Հատուկ Սոցապ նախարարության համար

15/03/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Ինչպե՞ս օգնել հաշմանդամ կնոջը» հրապարակումն Ամալյա Հարությունյանի մասին էր, ով, ինչպես նշել էինք` պարբերաբար ենթարկվում է ընտանեկան բռնության:

61 տարեկան այս կինն իր հետ կատարվածը մեզ պատմել էր` խնդրելով չնշել իր հասցեն եւ քրոջ որդու (ով նրան ծեծում է) անունը` ելնելով իր անվտանգության նկատառումներից: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը հիվանդության պատճառով հայտնվել է հիվանդանոցում, որի արդյունքում վերջինիս քույրը գաղտնի կերպով տիկին Ամալյայի բնակարանը` որպես նվիրատվություն, ձեւակերպել է սեփական որդու անունով: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո քրոջ որդին ընտանիքով տեղափոխվել է տիկին Ամալյայի մեկ սենյականոց բնակարան եւ վիճաբանությունների, ծեծկռտուքի ճանապարհով ներկայումս նրան փորձում է դուրս անել տնից: «Ես վերջերս եմ իմացել, որ իմ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նրանք ինչ կեղծիքների են դիմել: Ես հիմա իմ տան խոհանոցում եմ ապրում»,- մեզ հետ զրույցում պատմում էր նա` խնդրելով իրեն օգնության ձեռք մեկնել, քանի որ զրկված լինելով նպաստի իրավունքից եւ քրոջ որդու խնամքից` չի կարողանում օրվա հացն ապահովել: Նա վստահեցնում էր, որ դիմել է ընտանեկան նպաստի գրասենյակի տեսուչին, սակայն մերժվել է նպաստ ստանալու իրավունքի հարցում: Հոդվածում նաեւ նշել էինք` «ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ամեն տարի բարեփոխումներ է ներկայացնում ու այդ համակարգի «արդյունավետությունից» հրճվանք է ապրում»: Այս որակումն այնպես է ազդել Սոցապի ներկայացուցիչների վրա, որ չեն խնայել անգամ հոդվածի հերոսին` Ամալյա Հարությունյանին: Հաշվի չառնելով հոդվածում տեղ գտած նախազգուշացումներն այն մասին, որ բռնության ենթարկված կինը խնդրում է իրեն օգնել գաղտնիության պայմաններում, հակառակ դեպքում` «Էդ տնից դիակս կհանեն», նախարարության աշխատակիցներն, ինչպես ասում են, վերքի վրա աղ են լցրել: Նախ` զանգահարել են նրանց տուն. հեռախոսազանգին պատասխանել է տիկին Ամալյայի քրոջ որդու կինը եւ բավականին բարեհամբույր ու ջերմ պատասխանել է նախարարության ներկայացուցչի հարցերին: Այնուհետեւ զանգահարելով մեզ` մեղադրանքների շարան տեղացին, ընդհուպ մինչեւ անգամ` հրամայելով, «մուննաթ» գալով, որ այսուհետ մեր հրապարակումներում պարտադիր կերպով «բարի լինենք» մարդկանց հասցեները տպագրել, որպեսզի ստիպված չլինեն «չարչարվել»: Հետեւաբար տեղեկացնում ենք, որ այսուհետեւ մեր հրապարակումներում առհասարակ ներկայացվող ընտանիքների տվյալներ չեն հրապարակվելու այն պարզ պատճառով, որ լրագրող Լուսինե Ստեփանյանը նախարարության հաստիք չի զբաղեցնում եւ պարտավոր չէ կատարել մի աշխատանք, որի համար նախարարությունն աշխատողներ է պահում եւ վճարում է մեր գրպանից: Կամ կտպագրենք` ելնելով նպատակահարմարությունից: Սույն կառույցի աշխատակիցներին թվում է, թե կատարելով իրենց պարտականությունները եւ երբեմն արձագանքելով մեր հրապարակումներում ներկայացված մարդկանց խնդիրներին` իրենք «լավություն» են անում լրատվամիջոցներին կամ այդ մարդկանց: Նախարարությունն աշխատողներ է պահում եւ վճարում է մեր գրպանից, եւ թող նրանք բարի լինեն գտնել այն մարդկանց կոորդինատները, ովքեր պետության աջակցության կարիքն ունեն: Այլապես, ստացվում է` նախարարության լուծը կիսով չափ դրված է մեր ուսերին, եւ թշվառության մեջ ապրող, իրավունքները ոտնահարված ընտանիքներին գտնելն ու նախարարությանը հրամցնելը մեր թերթի պատասխանատվության շրջանակներում է, իսկ այդ աշխատանքի համար պետությունից վարձատրվող պետական աշխատողները կարող են ամեն օր գալ աշխատանքի, սուրճ խմել եւ ըմբոշխնել թերթում զետեղված պատրաստի ինֆորմացիան: «Մենք հնարավորության դեպքում արձագանքում ենք ձեր հոդվածներին»,- երեկ «երեսով» տվեց Սոցապի ներկայացուցիչը, ում արժե հիշեցնել, որ աղքատներին արձագանքելը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պարտականությունն է, հետեւաբար` այդ քայլով մեզ կամ ընտանիքներին ծառայություն չեն մատուցում, այլ կատարում են պետության պատվերը: Ինչեւէ, երեկ մեզ զանգահարեց Ամալյա Հարությունյանը եւ տեղեկացրեց. «Խնդրում եմ, ասա` էլ մեր տուն չզանգեն: Ախր ես էդքան ձեզ զգուշացրի, որ պետք չի անզգույշ քայլ կատարել, տանը մարդասպանություն կլինի: Զանգել, հարսին հարցեր են տվել, իսկ ի՞նչ էիք կարծում` նա պիտի ասեր, որ ինձ ծեծում, հանում են, դո՞ւրս են շպրտում: Բա էդ տեսակ բա՞ն են անում: Թող գային հարեւաններիս միջոցով իմանային, կամ ինձ կանչեին մի տեղ` ես պատմեի: Բա չհասկացա՞ն, որ ես իրանց մոտից չեմ կարա խոսամ, ախր եկել էի հարեւանի տուն, որ քեզ պատմեի, չէ՞: Ես կարա՞մ էդ տան մեջ պատմեմ, թե ինձ ինչ օրն են գցում»: Ինչեւէ, նա նաեւ զանգահարել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հուսանք, որ այդ գերատեսչությունն այլեւս մարդկանց «ունքի փոխարեն աչքն էլ չի հանի»: Անգամ այս մեկ օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե մասնագետներն ինչպես են աշխատում վտանգի մեջ գտնվող մարդու հետ, եւ ինչո՞ւ են մարդիկ ավելի շատ վստահում լրատվամիջոցներին, քան իրենց հարցի լուծման համար պատասխանատու գերատեսչությանը: Ինչ վերաբերում է Ա. Մինասյանի վերաբերյալ որակմանը, ապա կարող ենք կրկնել, որ` «Ա. Մինասյանը հրճվանք է ապրում այդ համակարգի արդյունավետությունից»: Նախարարության` Սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը բարեփոխումներ է կատարում այդ ոլորտում, մեթոդաբանություն է մշակում, արդյունավետության գնահատականն է տալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ, ինչպես մասնագետներն, այնպես էլ` նպաստառուները բազմաթիվ դժգոհություններ են հայտնում թե՛ մեթոդաբանությունից, թե՛ արդյունավետությունից: Նպաստները տրամադրում են Տեղական ինքնակառավարման մարմինները, բայց այն մեխանիզմները, որոնք մշակվում են վարչության պետի ջանքերով` արդեն տասը տարի է, ինչ քննադատվում են եւ համարվում են ձախողված: Իսկ ընտանեկան նպաստ համակարգի տեսուչների եւ կաշառակերության թեման, անշուշտ, ՏԻՄ-երի պատասխանատվության շրջանակներում է, սակայն կոռուպցիայի լայն ճանապարհը բացվել է հենց այդ թույլ մեխանիզմների շնորհիվ: Հիշեցնենք, որ վերջերս Ա. Մինասյանը մեզ հետ հարցազրույցում ասում էր, որ այսուհետ գյուղական համայնքներում հաշվի է առնվելու գյուղի անասնաբույժի տեղեկանքը, որը նպաստ տրամադրել-չտրամադրելու հարցում ընդունվելու է` իբրեւ ի գիտություն: Անասնաբույժից կաշառքի միջոցով ցանկալի տեղեկատվությամբ տեղեկանք կորզելը նույնքան դյուրին է, որքան երկու ամսվա նպաստը տեսուչին նվիրաբերելու միջոցով նպաստ ստանալը: Այնպես որ, նույն Ա. Մինասյանն իր մշակած մեխանիզմներով կաշառակերների հաստիքներ է ներգրավում ու հույս է հայտնում, որ համակարգի արդյունավետությունը կբարձրանա: