Խորապես մտահոգված են

10/03/2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը) խորապես մտահոգված են մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ: «Նման անիմաստ գործողությունները, եթե դրանք հաստատվեն, կհակասեն ուժի կիրառումից զերծ մնալու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու` կողմերի հանձնառությանը»,- ասված է երեկ Վիլնյուսում տարածված հայտարարության մեջ: Համանախագահները խնդրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջել Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել բոլոր կողմերի մասնակցությամբ` ինչպես համաձայնեցվել է մարտի 5-ին Սոչիում նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած համատեղ հայտարարությունում. «Համանախագահները գալիք շաբաթ կմեկնեն տարածաշրջան` կոչ անելու կողմերին լիարժեքորեն համագործակցել անցկացվելիք հետաքննությանը»: Համանախագահները նաեւ «խստորեն դատապարտում են ցանկացած մարդկային կյանքի կորուստ», եւ հորդորում են կողմերին՝ «լինել զուսպ, հարգել 1994թ. հրադադարը եւ կատարել 2010-ի հոկտեմբերին ու այս ամիս ավելի վաղ Սոչիում ստանձնած պարտավորությունները»: