«Ստուգարքների» ժամանակն ավարտվել է

10/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 15-ին Երեւան են ժամանելու ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Նրանք գալիս են տեղեկանալու, թե ինչ ընթացքի մեջ է Հայաստանի ստանձնած պարտականությունների, մասնավորապես` ԵԽ ԽՎ վերջին` 1677 բանաձեւի կատարումը:

Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի մասին իր այդ վերջին բանաձեւն ընդունել է 2009թ. ամառային նստաշրջանի ժամանակ: ԵԽ ԽՎ-ն իր բանաձեւում մտահոգություն էր հայտնել, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ովքեր են սպանել 2008թ. մարտի 1-ի 10 զոհերին, որ դեռ հանրահավաքներ անցկացնելու մասին դիմումները իշխանության կողմից հաճախ մերժվում են կամ ոչ պատշաճ սահմանափակում է կիրառվում դրանց նկատմամբ: Վեհաժողովը շեշտել է, թե թվային հեռարձակման ներդրման հետ կապված տեխնիկական խնդիրները չպետք է դառնան «Ա1+» հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի իրագործումը հետաձգելու պատճառ: Այս բանաձեւում Վեհաժողովը կարեւորել էր նաեւ ընտրական եւ Ոստիկանության համակարգերում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Այս բոլոր խնդիրները ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա են դարձել Եվրախորհրդում, եւ ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանությունները դրանց կատարման մասին ինչ-որ հայտարարություններ կամ միջոցառումներ են կատարել: Սակայն ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջներից եւ ոչ մեկը մինչեւ հիմա լիարժեք կատարված չէ: Ազատված չեն նաեւ մարտի 1-ի գործով 8 քաղբանտարկյալներ: Այս տարիների ընթացքում համազեկուցողների այցերից կամ ԵԽ ԽՎ նստաշրջանից օրեր առաջ իշխանությունները մեկ-երկու քաղբանտարկյալի ազատել են, սակայն այս անգամ իշխանությունների մոտ կարծես դեռ նման ցանկություն չի դրսեւորվել: Ավելին, քաղբանտարկյալներից Արամ Բարեղամյանի պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետը լրացել է փետրվարի 9-ին, Շմավոն Գալստյանինը` փետրվարի 2-ին, սակայն նրանց շարունակում են պահել կալանավայրերում, իսկ Ռոման Մնացականյանի ժամկետը լրացել էր` դեռեւս 2009թ. դեկտեմբերին:

Ամեն դեպքում երեկ փորձեցինք ՀՀ քաղաքական գործիչներից, հատկապես ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից ճշտել, թե Եվրախորհրդի բանաձեւի պահանջների կատարման առումով ինչ են ներկայացնելու համազեկուցողներին: Արդյո՞ք նրանց կարծիքով՝ այդ պահանջները կատարվել են, չէ՞ որ վերջին բանաձեւից հետո անցել է մոտ 2 տարի: Համազեկուցողներն, անշուշտ, այստեղ հանդիպելու են պատվիրակության անդամների հետ, սակայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Հերմինե Նաղդալյանն այս օրերին Հայաստանում չեն: Հայաստանի պարտականությունների կատարման ընթացքը ներկայացնելու ծանրությունը հիմնականում ընկնում է Դ.Հարությունյանի վրա, հիմնականում նրա վրա է դրված եվրոպական այդ կառույցից մեղմ ձեւակերպումներ կորզելու պարտականությունը: Պատվիրակության կազմում «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջներն «ընդհանուր առմամբ կատարվել են»: «Ինչ խոսք, կան նաեւ որոշակի կետեր, օրենսդրական, դատաիրավական համակարգում բարեփոխումներ եւ նման մի քանի հարցեր, որ ընթացքի մեջ են: Քննարկման ժամանակ այդ հարցերը կշոշափվեն, այնպես որ, աշխատանք տարվում է: Մենք էլ գիտենք, որ կան որոշակի կետեր, որոնք չեն կատարվել, եւ այսօր մտահոգում են հասարակությանը: Ոստիկանության համակարգում լուրջ բարեփոխումներ են նախատեսվում, համապատասխան ծրագիր կա կազմված: Այդ հարցը նաեւ Անվտանգության խորհրդում է քննարկվել, նախագահի վերահսկողության տակ իրականացվում է: Ընտրական նոր օրենսգիրքն էլ քննարկման փուլում է: Ինձ թվում է, որ համազեկուցողները պիտի գոհ լինեն կատարված աշխատանքից»,- ասում է Ա.Աղաջանյանը:

Ճիշտ հակառակ կարծիքին է պատվիրակության կազմում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով՝ ԵԽ ԽՎ բանաձեւի գրեթե բոլոր պահանջներն անտեսվել են ՀՀ իշխանությունների կողմից: Պատգամավորը համոզված է, որ համազեկուցողներն այդ հարցերին անդրադարձ կկատարեն Հայաստան այցից հետո իրենց կողմից Վեհաժողովին ներկայացվելիք զեկույցում: Զ.Փոստանջյանը նաեւ կարծում է, որ համազեկուցողների զեկույցից բացի՝ ապրիլի վերջին տեղի ունենալիք ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի մասին կընդունվի հերթական բանաձեւը, քանի որ բավական երկար ժամանակ է, մոտ 2 տարի, ինչ նախորդ բանաձեւերի պահանջների կատարման ընթացքի մասին փաստաթուղթ չի ընդունվել: Իսկ մեր երկիրը 2008թ. նախընտրական եւ հետընտրական իրադարձությունների պատճառով գտնվում է մոնիտորինգի ռեժիմում: Զ.Փոստանջյանը նաեւ գտնում է, որ ՀՀ իշխանությունները վերը նշված ոլորտներում իրական բարեփոխումներ չեն իրականացրել: «Ինչքան էլ ուզեն բարեփոխել Ոստիկանությանը վերաբերող օրենսդրությունը, ոլորտը մնացել է նույնը: Դրա վառ ապացույցը մարտի 3-ին ոստիկանների կողմից գործադրած բիրտ ուժն է եւ այն, որ մարդկանց թույլ չտվեցին Կառավարության շենքի մոտ իրացնել իրենց սահմանադրական իրավունքը: Դրա վառ ապացույցն է այն, որ եթերազրկվեց ԱԼՄ-ն, ու թեեւ կար ՄԻ եվրոպական դատարանի որոշումը, «Ա1+» հեռուստաընկերությունն այդպես էլ եթեր հեռարձակվելու հնարավորություն չունեցավ: Եվ դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն անցկացվում են միայն ու միայն իշխանությունների օրակարգով: Դա կապ չունի մեր հասարակության շահերի հետ եւ բացարձակ կապ չունի մեր հասարակության ակնկալիքների հետ: Իշխանությունն ինքն իր համար նախաձեռնում է բարեփոխումներ, ինքն իր համար գրում է օրենքներ, եւ այդ օրենքները բացարձակ որեւէ կերպ չեն կարող դրական արդյունք արձանագրել»,- ասում է պատգամավորը:

Ի տարբերություն Ա.Աղաջանյանի՝ Զ.Փոստանջյանը չի կարծում, որ այս անգամ նույնպես ՀՀ իշխանություններին կհաջողվի համոզել համազեկուցողներին կամ ԵԽ ներկայացուցիչներին: «Պետք է անդրադարձ կատարվի գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնյային, նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, որ այս անգամ այլեւս ինքը ստուգարքներ չի կարող ակնկալել մոնիտորինգ իրականացնող կառույցներից»,- ասում է Զ.Փոստանջյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկը փոխվել է, եւ այս անգամ Ջ.Պրեսկոտի հետ միասին Երեւան է գալու Ակսել Ֆիշերը: Իսկ երեկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ճանաչողական մի նամակ է գրել նոր համազեկուցողին: Իրավապաշտպանը շարադրել է, որ 2008թ. նախագահական ընտրությունները բացահայտ կեղծվեցին, եւ այդ պատճառով 10 օր շարունակ բազմահազարանոց բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Որ մարտի 1-ին ՀՀ իշխանությունները վճռեցին զենքի ուժով ցրել ցուցարարներին: Արդյունքում՝ 10 հոգի զոհվեցին, ավելի քան 200 հոգի վիրավորվեցին: Իրավապաշտպանը նոր համազեկուցողի ուշադրությունն է հրավիրում մարտի 1-ի գործով անարդար դատավարությունների, մինչեւ հիմա իրենց քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող գործիչների վրա եւ հույս հայտնում, թե նա, իր մանդատին հավատարիմ, իրենից կախված ամեն ինչ կանի, որ մեր երկրում հնարավորինս շուտ վերջ դրվի քաղաքական հետապնդումներին եւ, որ շուտափույթ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները: «Մենք համոզված ենք, որ այս 3 տարիների ընթացքում, ԵԽ ԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: ԵԽ յուրաքանչյուր ներկայացուցչի կամ համազեկուցողների յուրաքանչյուր այցելության մեր երկիր՝ մարդիկ սպասել են մեծ հույսերով, սակայն, այդ հույսերը չեն արդարացվել: ՀՀ իշխանությունների վրա քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելու հարցում վճռական ճնշումներ չեն գործադրվել: Չգիտես ինչու, ՀՀ իշխանություններին միշտ էլ խուսանավելու տեղ է թողնվել: Արդյունքում՝ քաղբանտարկյալները շարունակել են մնալ բանտերում, իսկ երկրում շարունակվել են քաղաքական հետապնդումները: Վերջերս խոսվում է, որ համազեկուցողներն ու ԵԽ այլ ներկայացուցիչներ քաղաքական նկատառումներով դատապարտված բոլոր մարդկանց անհապաղ ազատ արձակելու աներկբա պահանջով հանդես գալու փոխարեն՝ համաձայնություն են ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ, որ անմեղ ու անօրինական դատապարտված քաղբանտարկյալները պետք է բանտերում մնան այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց անօրինական դատապարտած իշխանությունը օրինական կերպով ազատ արձակելու հիմքեր կունենա: Սա արդեն սակարկություն է հիշեցնում»,- նամակում գրում է Վ.Հարությունյանը:

Վերջում իրավապաշտպանը հույս է հայտնում, թե համազեկուցողը հավատարիմ է մնալու ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերի ոգուն եւ իր մանդատին: «Ցանկանում ենք հավատալ, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որպեսզի արդեն երեք տարի հայաստանյան բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն»,- եզրափակում է Վ.Հարությունյանը: