«Մի քանի ամիս պադվալներում եմ քնել»,- ասում է Աիդա Սմբատյանը

15/03/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

62-ամյա Աիդա Սմբատյանը հայացքն առել է ափերի մեջ ու երեսը թաքցնելով ձեւացնում է, թե ոչինչ չի տեսնում ու ոչինչ չի լսում: Հարեւանուհու տան բազմոցի անկյունում ծվարած փոքրամարմին կինը հոգեբանորեն այնքան ճնշված է, որ ուզում է իրեն կորցնել աշխարհի երեսից: Հարցերիս պատասխանելու փոխարեն` ձեռքով թափահարում է` հասկացնելով, որ չարժե իր մասին հետաքրքրվել: Նյարդային ու լարված է, հայացքի մեջ չարություն է դաջվել: Ծանոթի տանը հանգրվանած տիկին Աիդան «թաղվել» է ուրիշի տանն ապրելու, բեռ լինելու բարդույթի մեջ, դրա համար էլ մարմինը «տասը տակ» ծալել է, որ ներկայությունն աննկատ մնա: Հարցնում եմ` «Ինչի՞ եք էսքան ներվային, բան ա պատահե՞լ»: Երեսով ուղղահայաց հարվածում է ծնկներին ու սկսում է լաց լինել. «Ինչ էլ եղել ա, իմ երեսից ա եղել»: Կոկիկ հագնված, մազերը հարդարած տիկին Աիդան մի քանի ամիս առաջ ինքն էլ իրեն չէր ճանաչում: Ցեխոտ, մրոտ ու սովից հյուծված կինն առավոտից մինչեւ մութն ընկնելը գիշերելու տեղ փնտրելու համար շրջում էր փողոցներով: Մի քանի ամիս շենքերի նկուղներում է գիշերել` առնետների հարեւանությամբ, մութ ու խավարի պայմաններում: Ասում է` «Անտուն եմգ մի քանի տարի հարազատների տանն եմ մնացել: Մի օր` մեկի տանը, մյուս օրը` մյուսի: Արդեն ոչ ոք չէր ընդունում, հասկանում եմ, ո՞վ էդքան կպահի ուրիշին: Գնալու տեղ չունեի, սկսեցի պադվալներում ապրել: Մի օր շատ դաժան ձեւով ընկա, ոտքերս կոտրվեցին ու ընկա հիվանդանոց: Ոտքերս վիրահատված են, շշեր են մեջը դրել, չեմ կարողանում քայլել: Էս կնոջ` Եվայի մոր հետ աշխատել եմ: Եվան ինձ տեսավ, խղճաց ու բերեց իրա տուն: Արդեն չորս ամիս ա ինձ պահում ա, բայց ինչքա՞ն, ախր ես լավ ապրած կին եմ, ամեն ինչ էլ ունեցել եմ, իսկ հիմա բոմժ եմ դարձել: Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետեւ էս կինն ինքը շատ կարիքի մեջ ա, բայց մեծահոգաբար թողում ա, որ ես մնամ»:

Եվան համբերատար խնամում է տիկին Աիդային ու վստահեցնում է, որ էլի կպահի, իրեն չի խանգարում: Անառողջ ոտքերով բազմոցին գամված տիկին Աիդան հասկանում է, որ առանց նպաստի, թոշակի կամ հաշմանդամության թոշակ ստանալու` ծանոթի տանն ապրելն անհարմար է, բացի դա, տեղաշարժվելու հնարավորությունից զրկված է եւ անընդհատ օգնության կարիք է զգում: Վախենում է, որ մի օր էլ Եվան դուրս կհրավիրի իրեն: Թեեւ Եվան խղճով կին է ու վստահեցնում է, որ նման բան չի անի: Տիկին Աիդան իր հետ կատարվածի համար միայն իրեն է մեղադրում, դրա համար էլ կարծում է, որ ինքն արժանի է այն կարգավիճակին, որում այժմ հայտնվել է: Ընտանիք չունի ու հայրական տունը 1980-ականներին վաճառել եւ երկու քույրերի համար առանձին բնակարաններ են գնել. «Էնպես ստացվեց, որ քրոջս ամուսինը մահացավ, ու ես իր հետ էի ապրում, օգնում էի երեխաների խնամքի հարցում: Իմ տուն շատ հազվադեպ էի գնում ու հետո մենակ չէի կարողանում ապրել, մենակությունից ու մթից ահավոր վախեր ունեմ: Գնում էի, տանս դուռը բացում էի, չէի կարողանում մնալ, նորից քրոջս տուն էի գնում: Մի օր որոշեցի վաճառել: Քույրս դեմ էր, ասում էր` մի արա, սխալ ես անում: Ճիշտ էր, ես շատ սխալ բան եմ արել ու ես եմ մեղավոր»: 1988թ. Աիդա Սմբատյանը Նորքի 1-ին զանգվածում գտնվող բնակարանը վաճառել է այն տարիներին շուկայական բավականին բարձր գնով` 60.000 ռուբլով: «Տունս վաճառեցի ու փողը գցեցի բանկ: Մի քանի օրվա մեջ փողը փոխվեց, ու գումարս լրիվ փոշիացավ»,- պատմում է տիկին Աիդան ու բռունցքներով հարվածում է գլխին: Չնայած քրոջ մեղադրանքներին` տիկին Աիդան, այնուամենայնիվ, մինչեւ 2004թ. բնակվել է նրա տանը: «Քրոջս տղան Ռուսաստանում էր: Էնպես ստացվեց, որ զանգեց, ասեց` մեծ պարտքերի մեջ եմ, տունը ծախեք, ուղարկեք փողը: Տունը ծախեցին, ու քույրս ամբողջ ընտանիքով մեկնեց Ռուսաստան: Ես անտերի պես մնացի փողոցներում»,- պատմում է տիկին Աիդան ու խնդրում է քրոջ մասին հարցեր չտալ, քանի որ իրեն ցավ եմ պատճառում: Մի քանի հարազատների տանն ապրելուց հետո այս կինը հայտնվել է անօթեւան վիճակում ու փողոցներում, նկուղներում է քնել: 2008թ. ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, որի ընթացքում կորցրել է նաեւ անձնագիրը: «Էսքան տարի առանց փաստաթղթի, առանց որեւէ բանի` գոյությունս քարշ եմ տվել: Մի քանի ամիս էլ ոտքերի վնասվածքով հիվանդանոց ընկա, չէին վիրահատում, փաստաթուղթ չունեի: Նախարարի միջամտությամբ նոր ինձ տիրություն են արել: Ես առաջ հիվանդանոցում սանիտարկա եմ աշխատել, ու դա նպաստեց, որ վիրահատությունն անեն»,- ասում է տիկին Աիդան` վստահեցնելով, որ Նոր Նորքի անձնագրային բաժին է դիմել` անձը հաստատող փաստաթուղթը վերականգնելու համար, սակայն անձնագրային բաժնից պատասխանել են` «Ի՞նչ իմանանք դու ով ես»: Անձնագրի բացակայության պատճառով այս կինը չի կարող համարվել նպաստառու, հաշմանդամության կարգավիճակ ունեցող, հետագայում` նաեւ թոշակառու: Իսպառ զրկված է պետական որեւէ աջակցությունից եւ ապրում է առանց եկամուտի` ծանոթների մեծահոգության շնորհիվ: Նրան խնամող Եվան վերջերս փորձել է օգնել փաստաթուղթը վերականգնելու հարցում: «Անձնագրային բաժնից ասացին` տեղեկանք բեր, թե հիմա նա որտեղ է բնակվում: Հիմա մեր` Նոր Նորքի հանրակացարանի տնօրենն էլ ասում է` ի՞նչ իմանամ ինքը ով ա, որ տեղեկանք տամ: Մի փաստաթուղթ բեր, նոր տամ: Նորից գնացի անձնագրային, ասեցին` իրան բեր, որ կարողանանք արխիվից գտնենք` նախկինում որտեղ է գրանցված եղել, ու փորձենք 9-րդ ձեւ վերականգնել: Ես հիմա իրան չեմ կարող տանել, որովհետեւ չի կարողանում նորմալ քայլել: Չորս հարկ աստիճաններով իջնելն իր համար անհնար է, բացի դա` սպասում եմ գոնե Փարոսը ստանամ, որ կարողանամ տաքսի էլ վարձել»,- ասում է Եվան` խնդրելով միջամտել փաստաթղթային հարցերի ավելորդ քաշքշուկից ազատելու հարցում` վստահեցնելով, որ տիկին Աիդան առողջական լուրջ խնդիրներ ունի, ի վիճակի չէ էստեղից էնտեղ գնալ ու անընդհատ փաստաթղթերի ետեւից վազել: Տիկին Աիդան շատ չի խոսում, նախընտրում է ինքն իրեն մեղադրելու բեռով գոյությունը քարշ տալ: Ուզում է ժամանակը կանգ առնի, որպեսզի տաքուկ անկյունում ապրելու զգացումը չկորցնի: Սարսափում է այն մտքից, որ կարող է` հարազատների պես մի օր էլ Եվան փողոցի ճանապարհը ցույց տա: Վախենում է, որ կհայտնվի էն մրոտ, կեղտոտ ու սովից հյուծված տիկին Աիդան, որին շատերը բոմժ են անվանում. «Է՜հ, կյանքն ինչ բան ա, չէ՞: Ժամանակին ունեւոր էի, բոլորը շուրջս պտտվում էին, իսկ հիմագ Անտեր մարդուն անգամ ամենահարազատ թվացողները դռան ճանապարհն են ցույց տալիս»: