Սպառնում են հացադուլ սկսել

12/03/2011

Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող տասնյակ դատապարտյալներ հայտարարել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, իրենք հաջորդ շաբաթվանից բողոքի ակցիաներ կսկսեն, մասնավորապես` հացադուլ կհայտարարեն: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ ավելի քան 100 դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը: «Մենք ուզում ենք փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու իրավունքից օգտվել, ուզում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվել, եւ ուզում ենք նաեւ կարճաժամկետ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրավունքից օգտվել: Սա է եղել պահանջը»,- հիշեցրել է Հացպանյանը: Նրա խոսքով` դատապարտյալները պահանջներ են հասցեագրել նաեւ եվրոպական կառույցներին. «Մենք պահանջում ենք Եվրոպայի համազեկուցողներից, որպեսզի Հայաստանի արդարադատության համակարգում պարտադրվի օրենքների կիրառումը»: ՀՀ ԱՆ մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանը երեկ հայտարարել է, թե «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալների կողմից նախարարին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են. «Ներկայում նախարարությունում ուսումնասիրվում է նաեւ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցը: Դատապարտյալների կողմից բարձրացված մյուս հարցերի առնչությամբ հարկ է նշել, որ պատժի կրման «բաց տեսակի» հետ կապված հարցերը կարգավորված են Քրեակատարողական օրենսգրքով, եւ այդ կարգավորումներից հստակ երեւում է, որ պատժի կրման այդ տեսակին անցնելու համար գոյություն ունեն հատուկ սահմանված կանոններ: Նույն օրենսգրքով ամրագրված է նաեւ դատապարտյալների կարճատեւ մեկնումների իրավունքը, որը տրամադրվում է բացառիկ հանգամանքներում, օրինակ` հարազատի մահը, սակայն սա եւս ունի առանձնահատկություն, որը կապված է դատապարտյալի գործած հանցավոր արարքի տեսակի, ազատազրկման ընթացքում նրա դրսեւորած վարքագծի հետ: ՔԿՀ-ներում գոյություն ունեցող պայմաններն, ինչից իրավացիորեն դժգոհում են դատապարտյալները, մեծամասամբ պայմանավորված են այդ հիմնարկների գերբեռնվածությամբ, շենքային ոչ բավարար եւ այլ օբյեկտիվ պայմաններով: Ուստի հստակ քայլեր են մշակվում եւ ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»: