Հատկապես վերջին տարիներին հաճախ են գնահատականներ հնչում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները սերտաճել են իշխանական, օլիգարխիկ համակարգին: Երբեմն չափազանցված թվացող այդ գնահատականները ապացուցվում են կյանքում: Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է եւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը, եւ արքեպիսկոպոս Կճոյանը: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում վերջինիս տված պատասխանները առանձնապես չեն տարբերվել հայաստանյան միջին վիճակագրական օլիգարխի պատասխաններից: Մասնավորապես, ի պատասխան հարցին` արդյոք այդ նվերը հանձնվելո՞ւ է եկեղեցուն, սույն հոգեւորականը պատասխանել է. «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՞նչ գործն ա՝ իմ անձնական կյանքի մեջ ես մտնում»: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի մասին է, ով, ի դեպ, համարվում է իշխանական վերնախավի, մասնավորապես` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավորագույն հոգեւորականը: Նշենք, որ «Bentley» մակնիշի այն մոդելի գինը, որը, մեր տեղեկություններով՝ նվիրել են Կճոյանին, տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում: Դժվար չէ ենթադրել, որ այն չի նվիրաբերվելու եկեղեցուն, հակառակ դեպքում այդ մասին կասեր ինքը` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընդ որում, եւ նա, եւ այս դասի մնացած հոգեւորականները աչքի են ընկնում հատկապես Սփյուռքից Աստծո ողորմած կամքով «հայրենանվեր շենացումի համար հանգանակներ բերելու» գործում. տարվա մեջ առնվազն մի քանի անգամ մասնակցում են բարեգործական միջոցառում-ճաշկերույթների` աշխարհասփյուռ հայ մեծահարուստներից` բարեպաշտ զավակների հավատքով ու սիրով նվիրատվություններ ապահովելով Հայ Առաքելական եկեղեցու, եկեղեցաշինության համար: Եվ այսքանից հետո ոմանք զարմանում են, թե ինչու է, ասենք, ամերիկահայ Քըրք Քըրքորյանը դադարեցրել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորումը: Եվ այսքանից հետո ոմանք զարմանում են, թե ինչու են Հայաստանում աղանդներն այսչափ մեծ տարածում գտնում: