«ԵԽ ոչ միայն համազեկուցողներն են Հայաստանի մասին զեկույց կազմում, այլ անձինք էլ կան: ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ Ադրբեջանի համար նշանակել է հատուկ զեկուցող, ով պետք է զբաղվի այդ երկրի քաղաքական հայացքներով դատապարտված մարդկանց հարցերով: Եվ չի բացառվում, որ հերթը ՀՀ-ին է հասնելու»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով մարտի 15-ին ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ի հարցով համազեկուցողների այցին: Նա նաեւ գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները, եւ համազեկուցողներն այդ մասին արձանագրելու են իրենց զեկույցում: Մինչդեռ պատվիրակության կազմում ՕԵԿ անդամ Արծրունի Աղաջանյանը կարծում է, որ համազեկուցողների այս այցը կրելու է զուտ ճանաչողական բնույթ, քանի որ նրանցից Ակսել Ֆիշերը նոր է նշանակվել. «Կարծում եմ` այս անգամ էլ ՀՀ-ի մասին բանաձեւ չի ընդունվելու: ՀՀ-ի մասին այնքան բանաձեւեր են ընդունվել, որ ինձ թվում է, թե առնվազն մի կես դար բավական է»: