Միայն Երեւանում 16 թատրոն կա, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր թատերախումբն ու բեմը: Այսինքն` մենք այսօր նվազագույնը 16 (ինչը քիչ չէ) բեմահարթակ ունենք, որոնք կարող են դառնալ թատերական բազմազանության գրավականը:
Իսկ եթե դրան գումարենք Թատերական ինստիտուտի ուսանողների ու արդեն իսկ դերասանի ու ռեժիսորի մասնագիտություն ձեռք բերած մարդկանց քանակը, ապա կստացվի, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք թատերական «բումի» համար: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ բեմի վրա արարողություն ստեղծելու ունակ մարդիկ ոչ թե ավելանում, այլեւ պակասում են: Այդ իրողությունից այլեւս չես փախչի:
Մենք արդեն իսկ հասել ենք այն կետին, երբ դրամատուրգի, դերասանի ու ռեժիսորի մասնագիտություններն այն աստիճանի են արժեզրկվել, որ նրանց ներկայացրած իրականությունն այլեւս ճանաչելի ու համոզիչ չէ: Դա արդեն թատրոն չէ, դա թատերական լոզունգ է, որը պարտադրվում է նույն ուժգնությամբ, ինչ ուժգնությամբ էլ մերժվում է հանդիսատեսի կողմից: Եվ ստացվում է, որ թատրոնները ձեւացնում են, թե աշխատում են, իսկ մենք էլ ձեւացնում ենք, որ թատրոն ունենք:
Հայաստանյան թատրոնների մասին խոսելը տխուր գործ է: Վերջերս, օրինակ, մի խումբ թատերագետներով պարզեցինք, որ ավելի շատ են եղել այն ներկայացումները, որոնց դիտումը ստիպված ընդմիջել ու թատրոնից դուրս ենք եկել, քան նրանք, որոնք կլանված դիտել ենք մինչեւ վերջ: Եվ որքան էլ տարբեր մարմիններ (հիմնականում` պետական ապարատի ներկայացուցիչներն ու հենց իրենք` ներկայացումների հեղինակները) խոսեն «նվաճումների» մասին, պատկերը չի փոխվում. մեր թատրոնները (շատ քիչ բացառությամբ) 21-րդ դարի Հայաստանում ապրող հանդիսատեսին առաջարկելու բան չունեն: Հենց այս պահին, հենց այս վայրում ու հենց մեզ ուղղված թատերական իրադարձություններ տեղի չեն ունենում: Եվ չեն էլ կարող լինել, քանի որ մի կողմից` պետությունը (իր անտրամաբանական ու կիսատ-պռատ իրականացվող թատերական ռեֆորմների իմիտացիայով), մյուս կողմից էլ` հենց թատրոնների ղեկավարները (դժգույն թմբիրի ստատուս-քվոն ամեն գնով պահպանելու վճռականությամբ) դեմ են ցանկացած փոփոխության: Մեր թատրոնները շարունակում են մեխանիկորեն աշխատել սովետական մոդելով, որն իր մեջ ներառում է կայուն խաղացանկային համակարգը, 100%-անոց պետական դոտացիան, բեմը միանձնյա տնօրինելու սկզբունքը եւ պրոպագանդիստական-լոզունգային ուղղվածությունը (հիմնականում` պսեւդո-ազգային): Նշված բոլոր կետերը թատրոնների ղեկավարներին ստիպում են ամուր կառչել վաղուց արդեն նեխած սիստեմին, քանի որ, եթե հանկարծ կետերից որեւէ մեկը փոքր-ինչ սասանվի` ողջ թատերական «բուրգը» փուլ կգա:
Պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե, օրինակ, մեր բոլոր թատրոնները միասին որոշեն, որ այսուհետ ոչ թե Շեքսպիր, այլ` ժամանակակից լավ դրամաներ պիտի բեմականացնեն: Դա կնշանակի, որ փոխվելու են բեմի վրա հնչող հարցադրումները, ռիթմը, դերասանական խաղի կերպն ու ռեժիսորական ձեռագրերը: Ինչի արդյունքում` կփոխվի նաեւ հանդիսատեսը: Թող բեմադրությունները լինեն ոչ շատ հաջող, բայց իրենց մեջ կրեն որոնման թարմություն: Մեր թատրոնը վաղուց արդեն դադարել է որոնել, եւ զբաղված է անընդհատ նույնը կրկնօրինակելով (նույն դերասանական շտամպները, նույն միզանսցենները եւ նույն ամպագոռգոռ պաթոսը): Եթե հաշվի առնենք, որ թատրոնը շատ արագ հնացող արվեստ է (այն մեռնում է հենց այն պահին, երբ փակվում է վարագույրը), ապա հիմա առավել քան արդիական է թատրոնի սկզբնական (արագ խմորվող, ծնվող, հուզող ու նույնքան էլ արագ մարող) ծեսի վիճակին վերադառնալը:
Բոլոր ժամանակներում էլ թատրոնը համարվել է «կյանքի մոդել» ու արտացոլել է հասարակության հարաբերությունները` փորձելով արձագանքել, կռահել, վերաիմաստավորել իրականությունը: Եվ միգուցե հենց հիմա (երբ հանրային սպասելիքներն ավելի մեծ են, քան առաջարկված կեղծ պրոպագանդիստական կյանքը), լավ առիթ է թատրոններին վերադարձնել իրենց դերը: Այդ դերն իշխանական իդեաների սպասարկման կամ ռեժիսորների ու տարբեր մշակութային չինովնիկների «էգոյի» բավարարման մեջ չէ: Թատրոնի դերը հանդիսատեսի համար հանդիպման վայր լինելն է: Թող այդ վայրն անհրապույր ու ոչ հանդիսավոր լինի, կարեւորը հանդիպելու եւ ինչ-որ բան տալու եւ վերցնելու ցանկությունն է: Այդ վայրում չեն քարոզում, այդտեղ համոզում ու հուզում են (եթե հուզեցիր հանդիսատեսին, նա երբեք չի լքի դահլիճը, այլ պատրաստ կլինի դերասանի ու ռեժիսորի հետեւից գնալ մինչեւ աշխարհի ծայրը):
Հույզը ամենաթանկարժեք բանն է, որը կարող է ծնվել բեմի վրա ու փոխանցվելով հանդիսատեսին` խորհելու տարածք թողնել: Իսկ այդ տարածքները հիերարխիկ բուրգերի հրահանգով չեն ծնվում, դա աշխատանք է, որը հղկվում է ամենօրյա փորձարկումների ու տապալումների, շփման ու դիալոգի, իրական թատերական էքսպերիմենտների միջոցով: Երբ թատրոնում բուրգաձեւ կառույցներ են ստեղծվում (տարիներով ձգվող բեմադրելու հերթեր են գոյանում, խորհուրդներ են գումարվում ու անընդհատ վերադաս ատյանների` ընդհուպ մինչեւ ՀՀ Մշակույթի նախարարի անձնական բարեհաճությանն են սպասում` խուսափելով ինքնուրույն որոշումներ ընդունելու բնական մղումից), թատրոնն անկասելիորեն վերածվում է ճահճի, որտեղ անգամ նոր գետակներ չեն լցվում: Որտեղի՞ց կարող են գետակներ առաջանալ, եթե ցանկացած նոր բան միայն մեկ նպատակ ունի: Այն է. լրացնել ճահճացած բուրգը, որպեսզի հայտնվի հերթի մեջ ու դառնա բուրգի աղյուսներից մեկը: Մեր այսօրվա թատրոններին «օդի» պես անհրաժեշտ են այլընտրանքային հարթակները, որտեղ խմորումներ ու վեճեր, փոքր, բայց ծրագրավորված «պայթյուններ» են տեղի ունենում: Միայն այդ ճանապարհով կարելի է թատրոնի «պահեստայինների» նստարանը երկարացնել ու վերջիվերջո` սպասել, որ թատրոնը որպես մասնագիտություն ընտրած երիտասարդները չեն հիասթափվի ու հարմարվի: Այլ ընդհակառակը` կդրսեւորվեն` ունենալով սեփական խաղի դաշտն ու դրանով իսկ` զգոն կպահեն մեր այսօրվա թատրոնի մեդալակիր ու կոչումնավոր «հեղինակություններին»:
«Ազատ բեմի» գաղափարը տապալվեց
Մի քանի տարի առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել էր, որ այսուհետ գերատեսչության ուշադրության կենտրոնում հայտնվելու է թատերական ոլորտը, որտեղ եւ հարկ է վերափոխումներ իրականացնել: Ընդ որում` վերափոխումների առաջին քայլերն իրոք կատարվեցին. հեռացվեց Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը (ինչը պարզապես անհրաժեշտություն էր), հայտարարվեց, որ ստեղծվում է ազատ հարթակ (Կամերային երաժշտական թատրոնում), որտեղ երիտասարդ ռեժիսորները նոր բեմադրություններ անելու համար բեմ կունենան: Նախարարության այս որոշումը շատերին ոգեշնչեց, սակայն անցավ մի քանի տարի, եւ բոլորին պարզ դարձավ, որ այդ «վերափոխումները» սոսկ բառեր էին, որոնց տակ դատարկություն է: Մայր թատրոնը այդպես էլ չկարողացավ նորմալ աշխատել ու հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, քանի որ «նշանակովի» ռեժիսորների «նշանակովի» բեմադրություններով չես կարող թատերական պրոցես ստեղծել: Դա ընդամենը թատրոնի իմիտացիա է, որը սկիզբ առնելով բուրգի գագաթից` հակասում ու հակադրվում է թատրոնի սկզբունքին: Եվ պատահական չէ, որ Սունդուկյանի անվան թատրոնի բոլոր վերջին ներկայացումներն անհաջող էին (ռեժիսորները ոչ թե արվեստի, այլ ինքնահաստատվելու խնդիր էին իրենց առջեւ դրել):
Իսկ այն պատմությունը, որը ծավալվեց «ազատ բեմի» շուրջ, կարող էր զավեշտալի համարվել, եթե իրականում այն ողբերգական չլիներ: Չէ՞ որ ազատ բեմը ստեղծվում է բուրգը բացառելու, այլ ոչ թե նոր բուրգ ստեղծելու համար: Իսկ Հ.Պողոսյանը ազատական ու բազմազան թատրոնի քողի տակ նոր մի բուրգ ստեղծեց, թերեւս մոռանալով, որ բեմական բազմազանությունը չի կարող կենտրոնաձիգ լինել, այլ իրականացվում է միայն հորիզոնական ցանցային տարածումով: Մշակույթի նախարարը մի քանի տարի առաջ (միացնելով իրար փոքր թատրոնները` «Գոյը» եւ «Փոսը») նշել էր, որ բոլոր երիտասարդներին բեմադրություններ անելու է հրավիրում Կամերային երաժշտական թատրոն, որը չի ունենալու գեղարվեստական ղեկավար` մնալով որպես բաց ու թափանցիկ էքսպերիմենտալ հարթակ: Այդ նույն միտքը հաստատեց թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանը: Անցան տարիներ, եւ այդ «ազատ» թատրոնը այդպես էլ ազատ չդարձավ (հարց է ծագում` քանի՞ անկախ բեմադրիչ է կարողացել այդտեղ աշխատել): Այժմ Դ.Հակոբյանը համարվում է թատրոնի գեղարվեստական ղեկավար` ղեկը պահելով իր ձեռքում ու ապահովելով նորաստեղծ բուրգի անխափան աշխատանքը: Ի դեպ` նույն այդ ազատ հարթակի գաղափարով տոգորված էլ` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բոլորին վստահեցնում էր, որ միության բեմը հանձնում է երիտասարդներին, կողքին էլ բացում է թատերական ակումբ, որտեղ կհանդիպեն, կքննարկեն նոր բեմադրությունները, եւ այլն, եւ այլն: Մտեք այդ շենք ու համոզվեք, որ այնտեղ լիակատար ամայություն է (սենյակները, լավագույն դեպքում, հանձնված են վարձակալության), իսկ բեմում, լավագույն դեպքում, հայտնվում են այն բեմադրությունները, որոնք անձամբ Հ.Ղազանչյանի սրտով են: Ճիշտ այնպես, ինչպես Կամերային երաժշտական թատրոնում է (Դ.Հակոբյանի ճաշակի համաձայն):
Իհարկե, մեզանում նորություն չէ, որ հնարավոր է հայտարարել մի բան ու, այդ բանի տապալման դեպքում, ոչ միայն պատասխանատվություն չկրել, այլեւ` մեկնաբանություն չտալ: Տիկին նախարար, եթե «ազատ բեմի» գաղափարը տապալվել է, հայտարարեք այդ մասին ու նշեք` ինչո՞ւմն է վերջապես ձեր իրականացվող թատերական ռեֆորմների իմաստը: Եթե պիտի գեղարվեստական ղեկավար լինի, ապա մի խանգարեք Սունդուկյանի թատրոնին ընտրել գեղղեկին ու փորձել վերականգնել ստեղծագործական պրոցեսը: Եվ վերջիվերջո` պայմաններ ստեղծեք (փող մի տվեք ու մի գլխավորեք գեղարվեստական խորհուրդները), որպեսզի թատրոնը վերջնականապես չկարծրանա ու լցվի դիլետանտներով:
ՀՀ մշակույթի նախարարության 2010 թվականի գործունեության հաշվետվության մեջ հայտարարվում է. «Թատերական ոլորտում պետական աջակցությամբ իրականացվել է 22 նոր ներկայացում: Անց են կացվել 5 հանրապետական, 7 միջազգային փառատոներ եւ ծրագրեր: Հայաստանյան 5 թատերախմբեր եւ 19 թատերական գործիչներ պետական աջակցությամբ 11 երկրներում մասնակցել են միջազգային 15 փառատոների, գիտաժողովների եւ այլ ծրագրերի»: Եվ վերջ, այդքանը բավարար է համարվել` հանրության առջեւ գործունեության պատրանք ստեղծելու համար:
Կա մի օրինաչափություն. երբ սեփական տապալումդ չես ընդունում, արդեն չես կարող նույն տապալման մեջ մեղադրել ուրիշին: Եվ եթե Մշակույթի նախարարությունը (իր տարբեր բաժիններով ու օրգաններով հանդերձ) միայն դատարկությունը քողարկելով է զբաղված, արդեն չի կարող պահանջատիրական դիրքերից խոսել ոչ ԹԳՄ, ոչ էլ «ազատ բեմի» համար պատասխանատու ղեկավարների հետ: Նրանք դառնում են զինակիցներ ու միասին նույն գործն են անում` սատարելով թատերական բուրգաձեւ գորշությանը:
Թատրոնը մի երեւույթ է, որն անդադար պետք է լինի կոնֆլիկտային պրոցեսում, այլապես` ճահճանում ու էներգազրկվում է: Պիտի իրար բախվեն տարբեր սերունդների մտածողությունները, բեմադրությունների ձեռագրերը, ի վերջո` դրամատուրգիական նյութն էլ պիտի իր մեջ կոնֆլիկտ կրի: Վերջին տարիներին հայաստանյան թատրոններն իրենց աշխատաոճով ու թողարկված բեմադրություններով ապացուցեցին, որ բախումը (որպես այդպիսին) իսպառ վերացել է բեմից: Նույնիսկ այն դեպքում, երբ ներկայացումների հեղինակները երիտասարդներն են (այսինքն` հեղաշրջմանը պատրաստ ստեղծագործողներ). նրանք կռիվ չունեն աշխարհի հետ: Հետեւաբար` կորսված են թատրոնի համար:
Բուրգի փոխարեն` ցանց
Ուշագրավ է, որ վերջին տարիներին որակյալ ներկայացումները ստեղծվում են այն թատերախմբերի ուժերով, որոնք չունեն իրենց կայուն բեմը: Իր տեսակի մեջ եզակի պրոֆեսիոնալ (դերասանական ներուժի վրա հիմնվող) թատրոն է Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, որի յուրաքանչյուր ներկայացում հաշվարկված ու էմոցիաներով հագեցած պարտիտուրա է: Թատրոնը դեգերում է տարբեր բեմերով, քանի որ սեփական բեմը (հուսանք`ժամանակավոր) պիտանի չէ բեմադրությունների ցուցադրման համար: Հետաքրքիր աշխատանքներ է ստեղծում Մնջախաղի թատրոնը, որի «բեմազրկումը» մի ողջ էպոպեա է: Այդ թատրոնները պետական կարգավիճակ ունեն, լավ են աշխատում ու բեմ չունեն: Եվ դա մտորելու առիթներ պիտի տա պետական ապարատում մշակութային քաղաքականություն իրականացնող անձանց: Թատերական ոլորտի պատասխանատուներին կարելի է հարց ուղղել (իհարկե` հռետորական)` ինչո՞ւմն է, ասենք, Պատանի հանդիսատեսի կամ էլ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնների արտադրանքի գրավչությունը, ինչի շնորհիվ էլ դրանք ֆինանսավորվում են հարկատուների փողերով: Իսկ այլ, շատ ավելի որակյալ ու հեռանկարային նախագծեր այդպես էլ մնում են չիրականացված: Մեր թատերական դաշտում մեծ խոչընդոտների են հանդիպում անկախ թատերական նախագծեր ստեղծող պրոդյուսերները (Արմեն Համբարձումյանը, Նարեկ Դուրյանը, Սերժ Մելիք-Հովսեփյանը), ովքեր ցանկանում են եւ ունակ են աշխուժացնել մեր թատրոնների «նիրհող» կարգավիճակը: Եվ ստացվում է, որ իրապես ուշադրության արժանի ներկայացումները ստիպված են դահլիճ վարձակալել, մինչդեռ 16 պետական հարթակներում գրեթե շարժ չկա: Միակ բացառությունը, թերեւս, Երեւանի Տիկնիկային թատրոնն է, որի ղեկավար Ռուբեն Բաբայանն այնքան հեռատես է, որ թատրոնի բեմը պատրաստ է տրամադրել տարբեր հեղինակներին` փորձելով իր ուժերի սահմաններում խախտել բրգաձեւ իրականությունը:
Թատերական բուրգն, իհարկե, վաղ թե ուշ սպառվելու ու փլվելու է, հո չի՞ կարելի անվերջ քողարկել անարդյունք ու անպտուղ աշխատանքը եւ ինքնախաբեությամբ զբաղվել` արվեստը դիտարկելով` որպես իշխանություններին սպասարկող միջոցառումային ցուցակ:
Թատրոնը (եւ ընդհանրապես արվեստի ցանկացած ճյուղը) այլընտրանքային մոդելների ու հարթակների կարիք ունի: Իսկ մեր բրգաձեւ իրականության մեջ այլընտրանքը ոչ թե մեկ այլ բուրգի ստեղծումը, այլ` ցանցային, հորիզոնական շարժի ապահովումն է: Ու թեեւ այդ դիտարկումը շատ արդիական է բոլոր ոլորտների համար (նաեւ քաղաքականության), սակայն առաջին հերթին այն կարող է իրականություն դառնալ թատերական փոքր կենտրոնների միջոցով: Չէ՞ որ թատրոնը «կենդանի» արվեստ է, որի գոյությունը ժամանակի ու տարածության մեջ երբեք չի կրկնվում: