Ուրբաթ օրն ԱԺ աշխատանքային նիստի ընթացքում Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե հնարավոր է ավանդների փոխհատուցման համար բյուջեով նախատեսված 1 մլրդ դրամն ավելանա. «ԱրմենՏելին», բանին կտուգանեն, էդ գումարը կտան ավանդատուներին»,- հիմնավորեց Ռ. Պետրոսյանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք` ՀՀ կառավարությունը պատրաստվո՞ւմ է արդյոք տուգանել «ԱրմենՏելին» եւ մյուս ընկերություններին ու այդ գումարն ուղղել ավանդների փոխհատուցմանը: «Նախ, նման մոտեցումն ընդունելի չէ: Բացի այդ, եթե բյուջեում ինչ-որ գումար նախատեսվեր, այն կլիներ նաեւ եկամտային մասում: Այնպես որ` ապավինել «ԱրմենՏելի» կամ մյուս սեփականատերերի տուգանքներին, կարծում եմ, լուրջ չէ: Իսկ ինչ վերաբերում է «ԱրմենՏելին» կամ մյուս տուգանքներին, ապա դա պետական քաղաքականություն է, եւ բացարձակապես այլ նպատակ ունի,- ասաց Դ. Հարությունյանը` ավելացնելով,- եթե սուբյեկտն իրավախախտ լինի, ապա օրենքով սահմանված կարգով կպատժվի, եթե ոչ` ապա ոչ: Որպես կանոն, բյուջեի եկամտային մասում կանխագուշակվում են, թե որքան է կազմում նման գումարների միջին չափը, բայց երբեք դա չի իջեցվում որպես պատժողական պլան»: