Նյու Յորքում ապրող հանրահայտ հնդիկ գրող Սալման Ռուշդին (Salman Rushdie), պատրաստվում է «Showtime» ամերիկյան կաբելային հեռուստաընկերության համար սերիալ գրել։ Այդ նախագիծը կոչվելու է «Հաջորդները»՝ «Next people» եւ ներկայացնելու է այն ռադիկալ փոփոխությունները, որոնք վերջերս տեղի են ունենում ամերիկյան հասարակության խորքերում։ «Հաջորդները» կանդրադառնան քաղաքականությանը, կրոնին, գիտությանը, սեռական հարաբերություններին։ Սալման Ռուշդին ոչ միայն կգլխավորի սցենարական խումբը, այլեւ կհանդիսանա որպես սերիալի պրոդյուսեր։ Ռուշդին, ով ծնվել է Բոմբեյի աղքատ թաղամասում, կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում եւ ասպետի տիտղոսին է արժանացել, համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Կեսգիշերի զավակները» վեպի համար, որը Հնդկաստանի մասին պատմող, այլաբանական ու գեղեցիկ նորագույն էպոս կարելի է համարել։ Այժմ վեպը էկրանավորում է Հնդկաստանում ծնված կանադուհի կինոռեժիսոր Դիպա Մեհտան։ Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, որի գործող անձ էր դարձել մարգարե Մոհամեդը, մեծ իրարանցում առաջացրեց իսլամական աշխարհում։ Գիրքն արգելվեց Հնդկաստանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում եւ մի շարք այլ մուսուլմանական երկրներում։