Երեկ «168 Ժամի» խմբագրություն էին զանգահարել Երեւանի Թբիլիսյան խճուղու բնակիչներ:
Նրանք պատմում էին, որ Թբիլիսյան խճուղում, Աբովյան քաղաք տանող ճանապարհի աջ կողմում կառուցվող շենքի շինարարության ընթացքին ժամանակ առ ժամանակ հետեւում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Զանգահարողները համոզված էին, որ այդ շենքի հետ Ա. Բաղդասարյանը առնչություն ունի, այլապես ինչո՞ւ պետք է այցելի եւ հետեւի շինարարությանը: Երեկ մենք այցելեցինք Թբիլիսյան խճուղի` պարզելու` ինչ է կառուցվում այդտեղ: Նշյալ հասցեում կառուցվող հսկա շինությունը, պարզվեց, ոչ թե ռեստորանի կամ հյուրանոցի համար է նախատեսված, այլեւ կրոնական մի կազմակերպության` սեկտայի: Սկզբում, բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կառուցվում այդտեղ: Շինարարներից ոմանք մեզ հետ զրույցում նախ ասացին, թե շենքը նախատեսված է հանդիսությունների համար, ապա հակադարձեցին՝ ընդգծելով, թե այն աղանդավորական ինչ-որ շարժման կենտրոնական գրասենյակ է: Ի դեպ, նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետի որոշման, շինարարության թույլատրելիության մասին հիշեցնում էր նաեւ շինհրապարակում տեղադրված ցուցանակը: Ընդ որում՝ ցուցանակի վրա հիշատակվում է, որ շենքը նախատեսված է հանդիսությունների համար: Շինարարների փոխանցմամբ՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության գրասենյակը գտնվում է նույն փողոցից փոքր-ինչ ներքեւ, եւ նորակառույց շենքը լինելու է այդ աղանդին հարող մարդկանց գլխավոր կենտրոնը: Շինարարներն ասացին նաեւ, որ ավելի քան 3 տարի է, ինչ սկսել են հսկա շինարարությունը: Նաեւ ասացին, որ շենքը կառուցվում է «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանի միջոցներով: Այս շենքի շինարարության մասին մանրամասն տեղեկատվություն կա անգամ «Կյանքի խոսքի» կայքէջում, որտեղ տեղադրված են նորակառույց շենքի շինարարության բոլոր փուլերը՝ 2007 թվականից մինչ օրս: «Կառուցենք միասին: 11 ամիսների ընթացքում հանգանակելով 11 դոլար կամ ավելի՝ դու կկառուցես տարածաշրջանի ամենամեծ Աստվածաշնչյան կենտրոնը: Պատվո սյուներ՝ Քո անունը կփորագրվի եկեղեցու սրահի սյուների վրա՝ որպես երախտագիտության ազգերի արթնության գործում մասնակցության եւ որպես հիշատակ ապագա սերունդներին»,- ասվում է «Կյանքի խոսք» կազմակերպության կայքէջում: Ընդ որում՝ «Կյանքի խոսքի» եկեղեցին իր գաղափարախոսական գովազդի, քարոզչության համար, իսկապես, միջոցներ չի խնայում՝ սկսած ֆինանսականից՝ մինչեւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաներ: Նրանց քարոզչությունը իրականացվում է նաեւ հայաստանյան շոու-բիզնեսի որոշ աստղերի միջոցով: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ արդեն եղել են ԶԼՄ-ներում: Նպատակը պարզ է. ավագ սերնդին դժվար է «իրենցով անել», եւ ուրեմն պետք է աշխատեն երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում կարող են օգնել երգիչ-երգչուհիները, հումորիստները` իրենց երկրպագուներին այդ աղանդների մեջ ներքաշելով:
Երեկ մենք փորձեցինք որոշ տեղեկություն ստանալ նաեւ «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝ հասկանալու համար, թե ի՞նչ առնչություն ունի Ա. Բաղդասարյանը կառուցվող, այսպես ասած՝ օբյեկտի հետ: «Ձեր ասածը հումորի ժանրից է, եւ Արթուր Բաղդասարյանն այն պետական, քաղաքական գործիչը չէ, որ ժամանակ ունենա զբաղվի որեւէ շինարարություն այցելելով: Կրկնում եմ՝ Արթուր Բաղդասարյանն այն պետական, քաղաքական գործիչը չէ, որ իր ժամանակը ծախսի նման գործերի վրա: Դա բացահայտ կեղծիք է, սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ Արթուր Բաղդասարյանը երբեւէ այդ փողոցով չի անցնում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Օրինաց Երկիր» կուսակցության մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը: Դժվար չէ գլխի ընկնել` մեր հա՞րցը, թե՞ ՕԵԿ-ի մամլո քարտուղարի պատասխանն էր հումորի ժանրից, մասնավորապես այն, որ Արթուր Բաղդասարյանը երբեւէ այդ փողոցով չի անցնում: Եվ, իսկապես, ԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանն այդքան ժամանակ որտեղի՞ց է գտել իրենց պատկանող Եվրոպական ակադեմիայում կլինիկա բացելու, Աշտարակի Ոսկեվազ գյուղում «Հայասի» գինու-կոնյակի գործարան կառուցելու, Մարտունիում եվրոպական քոլեջ պահելու, բազմահարկ էլիտար բնակելի շենքեր կառուցելու համար: Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս է գրվել Արթուր Բաղդասարյանի ունեցվածքի մասին: Օրինակ, այն, որ մի քանի տարի առաջ նա հասցրեց ավարտին հասցնել Կասկադի վերնամասում գտնվող իր շքեղ առանձնատունը, ավելին, նրա գործերն այնքան լավ էին, որ իր այդ առանձնատան կողքին մի առանձնատուն էլ ԱԽՔ-ն կառուցեց իր եղբոր համար: Այնինչ, այդ ժամանակ` ըստ 2007-ի խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի` Ա. Բաղդասարյանը ոչ մի բիզնես էլ չուներ: Ըստ այդ փաստաթղթի, նա ընդամենը մի տուն ունի Բայրոնի 3 հասցեում, եւ 7 միլիոն 900 հազար դրամ, ինչպես նաեւ` 216 հազար դոլար: Նույն այդ փաստաթղթում Արթուր Բաղդասարյանը նշել էր, թե նույնիսկ մեքենա չունի եւ ապրում է պատգամավորի իր աշխատավարձով, որը կազմում էր տարեկան 3 մլն 414 հազար 140 դրամ, այսինքն` ամսական շուրջ 285 հազար դրամ: Ա. Բաղդասարյանին են պատկանում նաեւ Ջրվեժում գտնվող ռեստորանային մի համալիր, Զաքյան փողոցի վրա գտնվող «Աստորիա» ռեստորան-սաունան, «Կրիստալ» տաքսի ծառայությունը, Աբովյան փողոցի վրա գտնվող ՕԵԿ-ի 8 հարկանի շենքը, ուր գտնվում է նաեւ ՕԵԿ գրասենյակը, եւ այլն: Ա. Բաղդասարյանին է պատկանում նաեւ Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի թիվ 2-24 հասցեում (Գրողների միության հարեւանությամբ, հանրապետական նոտար տանող ճանապարհին) կառուցված բնակելի էլիտար շենքը: Բիզնես հաջողությունները Ա. Բաղդասարյանը հիմնականում գրանցել է ԱԺ նախագահ եղած ժամանակ: Ի դեպ, նա իր բիզնեսները հիմնականում գրանցում է եղբոր անունով. մամուլում նշվել էր, որ նրանց է պատկանում նաեւ Երեւանում տեղակայված համակարգիչների եւ տեխնիկայի մեծ խանութներից մի քանիսը, որոնցում վաճառվում է իրենց կողմից ներկրված տեխնիկան: Տեսնես ինչպե՞ս է այդքան բիզնեսներին հասցնում հետեւել պետական-քաղաքական այդքան լուրջ եւ բազմազբաղ գործիչը:
Վերադառնանք «Կյանքի խոսքին»: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեր թերթին տված հարցազրույցում խոսելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության գործունեության վտանգների մասին՝ ասել էր. «Կրոնական կառույցները սկսել են ներխուժել առողջապահության ոլորտ, որը օգտագործելով՝ հասնում են իրենց նպատակներին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ հիվանդ մարդու հոգեբանության վրա ներազդելը հեշտ է: Կրոնական կազմակերպությունների որդեգրած հայտնի գործելաոճերից է բարեգործական նպատակներով առողջության պահպանմանը նվիրված սեմինարների կազմակերպումը, որի ընթացքում անհատույց տրվում է դեղորայք, բժշկական պարագաներ, բժշկական խորհրդատվություն: Որպես կանոն, այս ամենը նրանք իրականացնում են տարբեր գիտամշակութային, հասարակական կազմակերպությունների անվան տակ: «Կյանքի խոսք» եկեղեցին ՀՀ-ում բացել է հղիների աջակցության կենտրոն` Մկրտումյան ամուսինների գլխավորությամբ: Հարց է առաջանում, արդյոք այդ դեղերն անհրաժե՞շտ են այն մարդկանց, որոնց առաջարկել են, կամ` ո՞վ է ստուգել հումանիտար դեղերի բաղադրությունը: Սրանք հարցեր են, որոնցով զբաղվող պատկան մարմիններ չկան»: