Բուժիչ նամակներ

12/03/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Արտիշոկ ցանովի, արտիշոկ փշոտ, կանգկուր

Cynara scolymus. Հայրենիքը Միջերկրական ծովի ափերն են։ Այդ բանջարային բույսը պատկերված է եղել Հին Եգիպտոսի, Հունաստանի, Հռոմի տաճարների պատերին։ Առաջին գրավոր հիշատակումը արվել է հույն իմաստասեր Թեոֆրաստոսի կողմից մ.թ.ա. 371թ., գրեթե նույն ժամանակաշրջանում Դիոսկորիդիսը օգտագործել է արտիշոկը որպես մարսողությանը նպաստող միջոց։ Հռոմեացի Պլինիուս Ավագը խորհուրդ է տվել բույսն օգտագործել որպես միզամուղ միջոց։ Հնագույն ժամանակներից մեզ է հասել հետեւյալ ավանդազրույցը. «Զեւսը սիրահարվում է երկրային գեղեցկուհի Ցինարին, նա առաջարկում է աղջկան բարձրանալ Օլիմպոս եւ միանալ երկնային անմահ աստվածուհիներին, աղջիկը համաձայնվում է, բայց ժամանակ անց կարոտելով մորը, աղջիկը Զեւսից թաքուն իջնում է երկնքից։ Զեւսը, իմանալով իրողությունը, ցասման պահին վայր է գցում աղջկան Օլիմպոսից։ Ցինարը ընկնելով երկրի վրա՝ դառնում է փշածաղիկ, որի ուտելի տերեւները եւ ծաղկաթափքը մինչ օրս բուժում են մարդկանց»։

Արտիշոկն ունի մոտ 40 ուտելի տեսակներ, որոնցից 4-ը աճում են Իտալիայում, կոչվում են articiocco։ Հայտնի է իսպանական Cardoon տեսակը։ Հնագույն ժամանակներից համարվել է, որ արտիշոկը եւ կարդոնը ուժեղացնում են սիրային զգացմունքը հակառակ սեռի հանդեպ։ Բույսը հայտնի է եղել Հին Հայաստանում։ Ելնելով հայկական կանգկուր (կանգ եւ կերակուր) անվանումից՝ կարելի է ենթադրել, որ մեր նախնիները նույնպես իմացել են բույսի նման հատկության մասին։

Հնում համարվել է նաեւ, որ այս աստվածային ծագում ունեցող բույսը համտեսող կանայք արու զավակ են ծնել։ 17-րդ դարում Ֆրանսիայում այդ բույսը կանանց համար արգելված «պտուղ» է եղել։ Կանգկուրը Ռուսաստան է բերել Պետրոս Մեծը։ Նրա բերած Բրետոն եւ Պրովանսալ տեսակները՝ որպես դեկորատիվ եւ դեղատու բույս, աճեցվել են արքայական ամառային այգում եւ ռուս ազնվականների բանջարանոցներում։ Այժմ կանգկուրը տարածված է Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Կալիֆոռնիայի Կաստրովիլլ քաղաքում ամենամյա տոն է անցկացվում, որի ժամանակ կանգկուրի թագուհի է ընտրվում։ Մրցանակաբաշխություններից մեկում հաղթող է ճանաչվել Մերիլին Մոնրոն, որը մեծապես նպաստել է կանգկուրի մասսայականացմանը։ Խորհրդային Միությունում կանգկուրը մշակվել է Այսրկովկասի հանրապետություններում։

Կանգկուրը բազմամյա բանջարային բույս է։ Արտաքին տեսքով շատ նման է տատասկափուշին, բայց ավելի խոշոր է՝ կապույտ, կանաչ, մանուշակագույն երանգների ծաղկաթափքերով։ Ամռան սկզբում վարդակից աճում է մինչեւ 1,5 մ բարձրության ցողուն, որի գագաթին առաջանում են գնդաձեւ, կոնաձեւ կամ հարթ կլորավուն ծաղկաթափքեր՝ 12-20 սմ տրամագծով, որոնց հիմքը հաստանում է թեփուկներով։

Զամբյուղների ներսում դեղնավուն կապույտ մուգ ծաղիկներ են, որոնք նստած են մսալի, հատակային ծաղկակալում։ Սննդի մեջ օգտագործվում են չբացված ծաղկաթափքերը՝ մաքրելով թեփուկների եզրերը եւ հեռացնելով ծաղիկները։ Հում վիճակում համը հիշեցնում է չհասունացած ընկույզի եւ համարվում է նրբահամ կերակուր։ Ծաղկած կանգկուրը կոշտ է եւ ոչ ուտելի։ Պտուղը եւ տերեւները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։ Տերեւները պարունակում են ֆլավոնոիդներ, սրճաթթվի մաս կազմող ցինարին, գլիցերինի թթու, ինուլին, սպիտակուցներ (3,3%), ածխաջրեր (10,5%), շաքար (1%), ճարպեր (0,15%), ոչ մեծ քանակությամբ B1, B2, E վիտամիններ, ենթավիտամին A, ասկորբինաթթու, ֆերմենտներ։

Ծաղկակալը հարուստ է նաեւ կալիումով (370 մգ՝ 100 գրամի մեջ), պարունակում է ֆոսֆոր (90 մգ), մագնիում (60 մգ), կալցիում (45 մգ), նատրիում (95 մգ), ցինկ (0,5 մգ), երկաթ (1,3 մգ), վիտամիններ՝ նիացին (1,15 մգ), ֆիլոխինոն (15 մգ)։ Կանգկուրի բուժիչ հատկությունները բնորոշվում են նրանում պարունակվող նյութերի համատեղ գործունեությամբ։ Կալցիումի հարաբերակցությունը ֆոսֆորի, կալիումի եւ մագնիումի հետ նպաստում է կալցիումի յուրացմանը։ Այն չի կուտակվում բջիջների ներսում։

Ֆիլոխինոնը (վիտամին K) նպաստում է մանուկների օրգանիզմի աճին եւ զարգացմանը, ամրացնում է ոսկորները, դադարեցնում արյունահոսությունը, կարգավորում արյան մակարդելիությունը։ Լեղաքարային հիվանդության եւ հեպատիտների ժամանակ նկատվում է ֆիլոխինոնի հիպովիտամինոզ։ Վիտամին K-ի պակասություն է նկատվում աղիքային հիվանդությունների եւ դիսբակտերիոզի դեպքում։

Կանգկուրը պարունակում է 15 մգ ֆիլոխինոն, որը բավարարում է մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջը։ Կանգկուրը խորհուրդ է տրվում օգտագործել դիետիկ սննդի մեջ՝ սիրտ-անոթային, լեղաքարային, երիկամների եւ շաքարային դիաբետ հիվանդությունների բուժման ընթացքում։ Կանգկուրը հատկապես օգտակար է տարեց մարդկանց եւ երեխաներին։ Որպես դիետիկ սննդի բաղադրիչ մաս՝ հիմնականում օգտագործվում է կանգկուրի հյութը։ Կանգկուրը գերադասելի է ուտել տոնական կերուխումից առաջ։ Այն հակացուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության եւ հիպերտոնիայի դեպքում։

Կանգկուրի հյութը

– Կանգկուրի 50 մլ հյութը խմեք 1 աղանդերային գդալ մեղրի հետ, սնունդ ընդունելուց առաջ։ Հեպատիտների բուժման ժամանակ խմեք օրը 3 անգամ, մեկ ամիս, մաքրում է լյարդը։ Փորկապության եւ այտուցի դեպքում բուժումն ավելի կարճատեւ է։

– Թութքի դեպքում կանգկուրի հյութը խմեք օրը 2 անգամ եւ ընթացքում մառոլ կերեք։ Հաջորդաբար, սնունդ ընդունելուց 2 ժամ հետո եւ 2 ժամ առաջ։

– Չհասունացած կանգկուրի հյութը ներմերսեք գլխի մազարմատներին։ Նպաստում է մազերի աճին։

Վիտամինային աղցան

Խորանարդիկներով կտրատեք 2 կարտոֆիլը, ավելացրեք 4 մանր, օղակաձեւ կտրատած գազար, 4 մասի կիսած 3-4 սոխ, 1 տուփ մարինադ (200 մլ) կանգկուր։ Այդ փշածաղիկները վերածեք փոքր կտորների։ Բանջարեղենները լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք այնքան ջուր, որ մթերքը ծածկի։ Խաշեք մարմանդ կրակի վրա։ Վերջում ավելացրեք մեկ տուփ (200 մլ) մարինադ կանաչ ոլոռ եւ հանեք ջրից ողջ պարունակությունը։ Հովանալուց հետո տեղադրեք աղցանամանի մեջ, ըստ ճաշակի համեմեք եւ զարդարեք կանաչեղենով։