Եթե չեմ սխալվում, Օֆելյա Պետրոսյանը, ով մինչեւ 90-ականների սկիզբը՝ Կրուպսկայայի, այժմ` Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենն էր, ատեստավորման քննություն չէր հանձնել: Նրանից առաջ նման քննություն չէր հանձնել նաեւ դպրոցի նախորդ տնօրեն Մարիամ Հայկազունին, ում անունը դպրոցի 70-ամյա շրջանավարտներն անգամ այսօր հարգանքով են արտաբերում: Նրանք ժամանակին գուցե այնքան էլ լավ չէին պատկերացնում` ինչ ասել է՝ դպրոցի մենեջմենթ, կառավարման հատուկ դասընթացներ չէին անցել, բոլոր օրենքները բերանացի չգիտեին: Պարզապես` նրանց կրթությունն ու բարոյականության ընկալումները թույլ էին տալիս աշխատել այնպես, որ աշակերտների ու նրանց ծնողների համար անառարկելի հեղինակություն էին: Եվ երբեք ո՛չ աշակերտներս, ո՛չ մեր ծնողները հարց չենք ունեցել` ի՞նչ գործ ունի այս տիկինը տնօրենի պաշտոնում: Ինչը չես ասի այսօրվա շատ դպրոցների տնօրենների դեպքում. նրանց հետ շփվելիս հարց է առաջանում` ի՞նչ գործ ունի այդ կինը տնօրենի աշխատասենյակում, եթե նրա տեղը կանանց գաղութն է կամ գեղեցկության մոտակա սրահը, ուր թափուր են վարսավիրի կամ մատնահարդարի տեղերը:
Կրթության եւ գիտության նախարարությունը, կարծես, որոշել է զբաղվել այդ խնդրով` յուրաքանչյուրին, ով ցանկանում է տնօրեն աշխատել` ցույց տալ նրա իրակա՛ն տեղը: Փետրվարի 18-ից արդեն մեկնարկել են դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունները: Հեռուստատեսային ռեպորտաժներում տնօրեն աշխատելու հավակնություններ ունեցող կանայք ու տղամարդիկ, անգամ նրանք, ովքեր առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունեն, տեսախցիկների առաջ չեն կարողանում թաքցնել լարվածությունը: Կանայք հեկեկում են, տղամարդիկ՝ լարված շփում ձեռքերը, հնարավոր է` կտրվեն: Հնարավոր է` հարցաշարի 800 հարցերից 60-ը, որ ընտրվում են համակարգչի միջոցով, այնքան էլ լավ չհիշեն: Ի դեպ, ատեստավորումը չանցած հավակնորդներից մեկն էլ քննությունից հետո մեղավոր ժպտալով ասաց, որ իր կտրվելու պատճառը տանը մոռացած ակնոցն էր: Հասկանալի է, բոլորն անխտիր հավատացին: Տնօրեններին նման փորձության ենթարկելու այս քայլը նախարարությունից հիմնավորում են այսկերպ` հավաստագիր տալով տնօերեներին` նախարարությունն այդպիսով պատասխանատվություն է ստանձնում տնօրենների աշխատանքի որակի համար:
Երբ էկրանից կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ դպրոցի տնօրենների աշխատանքին հավակնող մարդիկ պետք է ունենան գիտելիքների գոնե նախնական պաշար, շատերիս թվաց, թե շեշտը գրագիտության վրա է դրված, եւ հարցաշարն էլ կազմված է մեր ժողովրդի պատմությունից, գրականությունից, գուցե նաեւ՝ աշխարհագրությունից: Հնարավոր է` մեկ-երկու հարց էլ Աստվածաշնչի պատգամներին նվիրված լինի: Այսինքն` որքանով տնօրենը զարգացած է, որքան մեծ է գիտելիքների պաշարը, լայն` աշխարհայացքը, այնքան բարձր է նրա գիտակցական սանդղակը: Սակայն սրանք ժամանակավրեպ դատողություններ են: Նախարարությունն այլ չափորոշիչներ ունի, եւ նախարարության` տնօրեններից ակնկալվող գիտելիքները լրիվ այլ են: Ինչպես ճշտեցի տնօրենների ատեստավորման քննությունները լուսաբանող իմ գործընկերներից մեկից` տնօրենի հավակնորդները պետք է գիտենան ՀՀ սահմանադրությունը, «Գնումների մասին», «Կրթության մասին» օրենքները, մի շարք այլ օրենքներ եւս (ենթադրաբար` Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ), պետք է լուծեն իրավիճակային մի շարք խնդիրներ: Օրինակ, եթե գրադարանավարը նաեւ այլ աշխատանք է կատարում, ինչպե՞ս կազմակերպել նրա վերջնահաշվարկը, եւ այլն: Եթե սրան հավելենք նաեւ վերջերս ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ակնարկը, թե՝ «Հատուկ ուշադրություն է դարձվելու տնօրենի բարոյական կերպարին, որը ծանր բան է», խնդիրն ավելի է բարդանում:
Հասկանալի է, որ երբ Պուշկինի անվան դպրոցում ծնողներից Մարտի 8-ից առաջ 8000-ական դրամ են հավաքում, պատճառն այն է, որ տվյալ տնօրինուհին լավ չի պատկերացնում Քրեական օրենսգիրքը, ծանոթ չէ ԿԳ նախարարի ելույթներին, որոնք ակնհայտ սպառնալիքներ են պարունակում ապօրինի դրամահավաք կազմակերպող տնօրենների հասցեին: Եվ գիտելիքների այդ բացը լրացնելուն էլ միտված են ատեստավորման քննությունները: Իհարկե, թեստերի 800 հարցերն ունեն իրենց պատրաստի պատասխանները: Բանն այն է, որ ԿԳՆ-ն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով հայտարարել էր մրցույթ, եւ հինգ կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան եւ «Կրթություն` առանց սահմանի» հ/կ-ն, ստացել էին նման իրավունք: Այսինքն` այս հաստատություններում ցանկացողները կարող են վերապատրաստվել` պատկերացնելու համար` որ հարցին` ինչպես պատասխանել: Ոչ մի ինքնագործունեություն, ազատ մեկնաբանություն: Ընդ որում, վերապատրաստվելու համար պետք էր վճարել 90.000 դրամ: Այսինքն` գործում է «կրկնուսույցների» տրամաբանությունը` ավելի թանկ է, բայց արդեն լեգալ: Սակայն հարց է առաջանում` եթե մարդը դիմում է դպրոցի տնօրենի աշխատանքի համար, նա պետք է ունենա այնքան մտավոր կարողություն, որ կարողանա ինքնուրույն փնտրել եւ գտնել այն հարցերի պատասխանները, որոնք առաջարկում են թեստերում: Գուցե խնդիրն այն է, որ հարցերն են այնպիսին, որ ուսերին գլուխ ունեցող մարդը դրանք սովորելու համար ժամանակ չի վատնի:
Ի դեպ, տնօրենները դժգոհել են, թե ինչո՞ւ են քաղծառայողները սովորում 200 հարցերի պատասխանները, իսկ տնօրենները պետք է 800 հարցի պատրաստվեն, բերանացի անեն օրենքներ, երբ ցանկության դեպքում կարող են բացել համապատասխան օրենքն ու ծանոթանալ, ինչպես անում են անգամ դատավորները եւ փաստաբանները:
Սակայն սրանք մանրուքներ են: Կարեւորն այն է, որ ոմանք դեռ կարծում են, թե դպրոցի տնօրեններից է կախված տվյալ դպրոցում կրթության որակը, մթնոլորտը: Այսինքն` անձի գործոնը կարող է որոշիչ լինել: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում են մնացած բոլոր օրենքները, որոնք, ի դեպ, այնքան հաջողությամբ սերտում են ապագա տնօրենները: