Թեկնածուի դիմում-բողոքը չեն էլ քննարկել

29/10/2005

Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբի՝ հոկտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացրած դիմում-բողոքը: Ինչպես մեկնաբանեց 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը՝ ներկայացված-դիմում բողոքը չի համապատասխանել ընդունված կարգին: Իսկ տվյալ դեպքում ՀՀ Ընտրական օրենսգրքի 40 պրիմ մեկ հոդվածի 3-րդ կետը հնարավորություն է տալիս այդ դիմում-բողոքը չքննարկել: «Թեկուզ միայն այն հանգամանքը, որ ԸՕ-ի համաձայն դիմում-բողոք իրավունք ունի ներկայացնել թեկնածուն կամ նրա վստահված անձը: Իսկ տվյալ դեպքում` դիմում-բողոքը ներկայացրել է թեկնածուի շտաբը: Չափորոշիչներ կան, որ պետք է պահպանվեն»,- ասաց պարոն Մինասյանը: Հիմա քաղաքապետի թեկնածու Մ. Սուքիասյանը հնարավորություն ունի եռօրյա ժամկետում ընտրությունների արդյունքները բողոքարկել դատարան, ինչը որ նրանք պատրաստվում են իրականացնել: