ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ԿԲ նախագահը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է եւ քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատարելը: Ս. Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որեւէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն: Ս. Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք դժվարին ձմեռ անցկացրինք. դժվար` առաջին հերթին սոցիալական տեսանկյունից: Տնտեսական ճգնաժամի հետեւանքներից դեռեւս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը, նաեւ բնության կողմից թելադրված` մեր գյուղատնտեսության խայտառակ արդյունքները, գնաճային արտաքին ուժեղ ճնշումները եւ ձմեռվա բերած բնական հոգսերը լրջորեն բարդացրեցին եւ անհամարժեք թանկ դարձրեցին կյանքը մեր երկրում: Մենք բառացիորեն ստիպված էինք դիմակայել տնտեսական ձմռանը, եւ հաճախ նույնիսկ մարդկանց համար անտեսանելի, բայց կարեւոր նշանակություն ունեցող կենսական խնդիրներ լուծել: Նույնիսկ բանը հասավ նրան, որ մենք ստիպված էինք պետական մակարդակով հանրապետություն ցորեն ներկրելու խնդիրներ լուծել: Վաղուց այսպիսի բան չէր եղել: Բայց միեւնույն ժամանակ մենք չդադարեցինք նաեւ գարնանային ծրագրեր կազմել, եւ այդ ծրագրերից կարող ենք հիշատակել ցորենի, գարու սերմացու ձեռք բերելու եւ արտադրողներին ապառիկ տրամադրելու ծրագիրը, կարող ենք նշել գազի սակագների կայուն պահպանման համար պայքարի ծրագիրը, ինչն իսկապես կարելի է այդպես կոչել՝ առանց չափազանցնելու: Կարող եմ առանձնացնել ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ մարզերին տրամադրելու ծրագրերը, որպեսզի նրանք կարողանան լուծել տարիներով կուտակված խնդիրները: Ընդհանրապես, շատ են նման ծրագրերը: Դրանք արդեն պատրաստ են, եւ հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը: Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ: Այսինքն, ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը: Ես ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր առնվազն մեկ խնդիր պետք է լուծի` մեծ, փոքր, բայց պետք է խնդիր լուծի: Այս առումով ես ունեմ մի քանի դիտարկումներ կամ ցուցումներ, ինչպես ուզում եք ձեւակերպեք, եւ հիմա ես ուզում եմ դրանք հնչեցնել.
1. Թե՛ կարճաժամկետ, եւ թե՛ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը մեզ համար լինելու է գերակայություն: Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի ավելի կոորդինացված աշխատանք, ինչո՞ւ չէ` նաեւ համարձակ քայլեր, ինչո՞ւ չէ` նաեւ ոչ ավանդական քայլեր: Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր: Ուզում եմ, որպեսզի մենք ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավենք նաեւ մեր Վերահսկողական ծառայությանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների եւ, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան, եւ ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում: Պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների հետ, պետք է լուրջ աշխատանք տանել արտադրողների հետ եւ, իհարկե, լուրջ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, հիմա դրա իսկական ժամանակն է` մրցակցությունը խթանելու համար: Կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, եւ այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում:
2. Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է եւ, իմ կարծիքով, այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսվարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար:
3. Այսօր ես հրավիրել եմ նաեւ տնտեսության հիմնական ճյուղերում զարգացումների համար պատասխանատու նախարարներին: Համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը եւ դրա ճյուղային կառուցվածքի համադրելի վերլուծությունները յուրաքանչյուր նախարարի աշխատանքի գնահատականի համար հիմք են ծառայելու: Մենք այլ հիմք չենք ունենալու եւ չունենք:
– Արդյունաբերության եւ ծառայության ոլորտում, պարո՛ն Դավթյան, մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու: Խնդրում եմ, որպեսզի խիստ կոնկրետ գործերով զբաղվեք, ակտիվ լինեք, որպեսզի միշտ գործարարի կողքին կանգնեք: Իմ կարծիքով, Ձեր նախարարությունը եւ կոնկրետ Դուք, գործարար աշխարհի ներկայացուցիչն եք Կառավարությունում: Մեր Կառավարությունը կոլեգիալ մարմին է եւ, եթե գործարարները խնդիրներ ունեն այլ գերատեսչությունների հետ, դա, առաջին հերթին, հենց Ձեր խնդիրն է: Մենք եւ՛ անցյալ, եւ՛ նախանցյալ տարի շատ լավ հիմքեր ենք ստեղծել, ինչի արդյունքը մենք այս տարի պետք է տեսնենք: Պետք չէ հանգստանալ այն փաստով, որ 2010թ. արդյունքներով 9 տոկոսանոց աճ ենք ունեցել արդյունաբերությունում: Քիչ է, որովհետեւ հիմքը ցածր էր: Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ: Սա՛ է Ձեր հիմնական խնդիրը:
– Այս տարի ես ակնկալում եմ նաեւ աճ շինարարության բնագավառում: Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք եւ սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բնագավառում: Արդեն իսկ նախատեսված միջոցները բավարար են, որպեսզի մեր շինարարության բանագավառն այս տարի ունենա լուրջ աճ: Քաղաքաշինության նախարարը ու նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերն արագացնողի դերում: Դուք պետք է կատալիզատորի դեր կատարեք: Եվ պետք է նայել, թե արդյո՞ք այն փոփոխությունները, որ մենք անում ենք` տարբեր լիցենզիաներ, թույլտվություններ փոփոխելով, դրանք օգո՞ւտ են բերում, թե՞ ոչ: Վերջիվերջո, մարդիկ պետք է մեկ դաշտ ունենան, այդ դաշտին հարմարվեն եւ աշխատեն: Կամ, եթե այդ փոփոխություններն անհրաժեշտ են, ուրեմն ակտիվորեն հեռուստատեսությամբ, մամուլով պետք է բացատրել, թե ինչի համար ենք այս փոփոխություններն անում: Գիտեմ, տեղյակ եմ, որ կառավարության վերջին նիստերի ընթացքում մենք բազմաթիվ լիցենզիաներ ենք վերացրել, կարգեր ենք փոխել, բայց այդ մասին պետք է իմանան բոլորը, հատկապես նրանք, ովքեր զբաղված են շինարարությունով: Ավանդական խոսք կա` ասում են, որ պետական ծրագրերը պետք է լոկոմոտիվի դեր կատարեն, բայց մենք հսկայական ծրագրեր ենք իրականացնում, եւ չգիտեմ ինչու` լոկոմոտիվը չի երեւում: Քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարներն այնպես պետք է անեն, որ այս տարի այդ լոկոմոտիվը երեւա: Պարո՛ն Վարչապետ, իմ խնդրանքն է, որպեսզի որեւէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման կամ անհարկի ձգձգման պարագայում: Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ:
4. Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Խոսքս միայն Գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետեւ գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ: Իհարկե, Գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ եւ հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` եւ՛ վարչապետը, եւ՛ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երեւան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ: Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ է, որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է: Որո՞նք են այն պատճառները, որ ստիպում են մարդուն հող չմշակել: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ մեր գյուղացիների ինչ-որ մասը չի ուզում աշխատել եւ այլն, եւ այլն: Այդպիսի բան չկա: Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով` կարողանում է արժանավայել ապրել, հաստատ կաշխատի: Ինչո՞ւ Արարատյան դաշտավայրում ավելի շատ են աշխատում հողի վրա, քան այլ տեղեր, որովհետեւ իրենց աշխատանքի արդյունքը տեսնում են: Մի ուրիշ խնդրի վրա էլ եմ ուզում պարոն Կարապետյանի ուշադրությունը հրավիրել: Բազմաթիվ անգամներ, այդ թվում, երբ Դուք դեռ գյուղնախարար չէիք, ինձ ասում էիք, որ գյուղացիները որեւէ խնդիր չունեն աճեցրած ապրանքն իրացնելու հետ կապված: Բայց ինչո՞ւ մենք դրա մասին հրապարակավ չենք ասում: Ինչո՞ւ չեք ասում` ես՝ որպես գյուղատնտեսության նախարար, երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքն անպայման կարողանալու եք սպառել: Ասե՛ք, եթե այդպես է: Եթե այդպես չէ, ուրեմն պետք չեն այդպիսի խոսակցություններն ընդհանրապես, եւ պետք է անընդհատ վերամշակող արդյունաբերության հնարավորությունները մեծացնել: Մանավանդ, որ մեր վերամշակված արտադրանքը հեշտությամբ կարելի է արտահանել: Ես հիշում եմ, մի քանի ամիս առաջ, երբ Ձեր ձեռնարկությունում էի, ասում էիք, որ չեք հասցնում վերամշակել ու արտահանել, որովհետեւ ներքին շուկայում սպառման ծավալները մեծ են: Դե ուրեմն, հիմա մարդկանց բացատրեք, օգնեք, որ ավելի շատ արտադրեն, որպեսզի ավելի շատ վերամշակեք:
5. Ուզում եմ ԿԲ-ի գործունեության հետ կապված մի դիտարկում էլ անել: Գաղտնիք չէ, որ ԿԲ-ն մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է` իր հնարավորություններով, մարդկային ներուժով եւ այլն: Եվ, բնականաբար, ԿԲ-ի գերխնդիրը` գների կայունությունն է: Բազմաթիվ անգամ, պարո՛ն Ջավադյան, ինքներդ եք հնչեցրել, որ ինֆլյացիայի հարցում գյուղատնտեսությունը շատ մեծ նշանակություն ունի: Եթե մեծ նշանակություն ունի, ինչո՞ւ ավելի հետեւողականորեն չեք զբաղվում գյուղով, գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր բանկերն առեւտրային բանկեր են, որ նրանք բիզնես են անում, եւ անհարկի միջամտությունները նրանց գործունեության մեջ, իհարկե, կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ: Բայց նրանց ավելի ակտիվ ուղղորդել դեպի գյուղատնտեսություն, դրա համար պայմաններ ստեղծելով, կարծում եմ` կարող եք, եւ դա պետք է ավելի էական տեղ ունենա ձեր գործունեության մեջ:
6. Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել որոշումների կայացման գործընթացի վրա: Ինչ-որ բան փոխելիս, բոլորիդ խնդրում եմ, հարցին նայեք բոլոր կողմերից, ինչ-որ բան փոխելիս ամենից կարեւորն անթերի օրենք, որոշում ձեւակերպելը չէ: Ամենից կարեւորն այն է, որպեսզի փոփոխություն առաջարկողը կարողանա պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն է ունենալու այն տարբեր մարդկանց վրա: Եթե մենք չկարողանանք դա անել, մենք ղեկավարվելու ենք միայն բարի ցանկություններով: Ակնհայտ է, որ փոփոխությունները միշտ ցավոտ են լինում, նույնիսկ, եթե միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում դրանք շատ օգտակար են: Իհարկե, մարդիկ շատ լավ տեսնում են, զգում, թե կատարվածն օգտակա՞ր փոփոխություն է, թե՞ ոչ: Փոփոխությունների ժամանակ բարի ցանկություններն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն: Մենք պետք է կարողանանք ապահովել եւ՛ անհրաժեշտ, եւ՛ բավարար պայմաններ: Ես ուրախ եմ, որ մեր կառավարությունն իրեն անսխալական չի համարում եւ պարբերաբար անդրադառնում է այն որոշումներին, որոնք, լուծելով որոշակի խնդիրներ, հարակից այլ խնդիրներ են հարուցում: Հակիրճ` ասածս այն է, որ մեր բոլոր քայլերը, որոնք ուղղված են փոփոխելու իրավիճակը, պետք է համակողմանի կշռադատված լինեն: Մենք միշտ խոսում ենք հարկային-մաքսային համակարգում բարեփոխումների մասին: Մեկ անգամ եւս կրկնեմ, որ ցանկացած բարեփոխում, իհարկե, ցավոտ է, եւ ես հասկանում եմ, պարո՛ն Խաչատրյան, այսօրվա մոտեցումները, այդ բարեփոխումներն առանց ցավի եւ համադրված անցկացնելու ցանկությունը: Դա ճիշտ մոտեցում է, բայց մենք նաեւ պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ եւ արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան: Եթե անհրաժեշտություն կա, ապա մենք պետք է ներգրավենք փորձագետների, որովհետեւ արագ փոփոխությունները կարող են շոկ առաջացնել եւ իրենց ներսում պարունակում են բազմաթիվ ռիսկեր: Եվ որպեսզի մենք, այսպես ասած, երկու քայլ առաջ չգնանք, մեկ քայլ հետ, կամ մեկ քայլ առաջ չգնանք, երկու քայլ հետ, պարտավոր ենք բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ համակողմանի նախապատրաստվել: Առանց ամաչելու մենք պետք է դիմենք նաեւ միջազգային կազմակերպությունների օգնությանը, օժանդակությանը: Որեւէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Այդ կազմակերպությունները հենց նրա համար են, որպեսզի օժանդակեն զարգացող երկրներին: Պարզ է, որ փոփոխությունների ընթացքում շատ մարդիկ են լինելու, ովքեր փորձելու են անձնական խնդիրներ լուծել, փորձելու են քաղաքական խնդիրներ լուծել, սուտը ներկայացնելու են որպես բացարձակ ճշմարտություն, ովքեր փորձելու են վարկաբեկել համակարգը, բայց դրան պետք է հանգիստ եւ հանդարտ վերաբերվել` իհարկե, մշտապես բաց հաշվետվություն տալով կատարված աշխատանքի մասին: Հաճախ քննադատության մեջ լուրջ դիտարկումներ ու առաջարկներ են լինում: Դրանք պետք է անպայման օգտագործել: Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու: Ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք նաեւ պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում: Սա՛ է մեր խնդիրը: Ես կարծում եմ, որ այս դիտարկումները շատ բարձր նշաձող չեն մեր աշխատանքների համար, հասանելի նպատակադրումներ են, եւ մենք, իրոք, պարտավոր ենք որոշակի ժամանակ անց ինքներս տեսնել փոփոխությունների արդյունքները եւ բոլորին ներկայացնել, թե ուր ենք հասել»: