Հայկական հեռուստաեթերը ողողած սերիալներն` իրենց «դարդ ու ցավով», այնպես են կլանել հեռուստադիտողին, որ իրապես թվում է, թե ժամանակն է հարմար մի ծառ եւ ամուր պարան գտնել` կախվելու համար: Սակայն, երբ այդ ամենի մեջ հանկարծ տեսնում ես հումորով եւ դրական լիցքերով լի մի սերիալ, ակամայից զարմանում ես` տեսածդ համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը: Հատկապես, երբ սերիալի համար ընտրված է մի ոլորտ, որի մասին առանձնապես դրական ոչինչ չես լսել` բանակը: «Շանթ» հեռուստաընկերության եթերով 2009 թվականից ընթանում է «Բանակում» հեռուստասերիալը, որի հումորով լի հերոսներն անչափ սիրվել են տարբեր տարիքային խմբերի պատկանող հանդիսատեսի կողմից: «Բանակում» հեռուստասերիալին հաջողվեց շատերի մոտ փոխել բանակի մասին եղած միայն վատ կարծիքները: «Բանակում» հեռուստասերիալի ստեղծման գաղափարը պատկանում է անձամբ «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանին, ում նպատակն էր՝ ապացուցել, որ հեռուստասերիալը կարող է լուրջ դերակատարում ունենալ: «Սերիալի նկարահանման լրջագույն նպատակներից էր հեռուստադիտողի մոտ Հայոց բանակի հանդեպ բացասական եւ խուսափողական վերաբերմունքի վերացումը, բանակի կարեւորության ընդգծումը, հայրենասիրության գաղափարի խորացումը»,- նշում է «Բանակում» հեռուստասերիալի պրոդյուսեր Հունան Սողոյանը: «Որքանո՞վ է «Բանակում» հեռուստասերիալն արտացոլում Հայոց բանակում տիրող իրականությունը» հարցին Հ. Սողոյանը պատասխանում է. «Չի կարելի ասել, թե իրական բանակն ամբողջությամբ լի է բացասական եւ վատ երեւույթներով: Պարզապես հանրության ականջին հասնում են բացասական երեւույթներ միայն: Ցավոք սրտի, լրատվությունը՝ ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, առաջնահերթություն է տալիս սկանդալային, արտառոց դեպքերին: Եվ պատահական չէ, որ բանակի մասին լավ տեղեկություններ հազվադեպ են հաղորդվում: Երբ քայլում ես փողոցով եւ հանդիպում մարդկանց, ովքեր շատ ջերմ, ժպիտով, ուրախ զրուցում են միմյանց հետ, ապա ուշադրություն չես էլ դարձնում նրանց վրա: Բայց բավական է մեկը մյուսին ապտակի, կամ մի ավտովթար լինի, եւ բոլորի ուշադրությունը շեղվում է այդ կողմ: Պետք չէ պարբերաբար ստացվող վատ տեղեկություններից ենթադրել, թե Հայոց բանակում լավ բաներ չկան: Պարզապես դրանք չեն ներկայացվում լրատվամիջոցների կողմից: Դրա համար կան այլ միջոցներ, օրինակ՝ հեռուստասերիալը, կինոն, գիրքը»:
Որքանո՞վ է «Բանակում» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անդրանիկ Իսահակյանը փորձում պատկերել բանակում տիրող իրական կյանքը: Ունի՞ նա արդյոք նման հնարավորություն: «Ես ներկայացնում եմ թե՛ լավը, թե՛ վատը: Իսկ ապագա զինծառայողը թող ինքն ընտրի, թե ինչպես է ուզում ծառայել: Չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, ըստ որի, բանակում տիրող իրականության մասին միայն վատ լուրեր ենք լսում: Երբ կոշիկը ցավեցնում է ոտքը, մենք չենք ասում. «Ո՜ւխ ինչ լավ ա»: Բանակում դժվարություններ տեսած պատանին չի ասի, որ իրեն հաճելի են եղել այդ դժվարությունները` անքուն գիշերները եւ այլն: Ծառայության պտուղները երեւում են հետագա կյանքում, երբ տղան իր ունեցած մեծ փորձառությամբ կարողանում է հաղթահարել իր առջեւ ծառացած խնդիրները: Ես բանակը ներկայացնում եմ այնպիսին, ինչպիսին կցանկանայի, որ այն լիներ: Ներկայացնում եմ նաեւ բացասականը եւ առաջարկում լուծումներ: Չեմ սիրում նատուրալիզմը, իրականությունը ներկայացնում եմ գեղարվեստորեն: Ես ուզում եմ, որ բոլոր հայ տղաները, որոնք պետք է զորակոչվեն բանակ, պարզ գիտակցեն, թե ինչպես է պետք ծառայել եւ ինչպես չի կարելի»,- նշում է Անդրանիկ Իսահակյանը:
Հարցին, թե ի սկզբանե ինչպիսի՞ տարիքային խմբի համար էր նախատեսված «Բանակում» հեռուստասերիալը, եւ արդյո՞ք սերիալի վարկանիշը պարզելու համար պարբերաբար հարցումներ անցկացվում են, պրոդյուսեր Հ. Սողոյանը պատասխանեց. «Հարցումներ անում ենք զուտ պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն է գործում հեռուստասերիալը հեռուստադիտողի վրա: Վարկանիշների արդյունքներն ամեն օր ստանում ենք մոնիտորինգային հատուկ ընկերություններից: Բարեբախտաբար, «Բանակում» հեռուստասերիալը Հայաստանի մակարդակով ամենաշատ դիտվող սերիալների առաջին եռյակում է: Բացի այդ, հետադարձ կապ ունենք նաեւ հեռուստադիտողի հետ` մեր պաշտոնական կայքէջի միջոցով: Մշտապես ստանում ենք հեռուստադիտողների մեկնաբանությունները, կարծիքներն ու առաջարկները, որոնք, իհարկե, հաշվի ենք առնում: Վերջերս, օրինակ, Հայրենական պատերազմի վետերանների կողմից նամակ-դիտողություն էինք ստացել, որը սիրով հաշվի ենք առնելու»:
Իսկ ի՞նչ է տալիս «Բանակում» հեռուստասերիալը, բացի հետաքրքիր ժամանցից: Կարողացե՞լ է արդյոք այն ծառայել իր հիմնական նպատակին` փոխել բանակի հանդեպ վերաբերմունքը: «Կարծում եմ` այո: Նպատակն այն է, որ պատանին դրական տրամադրությամբ սկսի վերաբերվել բանակին, եւ երբ ժամանակը գա` հենց այդպիսի տրամադրությամբ էլ գնա բանակ: Շատ կարեւոր է, որ բանակ գնացողը հասկանա, թե ինչ է հայրենասիրությունը, եւ խորապես գիտակցի իր առաքելությունը»,- ասաց հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանը: Հեռուստադիտողներից շատերը նշում են, որ «Բանակումը» հետաքրքիր հումորով լի սերիալ է, որի դիտումից հետո կյանքը չի դառնանում, ինչպես «կյանքի մասին» պատմող շատ այլ սերիալներում: Շատերը հերոսների մեջ որոշակի նմանություն են տեսնում ժամանակին իրենց հետ ծառայած ընկերներին: 2009 թվականից նկարահանվել է արդեն 368 սերիա, եւ ինչպես նշում է «Բանակում» սերիալի ստեղծագործական խումբը, այն կնկարահանվի, քանի դեռ հեռուստադիտողի կողմից կա հետաքրքրություն: