Ֆուտբոլ
Չեմպիոնների լիգա
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն անցկացրին Լիգայի առաջին 4 զույգերը, եւ, թերեւս, փաստենք, որ անակնկալներ, այնուամենայնիվ, եղան: Այն, որ «Բարսելոնան», թեկուզ դժվարությամբ, դուրս կգա հաջորդ փուլ, կարծես թե չէր վիճարկվում: Սակայն դաշտում կատարվածը գրեթե անհավատալի էր: Անգլիական «Արսենալը», որ առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթանակ էր տարել, գրեթե ողջ խաղն անցկացրեց սեփական կիսադաշտում եւ 90 րոպեի ընթացքում հակառակորդի դարպասին չկատարեց գոչ մի հարված: Խաղում ինտրիգը պահպանելու համար կատալոնացիները ստիպված նաեւ սեփական դարպասը գրավեցին: Կատակ է, իհարկե, բայց եթե առիթ ներկայանա խաղը նորից դիտել, ուշադրություն դարձրեք դրա ընթացքին եւ վիճակագրությանը, գնդակի տիրապետում` 70 տոկոս 30-ի դիմաց՝ ի օգուտ «Բարսելոնայի», հարվածներ դարպասին՝ 19։0, կրկին ոչ «Արսենալի» օգտին: Մնացած թվաբանությունը թվարկել, թերեւս, անիմաստ է: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, քան 3:1-ը, սակայն կատալոնացիները հարմար գտան չստորացնել Արսեն Վենգերի` անշուշտ հեռանկարային թիմին: Մրցաշրջանում «Արսենալի» թողած լավ տպավորությունն այս միակ խաղով աղավաղվեց: Հատկապես լոնդոնցիների մարզչի` խաղից հետո արած հայտարարությունների ֆոնին, երբ Վենգերը փնտրեց ու գտավ մեղավորներ ամենուր, բացի իրենից ու իր թիմից: Ափսոս:
Մյուս զույգերից առավել հետաքրքիրը «Շախտյոր»-«Ռոմա» հանդիպումն էր, որում «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում: Միանգամից նկատենք. սա «Շախտյորի» կազմում նրա լավագույն ելույթը չէր, սակայն դա չխանգարեց Մխիթարյանի թիմին՝ հաղթել իտալական գրանդին խայտառակ հաշվով: Երկու խաղի արդյունքը` 6:2, «Ռոմայի» պես հեղինակավոր ակումբի համար միայն նվաստացուցիչ կարող է դիտվել: Քառորդ եզրափակչում «Շախտյորի» մրցակիցը հայտնի կդառնա մարտի 14-ին կայանալիք վիճակահանության ժամանակ, մեզ մնում է սպասել Հենրիխի առաջին գոլին ՉԼ-ում, որի արժեքը գնալով բարձրանում է:
«Տոտենհեմ»-«Միլան» զույգում ի սկզբանե բարձր էին գնահատվում իտալական թիմի շանսերը: Միլանցիները ոչ միայն Չեմպիոնների գավաթի 6-ակի հաղթող են, այլեւ` Իտալիայի առաջնության անվերապահ առաջատարը: Դա, սակայն, չխանգարեց անգլիական թիմին սեփական պատմության նոր էջը գրել. «Տոտենհեմն» առաջին անգամ է հայտնվում ՉԼ քառորդ եզրափակիչում եւ արդեն իսկ ռեկորդ է սահմանել:
Եթե «Շախտյորն» ու «Տոտենհեմը» Լիգայի այս փուլում նորեկներ են, ապա գերմանական «Շալկեն» կարող է հպարտանալ, որ իր պատմության մեջ ամբողջ երկու անգամ է դուրս եկել Լիգայի 1/4 եզրափակիչ: Գերմանացիները դժվարին խաղում կարողացան կոտրել իսպանական «Վալենսիայի» դիմադրությունը: Եվ ուշագրավ պատկեր է ուրվագծվում. Եվրոպայի ուժեղագույն ակումբների ութնյակում տեղ չի գտնվել «Միլանի», «Արսենալի», «Ռոմայի» նման հեղինակավոր թիմերի համար, նրանց ճակատագրին կարող են արժանանալ «Ինտերը», «Ռեալը» եւ նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք իրենց խնդիրների լուծմանը ձեռնամուխ կլինեն մարտի 15-ին եւ 16-ին:
մարտի 15
«Բավարիա» (Գերմանիա)-«Ինտեր» (Իտալիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)-«Մարսել» (Ֆրանսիա)
մարտի 16
«Ռեալ» (Իսպանիա)-«Լիոն» (Ֆրանսիա)
«Չելսի» (Անգլիա)-«Կոպենհագեն» (Դանիա)
Խաղերի սկիզբը` 23:45 Երեւանի ժամանակով:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
Եվրոպական այս մրցաշարում մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում են այն թիմերի ելույթները, որոնցում Ռուսաստանի հավաքականի խաղացողներ կան: Մոսկովյան ԲԿՄԱ-ն, ում պաշտպանությունն ու դարպասապահը գրեթե ողջ կազմով խաղում են նաեւ հավաքականում, սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց պորտուգալիայի չեմպիոն «Պորտուին»: Միանգամից նշենք, ԲԿՄԱ-ն պաշտպանությունում չփայլեց, պորտուգալացիներն օգտվեցին նրանց դանդաղկոտությունից եւ արժանի հաղթանակ տարան: Բանակայինների կազմում խաղացին նաեւ վերջերս հավաքականի հրավեր ստացած Ալան Ձագոեւը եւ Պավել Մամաեւը, ովքեր բավական ակտիվ էին:
Առավել զարմանալին այս փուլում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» խոշոր պարտությունն էր հոլանդական համեստ «Թվենտեից»: Խաղի ողջ ընթացքում «Զենիթը» նկատելի առավելություն ուներ, եւ, որպես ավելի բարձրակարգ թիմ՝ առնվազն չպետք է պարտվեր: Բայց 0:3 հաշիվը պատասխան խաղում նրանց միայն տեսական հնարավորություն է թողնում հաջորդ փուլ անցնելու: Հոլանդացիները պարզապես պատժեցին Ռուսաստանի չեմպիոնին քամահրական պահվածքի համար: Ազգային հավաքականի խաղացողներ Անյուկովը, Զիրյանովը, Դենիսովը եւ Շիրոկովը, եթե նույնիսկ աչքի ընկան, միայն նրանով, որ խաղի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան որեւէ արդյունավետ գործողություն ավարտուն տեսքի հասցնել: Այդ խաղում նրանց հիմնական հատկանիշը մարզական փնթիությունն էր, ինչն էլ չներվեց մրցակցի կողմից:
Մոսկովյան «Սպարտակի» մրցամարտը հեղինակավոր հոլանդական «Այաքսի» հետ շատ ավելի դիտարժան ու լարված ստացվեց, եւ ի վերջո, ավարտվեց ռուսական թիմի` նվազագույն հաղթանակով: Սակայն այստեղ մեզ հետաքրքրող քիչ բան կա, «Սպարտակում» Ռուսաստանի հավաքականի խաղացողներ կամ թեկնածուներ չկան: