Գնաճի թեման շարունակում է արդիական մնալ։ Երեկ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձել է գնաճին ու գնագոյացման խնդիրներին։
Նա հարցը կտրուկ է դրել. «Կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, եւ այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում»: Ասել է եւ նշել, որ ուզում է տեսնել ավելի կոորդինացված աշխատանք, նաեւ համարձակ ու ոչ ավանդական քայլեր։ Կարճ ասած՝ քարտ բլանշ է տվել եւ հրահանգել բոլոր հնարավոր միջոցներով մեղմել գնաճը:
Ըստ երեւույթին, այդ քարտ-բլանշը նախագահը փաստացի տվել է ավելի վաղ, քան երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը։ Առանց այդ «քարտ-բլանշի»՝ կառավարությունը դժվար թե նախաձեռներ գների կարգավորման հետ կապված փոփոխությունը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ գների աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 եւ ավելի տոկոս։ Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ կառավարությունն իրավունք ունի կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առեւտրային վերադրի չափը` ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր օրենսդրությունը մինչեւ այժմ չի ունեցել նման գործիք, մինչդեռ դրա անհրաժեշտությունը զգացվում է։
Ինչպես եւ սպասվում էր, նախաձեռնությունը քննադատողների պակաս չեղավ։ Ընդդիմախոսները առաջին հերթին նշում են այդ որոշման անթույլատրելիությունը՝ զուտ շուկայական տնտեսության սկզբունքներին հակասելու տեսանկյունից։ Այսինքն, մի կողմ թողնելով կոնկրետ հայաստանյան շուկայի վրա դրա ազդեցությունը՝ ասում են, որ որոշումը դեմ է շուկայական տնտեսության փիլիսոփայությանը, որտեղ շուկան է որոշում գները։ Սա արդարացի քննադատություն է, քանի որ Հայաստանն իրեն հռչակել է շուկայական տնտեսություն ունեցող երկիր, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համարվում է արեւմտյան լիբերալ արժեքներ կրող գործիչ։ Ընդդիմության գործն, իհարկե, քննադատելն է։ Քննադատելն էլ, իհարկե, արվում է ընտրազանգվածին համոզելու համար, որ իշխանությունը սխալ է։ Սակայն կոնկրետ ա՛յս դեպքում տվյալ տեսանկյունից քննադատությունը կարող է ծառայել ի շահ իշխանությունների։ Բանն այն է, որ ազգաբնակչության մի ստվար հատվածի համար ամենեւին էական չէ՝ մենք շարժվում ենք դեպի կատարյալ շուկայական տնտեսությո՞ւն, թե՞ վերադառնում ենք վարչահրամայական համակարգին։ Մարդկանց համար կարեւորն այն է, որ իրենք սոված չմնան, եւ դա բնական է։ Իսկ նորմալ ապրելու տեսակետից, եթե նրանք համեմատում են այսօրվա «կապիտալիզմն» ու երեկվա «կոմունիզմը», ապա երեկվանն ավելի ձեռնտու է։ Չի բացառվում, որ միայն հեռուստատեսությամբ լրատվությանը հետեւող մարդիկ անգամ սիրով տոգորվեն կառավարության անդամների նկատմամբ` չկասկածելով, որ սա ընդամենը PR է։ Փորձենք պարզաբանել, թե ինչու։
Դատելով օրեր առաջ հնչած ելույթներից՝ կառավարության այս օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է առաջին հերթին ագահ գործարարների ախորժակի դեմ։ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն, օրինակ, մեկ շաբաթ առաջ խոսել է այս նախաձեռնության մասին եւ ասել. «Սա վերաբերում է այն ապրանքներին, որոնց բնագավառում ունենք անբարեխիղճ մրցակցություն: Կան սպեկուլյանտներ, որոնք իրենց գնային քաղաքականությունն իրականացնում են բիզնեսի օրենքներից դուրս»։ Նա նաեւ ավելացրել է, որ օրենքի նպատակը «որոշ անբարեխիղճ գործարարների` հարստանալու անզուսպ մոլուցքը զսպելն է»։ Ցանկությունը լավն է, բայցգ անիմաստ։
Սկսենք նրանից, որ մեկ ամսվա ընթացքում 30%-ով թանկանում են շատ քիչ թվով ապրանքներ։ Առաջին հերթին դա վերաբերում է սննդամթերքին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով)՝ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ այդ չափով՝ 30.9%-ով թանկացել է միայն գազարը։ Հունվարյան «քրոնիկան» ավելի հարուստ է՝ նախորդ ամսվա համեմատ կաղամբը թանկացել է 52.9%-ով, լոլիկը՝ 35.4, վարունգը՝ 38.5, կանաչ սոխը՝ 43.8, կանաչ պղպեղը՝ 46.2, թարմ սիգը՝ 65, խնձորը՝ 55%-ով։ Չանախ պանիրը նոյեմբերին, ըստ պաշտոնական վիճակագրության, հոկտեմբերի համեմատ թանկացել է 30.6%-ով։
Փորձենք պատկերացնել՝ ի՞նչ կլիներ, օրինակ, չանախ վաճառողների դեպքում, եթե կառավարությունը նախաձեռնությունն իրականացներ նախորդ տարվա սկզբից։ Ոչինչ չէր լինի, որովհետեւգ այդ դեպքում, մինչեւ Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը, չանախը կթանկանար ոչ թե 30.6, այլ ասենք 29 տոկոսով։ Պարզ ասած՝ թանկացումը կլիներ «ուշ լինի, նուշ լինի» սկզբունքով. մի քանի օր կսպասեին, հետո կթանկացնեին։ Ամենալավ օրինակը ձուն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր ձուն թանկացել է ընդհանուր առմամբ 65-70%-ով։ Սակայն՝ դա տեղի է ունեցել ոչ միանգամից. սկզբում՝ 10%, հետո՝ 20%, եւ այդպես շարունակ։
Սակայն խնդիրը սա էլ չէ։ Վերջին հաշվով, եթե կառավարությունը ցանկանա՝ կփակի այդ բոլոր զարտուղի ճանապարհները։ Գլխավոր խնդիրը՝ իրականում հանգում է մեկ պարզ հարցի՝ ինչո՞ւ է շուկայական տնտեսություն ունեցող Հայաստանում հնարավոր, որ ինչ-որ սպեկուլյանտ (կամ սպեկուլյանտների խումբ) կարողանա ապրանքի գին բարձրացնել եւ շահույթ ստանալ։ Չէ՞ որ խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ոչ թե, ասենք, բնական գազին։ Առաջին անհրաժեշտության ապրանքը սննդամթերքն է։ Իսկ սննդամթերքի շուկան բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում ամենամրցակցայինն է, քանի որ շատ մեծ ներդրումներ չի պահանջում, դաշտը բաց է, եւ շատերը կարող են մտնել շուկա։ Պարզ ասած՝ եթե մենք նորմալ շուկայական երկիր ենք, ունենք օրենքներ, ինստիտուտներ եւ այլն, ապա մեր երկրում ընդհանրապես նման կարգավորման անհրաժեշտություն չպետք է լիներ։
Պատկերավոր մի օրինակ բերենք։ Ենթադրենք, Հայաստանն իրոք շուկայական երկիր է՝ մրցակցային տնտեսությամբ (ինչպես հայտարարվում է), եւ ես Հայաստան եմ ներմուծում, պայմանականորեն ասենք, տանձի պոչ, որի մեկ կիլոգրամի ծախսն ինձ համար կազմում է 1 դոլար։ Ենթադրենք նաեւ, որ տանձի պոչը առաջին անհրաժեշտության ապրանք է (քանի որ նախաձեռնությունը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին)։ Քանի որ փաստացի մոնոպոլիստ եմ՝ կարող եմ դա վաճառել 5 դոլարով եւ գերշահույթ ստանալ։ Բայց դա շատ կարճ կտեւի, քանի որ 3 միլիոն բնակիչներից գոնե մի հարյուր հոգի կփորձեն հետաքրքրվել՝ որտեղի՞ց եւ որքանո՞վ կարելի է տանձի պոչ ներմուծել։ Այդ հարյուր հոգուց տասը իրենք էլ կներմուծեն տանձի պոչ, եւ շուկայում իմ սպառողներին իրենց կողմը գրավելու համար կսկսեն վաճառել 4 դոլարով։ Ես նույնպես կիջեցնեմ գինը, միգուցե ավելի շատ։ Նրանցից յուրաքանչյուրը կանի նույն բանը։ Պրոցեսը կտեւի այնքան, մինչեւ կսպառվեն գին իջեցնելու բոլոր ռեսուրսները։ Արդյունքում, կձեւավորվի 1 դոլարից մի քիչ բարձր, խելամիտ շուկայական գին, եւ իմաստ չի ունենա, որ ինչ-որ մեկը վերեւներից «գնային առաստաղ» սահմանի։ Շուկան ինքը կխլի իմ գերշահույթը եւ կբաժանի շուկայի մյուս մասնակիցների միջեւ։ Սա պարզ բան է, շուկայական տնտեսության, մրցակցության զարգացման այբուբենը։ Այլ կերպ լինել չի կարող նորմալ երկրներում, եթե խոսքը վերաբերում է սննդամթերքին։ Իսկ Հայաստանում կարող է լինել, եւ լինում է։
Ներկայիս Հայաստանում ես՝ առաջին անհրաժեշտության ապրանք հանդիսացող տանձի պոչ ներմուծող-մոնոպոլիստս, օգտագործելով բոլոր լծակներս, ոչ ոքի թույլ չեմ տա ինձ մրցակից դառնալ։ Նախ կփորձեմ վախեցնել նրան իմ հաստավիզ «ախրանայով»։ Եթե չստացվեց՝ մաքսայինը իմ հանդուգն պոտենցիալ մրցակիցների տանձի պոչը կմաքսազերծի մի քանի անգամ ավելի թանկ, քան իմը։ Եթե դա էլ չօգնեց, նրան ամեն օր կայցելեն տարբեր ստուգող ու վերստուգող մարմիններ, վրան հազար ու մի կոմպրոմատ կհավաքեն ու ի վերջո կսնանկացնեն։ Միգուցե նաեւ դատեն քրեական հոդվածով, որովհետեւ ես պատահական մարդ չեմ, որովհետեւ ես տանձի պոչի մոնոպոլիստն եմ, վերեւների հետ «քիփ» եմ, ինձ ամեն ինչ կարելի է, ինձ ամեն ինչ ներվում է։ Որովհետեւ՝ համակարգն է այդպիսին, ու այդպիսի «ստից» օրենքներն ու դրանց իրականացումն ապահովող մարմինները երբեք ինձ չեն կարող խանգարել։ Որքան էլ խոսեն գնաճի մասին, որքան էլ արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու, ինչու ոչ՝ սեփական երկրիս պաշտոնյաները հայտարարեն, որ պետք է պայքարել օլիգոպոլիաների ու մոնոպոլիաների դեմ, միեւնույն է՝ ես հանգիստ եմ, ու հանգիստ էլ կարող եմ շարունակել գերշահույթներ ստանալ։ Որովհետեւ, ինչպես ասում են մեր ղեկավարները, օլիգոպոլիաների դեմ պայքարը չի նշանակում օլիգոպոլիստների ու օլիգարխների դեմ պայքար։
Դրա համար էլ ասում ենք, որ վերը նշված նախաձեռնությունը Հայաստանում չի գործի. դրանից ոչ օգուտ կլինի, ոչ վնաս։ Օգուտ կլինի միայն այն ժամանակ, երբ ցանկացած մարդ կարողանա զբաղվել գործարարությամբ՝ առանց վախենալու, առանց «տանիք» փնտրելու, առանց կաշառքի ու կոռուպցիայի։ Այլ կերպ ասած՝ դա կլինի միայն այն ժամանակ, երբ ունենանք նորմալ, առողջ երկիր՝ առողջ տնտեսությամբ։ Եթե հիմքը խախուտ է, վերը նշված նախաձեռնությունն ու նման այլ նախաձեռնությունները ոչինչ չեն փոխի։ Իսկ երբ կառավարության նախաձեռնության մասին շատ է խոսվում, սակայն ոչ մի օգուտ դրանից չի լինում, դա արդեն PR է։ Այն, ինչ պետք էր ապացուցել։