«The Economist» պարբերականը նախօրեին իր հրապարակումներից մեկում` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, թե ԼՂ հակամարտությունը, որ երբեմն ներկայացվում է՝ որպես «սառեցված», տաքանում է: «Գտնվո՞ւմ են արդյոք Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի վերսկսման շեմին: Առաջին հայացքից` ոչ: Շաբաթ երկու երկրների նախագահները ռուսական հարավային առողջարանում հանդիպեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով հանդես է գալիս արդար միջնորդի կարգավիճակում: Նրանք մի քանի հաճելի հայտարարություններ են արել: Երկու կողմերն էլ համաձայն են կարգավորել իրենց տարաձայնությունները խաղաղ եղանակով: Նրանք նաեւ պայմանավորվել են հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները: Նման միջոցառումները կարող են վերականգնել որոշակի վստահություն: Ղարաբաղյան հակամարտությունը, որ երբեմն ներկայացվում է՝ որպես «սառեցված», տաքանում է: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը նկատում է, որ նախորդ տարի հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն աճել են 53 տոկոսով: Բախումների արդյունքում զոհվել է առնվազն 25 զինվոր: Սոչիի հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղեկություններ տարածվեցին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինվորի մահվան մասին: 1994թ. հետո ընդհանուր առմամբ զոհվել է 3000 մարդ: Երկու երկրներն էլ ակտիվացրել են ռազմատենչ հռետորաբանությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2010թ. 9 առանձին ելույթ է ունեցել, եւ որեւէ նախանշան չկա, որ այս տարի նվազեցնելու է հռետորաբանությունը: Նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանն ընդգծել է ցանկացած հարձակում հետ մղելու իր երկրի պատրաստակամությունը: Երկու առաջնորդներն էլ իրենց խոսքերն ամրապնդում են գործով: Նավթով հարուստ Ադրբեջանում տարեկան միջինը 50 տոկոսով աճում են պաշտպանական ծախսերը, իսկ այս տարի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանի ողջ բյուջեն: Հայաստանն էլ իր բանակն ամրապնդում է Ռուսաստանի օգնությամբ»,- գրում է «The Economist»-ը: