«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունը կարելի է հաջող համարել Երեւանի համար, սակայն «պետք չէ այն գերագնահատել», քանի որ դրա գոյությունը նշանակում է, որ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել: Նրա դիտարկմամբ` 2008թ. Մայնդորֆյան հռչակագրից հետո Սոչիի հայտարարությունը այդ կարգի առաջին փաստաթուղթն էր: «Այն, որ Բաքվից հաջողվել է հասնել խաղաղ գործընթացը շարունակելու վերաբերյալ հայտարարության, արդեն ինչ-որ հաջողություն է: Սակայն չպետք է գերագնահատել այն, քանի որ այդօրինակ հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, սակայն դա չի նշանակում, որ դրանք կատարվել են: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի նախագահը վաղը կամ մեկ ամիս անց կրկին հանդես գա ռազմատենչ հայտարարություններով»,- ասել է քաղաքագետը: Ա. Իսկանդարյանի կարծիքով` նկատվում է Ադրբեջանի նկատմամբ միասնական ճնշում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների կողմից` ի դեմս ՌԴ-ի: Ըստ նրա` ընդունված համատեղ հայտարարությունը Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի նկատմամբ համանախագահների կոնսոլիդացված ճնշման եւ նրան «քարտ բլանշ» ցույց տալու արդյունք էր: Հարցին, թե անիմաստ չէ՞ Մինսկի խմբի գործունեությունը` հաշվի առնելով այն, որ գործընթացը լուրջ արդյունքներ չի արձանագրում, Ա. Իսկանդարյանը պատասխանել է. «Բանակցային գործընթացի արդյունքը հենց բանակցային գործընթացն է: Մինսկի խմբի կողմից սպասել, որ նա կլուծի հակամարտությունը կողմերի փոխարեն, իրատեսական չէ»: Նրա համոզմամբ, Մինսկի խումբը երկու խնդիր ունի` ապահովել հակամարտող կողմերի շփումն ու «միջազգայնացնել կոնֆլիկտը», ինչն էլ, ըստ նրա` Մինսկի խումբը կարողանում է լավ կատարել: Ինչ վերաբերում է մոտ ապագայում ԼՂ հակամարտության լուծման հնարավորությանը, ապա Ա. Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում այսօր առկա տրամաբանության պայմաններում խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Նրա խոսքով` ԼՂ խնդրի լուծումը կախված է ՀՀ-ից, Ադրբեջանից եւ ԼՂ-ից, որոնց միջեւ այժմ որեւէ համաձայնություն չկա, եւ առաջարկվող լուծումները որեւէ կողմի համար ընդունելի չեն: