Վաճառել է

12/03/2011

Երեկ առավոտյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հայտնել է իր աշխատակիցներին, որ ընկերությունը վաճառվել է «Սբերբանկին»: Ընկերության վաճառքի մասին երեկ հայտնել է նաեւ «Standard Bank» հարավաֆրիկյան բանկը, որին պատկանում է ընկերության 36.4%-ը: Վաճառքի գինը կազմել է 1 մլրդ դոլար: Վճարումները կիրականացվեն մինչեւ 2013 թ. վերջը: Բանկի հաղորդագրության մեջ ասվում է, որ բանկի եւ Ռուբեն Վարդանյանի TDM Limited ընկերության (որին պատկանում է «Տրոյկա Դիալոգի» բաժնետոմսերի 63.6%-ը) միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշվել է ընկերության վերջնական գինը: «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը երեկ հայտարարել է, որ «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը գնահատվել է 872 մլն դոլար: Նա նաեւ հայտնել է, որ «Սբերբանկը» «Տրոյկա Դիալոգի» 100% բաժնեմասն այս տարի ձեռք կբերի 1 մլրդ դոլարով: «Գինը բխում է ոչ թե ենթադրվող, այլ իրական արդյունքից, որը մենք կստանանք առաջիկա 3 տարիների ընթացքում: Այն ոչ թանկ է, ոչ էժան, ճիշտ այնքան է, որքան ձեռք կբերենք»,- ասել է Գրեֆը՝ ավելացնելով, որ առաջիկա երեք տարիների ընթացքում «Տրոյկա Դիալոգի» դրամական հոսքի 50%-ը կգնա «Սբերբանկին», իսկ 2014-ից՝ 100%-ը: Նշենք, որ «Տրոյկա Դիալոգը» համարվում է ռուսական խոշորագույն ներդրումային բանկերից մեկը: