը»: «Իմացիր, ես քեզանից չեմ վախենում»,- ասում է կարդինալը Նրան: Եվ կարդինալը խոստանում է. «Վաղն առավոտյան Քեզ (որպես հերետիկոս.- Լ.Ա.) կայրեն խարույկին, եւ Դու կտեսնես, թե ինչպես է ժողովուրդը փայտ ավելացնում կրակին»: Ինչո՞վ է ավարտվում այս պատմությունը: ՆԱ, որ այդ ընթացքում անգամ մեկ բառ չէր արտաբերել ու կարեկցանքով նայում էր տարաբախտ այդ հոգեւորականին, մոտենում է կարդինալին ու համբուրում նրան: Կարդինալը բացում է խցի դուռն ու ասում. «Գնա եւ այլեւս երբեք չգաս: Երբեք… երբեք»:

Ինչպե՞ս կընդունեն Աստծո Որդուն մեր այսօրվա՛ հոգեւորականները, եթե իրենց թանկարժեք ավտոմեքենաների պատուհանից հանկարծ տեսնեն Նրան: Կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել: Սակայն գուցե դրանց անհրաժեշտությունը չկա: Բավական է Իվան Կարամազովի պատմած այս առասպելը ուշադիր լսող Ալյոշայի արձագանքը.

– Քո այդ ինկվիզիտորը պարզապես Աստծուն չի հավատում, ահա եւ ողջ գաղտնիքը: