ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-17-ին մեկնելու է Բրյուսել եւ տեղի իշխանություններից խնդրելու է 1 միլիարդ դոլար պարտք: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` տեղեկացնելով, որ այդ մասին իրեն հայտնի է դարձել եվրոպական կառույցներից: «Ես հավատում եմ սրան, քանի որ, երբ նայում ես 2011թ. բյուջեի նախագծին, տեսնում ես, որ մեր արտաքին պարտքը 2010թ. դեկտեմբերին եղել է 3,3 միլիարդ դոլար, իսկ 2011թ. բյուջեում դա նախատեսվում է 4,2 միլիոն դոլար: Միգուցե կառավարությունը կանխատեսում էր, որ երկրում տնտեսական իրավիճակն այսպիսին պետք է լինի, դրա համար էլ նախատեսել էին գնալ, գումարներ խնդրել այլ երկրներից»,- ասել է նա: Նրա դիտարկմամբ` որպես պարտք այլ երկրների կողմից գումարներ տրամադրելը շատ ավելի վատ կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա: «Դրա համար էլ, գործող կառավարության մի օր շուտ հեռանալը փրկություն է մեր երկրի համար»,- ասել է Վ. Խաչատրյանը: Ըստ նրա` եթե անգամ իշխանափոխություն չլինի, եւ ՀԱԿ-ը չգա իշխանության, Տ. Սարգսյանի կառավարության ինքնալուծարումը եւ հրաժարականը կնպաստի, որ նոր եկող կառավարությունն ավելի ազատ ու զգոն լինի եւ ավելի արդյունավետ գործի: