Լուսանկարում պատկերված գրեթե ավարտուն այս կառույցը ոչ թե որեւէ ռեստորանի կամ հյուրանոցային համալիրի համար նախատեսված շինություն է, այլ «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական շարժման անդամների ապագա հավաքատեղին: Ի դեպ, սա այն աղանդն է, որին բացահայտ կամ թաքնված հարում են նաեւ, այսպես կոչված, «շոու-բիզնեսի» բազմաթիվ ներկայացուցիչներ` երգիչներ, երգչուհիներ, հումորիստներ, եւ այլք: Սակայն Թբիլիսյան խճուղու այս նորակառույց շինությունը հետաքրքիր է եւս մեկ առումով: Ականատեսների, մասնավորապես` Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքի բնակիչների փոխանցմամբ, այս շենքի շինարարության ընթացքին ժամանակ առ ժամանակ հետեւում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս մամուլի քարտուղարը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել է այդ տեղեկությունները` նշելով, որ Բաղդասարյանն այդ շինության հետ կապ չունի: Ընդ որում, ՕԵԿ ղեկավարի խոսնակին այնքան վարկաբեկիչ է թվացել սույն տեղեկությունը, որ նա դա հերքել է` տուրք տալով անգամ ֆանտաստիկայի ժանրին: «Դա բացահայտ կեղծիք է, սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ Արթուր Բաղդասարյանը երբեւէ այդ փողոցով չի անցնում»,- ասել է Բաղդասարյանի խոսնակը: Մնում է ենթադրել, որ Արթուր Բաղդասարյանը, ասենք, Սեւան կամ Ծաղկաձոր է գնում առնվազն ուղղաթիռով: Հիշեցնենք, որ ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ հրապարակվել են նաեւ այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը սերտ առնչություններ ունի մասոնական ինչ-ինչ օթյակների հետ, անգամ համակարգում է Հայաստանում դրանցից մեկի գործունեությունը: Տեղեկատվություն, որը նույն ջանադրությամբ չի հերքվել ՕԵԿ-ի կողմից: