Արժե՞ հեղափոխություն անել, թե՞ ոչ

12/03/2011

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեններ Գիլերմո Տոլոսան եւ Սերգեյ Կապինոսը երեկ բանավիճել են Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների շուրջ: Ի դեպ, քննարկումը, որը կրում էր «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» անվանումը, կազմակերպել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը: Գ. Տոլոսան իր ներածական խոսքում մանրամասն ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակի փոփոխությունները` անդրադառնալով նաեւ մինչճգնաժամային տարիների զարգացումներին: «Շատերը կարծում էին, որ 2000-ական թվականների տնտեսական աճը փուչիկ էր՝ հիմնված շինարարության վրա: Բայց մենք արձանագրում էինք նաեւ այլ գործոններ, որ տնտեսական աճ ապահովեցին: Հայաստանը աստիճանաբար բարելավում էր իր վարկանիշները միջազգային մրցունակության վարկանիշներում»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Անդրադառնալով ճգնաժամի ազդեցություններին՝ Գ. Տոլոսան հայտարարել է, որ ճգնաժամը չօգնեց Հայաստանին դառնալ ավելի մրցունակ, իսկ հայկական արտահանվող ապրանքները թանկացել են 50 տոկոսով: Ս. Կապինոսը Գ. Տոլոսային հարցրել է, թե ո՞րն է Հայաստանի հիմնական խնդիրների արմատը, ինչին ի պատասխան՝ Գ. Տոլոսան ասել է, թե 2 տիպի խնդիր է տեսնում՝ կառուցվածքային, որ ՀՀ-ն ուներ մինչ այդ էլ, եւ ինքնըստինքյան առաջացած խնդիրներ. «Բիզնես միջավայրի դանդաղ բարելավումն իր էական ազդեցությունն է թողնում ՀՀ տնտեսության վրա»: Այս պատասխանը, սակայն, ամենեւին էլ չի գոհացրել Ս. Կապինոսին՝ ուստի նա եւս մեկ անգամ կրկնել է իր հարցադրումը: Քննարկմանը ներկա օտարերկրացի հյուրերից մեկն էլ հավելել է, թե գուցե ՀՀ-ի խնդիրը ժողովրդավարության պակասի՞ մեջ է, կամ գուցեեւ խորհրդային համակարգերից չհրաժարվելո՞ւ: Ի պատասխան՝ Գ. Տոլոսան ասել է. «ՀՀ-ն ավելի կշահի, եթե հավասար հնարավորություններ ընձեռվեն բոլորին, եւ ոչ թե հարստությունը կուտակվի որոշ մարդկանց ձեռքում»: Նրա պատասխանից հետո Ս. Կապինոսը` անդրադառնալով իր հարցին, ասել է. «Այս խնդիրները գալիս են այն համակարգից, որ ձեւավորվեց 90-ական թվականներին՝ օլիգոպոլիկ համակարգից»: Ըստ Կապինոսի՝ հազիվ թե օլիգոպոլիաներն ինքնըստինքյան վերանան, դրա համար արտաքին միջամտություն է հարկավոր: Իսկ ներկայումս, նրա խոսքով` ձեւավորված է մի համակարգ, որը ՀՀ-ին կախվածության մեջ է դնում տրանսֆերտներից ու ներմուծումներից: «Երկրի իրավիճակը կփոխեն այն ծրագրերը, որոնք կապված կլինեն համակարգային ու կառավարման փոփոխությունների հետ»,- հայտարարել է Կապինոսը: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Ս. Կապինոսի գնահատականները հոռետեսական էին: Նրա խոսքով, ինքը Կապինոսից ավելի լավատես է, իսկ ՀՀ-ում հեղափոխություն անելու կարիք չկա: «ԱՄՀ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք էվոլյուցիոն ճանապարհով կբերեն լուրջ արդյունքների»,- ասել է Գ. Տոլոսան` հիշեցնելով, որ ԱՄՆ-ում 1900-ական թվականներին կոռուպցիան ավելի պակաս տարածված չէր, քան ներկայումս ՀՀ-ում է: Չնայած սրան, նա մտահոգիչ է համարում Հայաստանի արտաքին պարտքի ծավալի աճը՝ նշելով, որ այն մեծ խնդիրներ է ստեղծում երկրի հետագա զարգացման համար: Նրա գնահատմամբ` 2000 թվականների սկզբին արձանագրված տնտեսության երկնիշ աճի տեմպերը շատ տպավորիչ էին, սակայն այն պայմանավորված էր հիմնականում շինարարության ոլորտի աճով. «Շինարարությունը մեծ դեր խաղաց տնտեսական աճի գործում: Սա որոշ փորձագետների եւ վերլուծաբանների ստիպում է մտածել, որ ՀՀ տնտեսության աճը փուչիկ էր, որը մեծածավալ շինարարությամբ էր պայմանավորված»: Քննարկմանը ներկա ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգն էլ արձանագրել է, որ ՀՀ տնտեսությունն այսօր ունի դիվերսիֆիկացիայի խնդիր: Նրա խոսքով` 2009-2010թթ. ՀԲ-ի հետ համատեղ իրականացված հետազոտությունը փաստել է, որ ՀՀ-ի առաջին խնդիրը ստվերային տնտեսությունն է: Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի Հայաստանում գների նվազում է կանխատեսում: «Մենք կարծում ենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները համաշխարհային շուկայում կնվազեն, ինչն իր ազդեցությունն անպայման կունենա հայաստանյան շուկայի վրա»,- ասել է Գիլերմո Տոլոսան: Ըստ նրա` այս տարի ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աճը հնարավորություն կտա ներքին շուկան ապահովել անհրաժեշտ քանակի գյուղմթերքով, հետեւաբար գների աճ չի արձանագրվի: